Գլխավոր Նորություններ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ

475
Տարածել

Հունիսի 30-ին կրկնակի տոնական մթնոլորտ էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում.

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի

184 շրջանավարտ (25 տոկոսը՝ աղջիկ) դիպլոմ էր ստանում, իսկ նախարարության 42 աշխատակից՝ պարգև «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ

աստիճանի մեդալ:

 

«Այսօր զուգակցվում է երկու խորհրդանշական իրադարձություն՝ խրախուսվում են տարիների վաստակ ունեցող փրկարար ծառայողներն ու դիպլոմներ են հանձնվում նրանց փոխարինելու պատրաստ` արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին: Վաստակաշատ փրկարարները լավագույն օրինակն են, ում կարող է հետևել երիտասարդ սերունդը` ընտրելով ամենապահանջված մասնագիտություններից մեկը», — միջոցառման ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: «Փրկարարն ամենամարդասիրական մասնագիտությունն է»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ ասաց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը:

Շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին Փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարները, ակադեմիան գերազանցությամբ ավարտած 19 շրջանավարտի՝ ԱԻ նախարարը: Գերազանցիկներից 14-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է:

Շրջանավարտները երդվեցին. «Ստանալով արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտում մասնագետի բարձր կոչումը և անցնելով փրկարարի համամարդկային գործունեության.

 

Երդվում եմ՝

բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման և կանխարգելման համար, ամբողջ ուժով օժանդակել ԱԻՆ համակարգի զարգացմանը, պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը:

Երդվում եմ ողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները`

Վահրամ ԱՎՈՅԱՆԻ