Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՕՂԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՕՂԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

507
Տարածել

Փրկարարական գործում՝ ամենալավը

Քաջիկ Բաբայանը Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հին ծառայողներից է: Փ/ծ ավագը շատերի համար փորձառու ու կայացած փրկարարի լավագույն օրինակ է: Փրկարարական ծառայությունում աշխատանքի է անցել դեռևս 1998-ից, երբ 18 տարին նոր էր լրացել, բանակում ծառայելուց հետո կրկին վերադարձել է իր գործին: Այժմ Եղեգնաձորի ՀՓՋ-ի երրորդ հերթափոխի առաջին օղակի օղակի հրամանատարն է: Հրդեհի, ավտովթարի կամ այլ բարդ դեպքերի ժամանակ դասակի տղաները հենվում են նրա վրա՝ վստահ լինելով, որ հրամանատարը ցանկացած  իրավիճակից դուրս գալու իր հմտությունն ունի: Եղեգնաձորի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Սուրեն Հարությունյանը հպարտանում է իր ջոկատի անդամներով, բայց փորձառու փրկարարի կարևոր դերակատարման մասին չընդգծել չէր կարող.

«Երբ դեպքի վայրում  նա է աշխատում, ես ավելի հանգիստ եմ, քանի որ իր անելիքը լավ գիտի: Նա «Արձագանք» ծրագրով վերապատրաստվելուց հետո եկել է և իր ստացած գիտելիքների շնորհիվ պատրաստել մյուս տղաներին: Որպես հին կադր, երիտասարդներին դեռ փոխանցելու շատ բան ունի»:

Քաջիկի մեջ փրկարարի համազգեստ կրելու ցանկությունն առաջացել է դեռ մանկության տարիներին, երբ ուշի-ուշով հետևում էր, թե ինչպես էին հրշեջները հանգցնում հարևանի տանը բռնկված հրդեհը: Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես իրագործեց վաղեմի ցանկությունը, ինչին դեմ չէին նաև ծնողները:

Ասում է՝ համեմատելի չեն 20 տարվա առաջվա փրկարար ծառայության որակն ու այսօրվանը: Համակարգում շատ բան է փոխվել. և՛ տենիկապես է հագեցվել, և՛ մասնագիտական կարողություններն են անհամեմատ բարելավվել: «Նախկինում պարզապես հրշեջներ էինք, իսկ այսօր արդեն հրշեջ-փրկարարներ: Այն ժամանակ նման տեխնիկա չունեինք, հիմնականում ջրով, հազարից մեկ էլ փրփրահեղուկով,   դրոշակներով էինք կրակը հանգցնում: «Արձագանք» ծրագրով «Լոռէ» փրկարարական ջոկատում վերապատրաստումը շատ բան է տվել մեզ, մինչ այդ չգիտեինք, թե ինչ է փրկարար ծառայությունը, կարևոր նրբություններին չէինք տիրապետում: Վերապատրաստվելուց հետո հրահանգչի որակավորում ստացա,  սովորածս փոխանցեցի իմ դասակի տղաներին, որոնք քննություն հանձնելիս ամենաբարձր գնահատականները ստացան: Ամենալավն էինք»,- անկեղծանում է  օղակի հրամանատարը, որի համար գործի մեջ ամենակարևորը դեպքի վայր հինգ  րոպե շուտ հասնելն է, քանի որ նույնիսկ ամենալավ փրկարարը չի կարող ոչինչ անել, եթե ժամանակին տեղ չի հասել: Երկու տասնյակ տարիների ընթացքում տարաբնույթ դեպքերի է արձագանքել, բայց ամենից շատ հիշողության մեջ մնացել է մի ավտովթարի դեպք, որը լավ ավարտ ունեցավ: «Քեսաբից սիրիահայ հինգ հոգանոց ընտանիք հազիվ մազապուրծ հասել էր հայրենիք և տաքսիով ուղևորվում էր Արցախ բնակություն հաստատելու, բայց Եղեգնաձորում մեքենան գլորվում է և հայտնվում գարնան տեղումներից վարարած Արփա գետում: Այդ պահին ավելի քան պարտավորված էինք զգում անվնաս դուրս բերել պատերազմից հրաշքով փրկված ընտանիքի անդամներին: Բարեբախտաբար, վարորդը մեքենայի ապակիները բացել էր, և այն չէր հասցրել սուզվել: Դուրս բերեցինք ուղևորներին, իրերը և մեքենան: Այդ պահին վարարած գետը մեր փրկարարներից մեկին էր քշում-տանում, կարողացա նաև նրան դուրս բերել»,- պատմում է Քաջիկ Բաբայանը և հավելում, որ այդ օրն իրենց համար մեծ տոն էր, հաջողվել էր սիրիահայ ընտանիքին փրկել, նույնիսկ կնոջ հետ եկեղեցի են գնացել և մոմ վառել նրանց փրկության համար:

Քաջիկ Բաբայանը 8 տարուց կանցնի վաստակած հանգստի: Վստահ է՝ իր կրտսեր գործընկերները լավ են տիապետում փրկարարական գործին:

Վերջերս արժանացել է «10 տարի անբասիր ծառայության համար» հուշամեդալի:

Հրամանատարն արմատներով Եղեգնաձորից է: Պատմում է, որ ամենահին ու ամենամեծ ազգի՝ Բաբեենց ցեղի ներկայացուցիչներից է: Իր նախնիները 1800-ականների վերջին Իրանի Սալմաստ քաղաքից էին եկել ու հաստատվել Վայոց ձորում, այն ժամանակ ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնում: Այժմ Բաբեենց հետնորդը շարունակում է բարձր պահել ազգի պատիվը՝ իր գործի մեջ լավագույններից համարվելով: Երկու որդի և մեկ դուստ ունի: Ուրախությանը սահման չկա. Արցախում  ծառայող որդին՝ Էրիկը, որը մեկ ամսից կզորացրվի, որոշել է  շարունակել հոր գործը: Մտադիր է ընդունվել ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և մասնագիտական կրթություն ստանալ: Ասում է՝ որդու որոշումը հանկարածակիի է բերել և ուրախացրել իրեն: Համոզված է, նրանով հպարտանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենա: Փրկարար ծառայությանը հավատարիմ ավագը խոստովանում է, երբեք իր համար կոչումները, տարբեր պատվոգրերը նշանակություն չեն ունեցել, ոչինչ չի չափվում արված գործով:

«Կարևորը  նվիրված ծառայությունն է համակարգին ու հայրենիքին: Մենք աշխատել ենք երեխաներին դաստիարակել նույնկերպ, որպեսզի սիրեն ու նվիրվեն իրենց ընտրած մասնագիտությանն ու հայրենիքին»,- ասում է համերաշխ ընտանիքի հայրը, որի համար օրվա ամենսիրած պահը ընտանիքի անդամների՝ կնոջ՝ Սիլվայի, աղջկա՝ Էլենի և փոքր որդու՝ Գագիկի հետ մեկ սեղանի շուրջ հավաքվելն է: Շուտով Բաբայանների ընտանիքին կմիանա նաև իրենց զինվորը, ում անհամբերությամբ են սպասում բոլորը:

Մերի  ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ