Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. անմիջական շփում. հերպես

Վարակներ. անմիջական շփում. հերպես

1333
Տարածել

Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, մնում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակ և այլն): Հերպեսը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, օրինակ, շրթունքներին, բերանի շուրջը, ռունգերին՝ մանր բշտիկային ցավոտ ցան, քոր,  իսկ մի քանի օրից ցանը դառնում է վերք, բարձրացում է մարմնի ջերմաստիճանի:

Սեռական օրգանների շրջանում կարող են առաջանալ բշտիկներ, որոնք արագ պայթում են: Այդ ցանն ուղեկցվում է ցավոտ միզարձակմամբ, քորով ու այրոցի զգացումով: Այս ձևը փոխանցվում է սեռական ճանապարհով: Սեռական վարակումը կանխելու համար պետք է օգտվել պահպանակից: Մաշկի տարածուն հերպետիկ ցանի առաջացման դեպքում պետք է ստուգել ՄԻԱՎ-ով վարակվածությունը: Հերպեսն արտահայտվում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակ:

Այսօր աշխարհում հայտնի է հերպեսի վարակի ավելի քան 100 տեսակ, որոնցից 8-ը վտանգավոր են մարդկանց համար: Հիվանդության անտեսումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել՝ ընդհուպ քաղցկեղ: Բուժումը պետք է կատարվի համալիր, դեղամիջոցներով: Կան նաև խոտաբույսերով բուժման եղանակներ. հոտավետ մանուշակի հյութ, դաղձի թուրմ և այլն:

Հերպեսից խուսափելու լավագույն ձևը լավ իմունիտետ ունենալն է: Իսկ սա նշանակում է ճիշտ սնվել: Նախապատվությունը տվեք բնական պարենին, օգտակար են սպիտակուցով հարուստ ձուկը, միսը, կաթնաշոռը, պանիրը, ձուն, սոյան, ծլեցրած ցորենը: Գումարած անշուշտ՝ անձնական հիգիենան: