Գլխավոր Նորություններ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՇՆՉՈՂ ՊԱՐԳԵՎ

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՇՆՉՈՂ ՊԱՐԳԵՎ

553
Տարածել

Հերթափոխի կանգնած տղաների առօրյան

Լրագրողական նոթատերն ու ձայնագրիչը ուսիցս ճոճվող պայուսակի մեջ՝ մտա Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) թթենիների ստվերով ծածկված բակ: Ողջունեցի այդ պահին իրենց աշխատանքով զբաղված հրշեջ-փրկարարներին և շնորհավորեցի Սահմանադրության տոնի առթիվ: Հետո շենքի ձախ կողմի մետաղե աստիճաններով մի հարկ բարձրանալով հրամանատարական սենյակ՝ ներկայացա հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Լևոն Միրզոյանին, քանի որ հրամանատարը՝ փ/ծ փոխգնդապետ Արմեն Միքայելյանն արձակուրդում էր: Լրագրողի վկայականս ցույց տալուց հետո ասացի, որ՝ «911. Արտակարգ թերթն» ուզում է ներկայացնել այս պահին հերթափոխի կանգնած տղաների առօրյան:

 

***

Ոգևորությամբ փոխանցած առաջին տեղեկությունն այն էր, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր մարզ, ծանոթացել հրշեջ-փրկարարների աշխատանքին, որից հետո նրանցից երկարամյա ծառայողներին պարգևատրել՝  «10 տարի անբասիր ծառայություն» մեդալով: Որ Արտաշատի ՀՓՋ-ից միայն 22 հոգի արժանացել են այդ հպարտություն ներշնչող պարգևին, իսկ նրանցից 5-ը՝ խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Էդգար Սարգսյանը, օղակի հրամանատար, փ/ծ ենթասպա Մայիս Առաքելյանը, օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արթուր Գրիգորյանը այս պահին իրենց ծառայությունն են կատարում հրշեջ մասում:

Իսկ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության տոնական օրը, Արտաշատի ՀՓՋ երկրորդ հերթափոխն էր հերթապահություն իրականացնում: Քանի որ խմբի պետը վատառողջ էր, առաջին օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արթուր Գրիգորյանն էր ուղեկցում՝ ներկայացնելով խմբի առօրյան, որն ըստ հաստիքացուցակի բախկացած է 10 հրշեջ-փրկարարից: «Այս պահի մարտական հաշվարկում 7 հոգի են, մյուսներն արձակուրդում են: Խումբը կազմված է երկու մարտական հաշվարկից՝ առաջին և երկրորդ օղակ, ամեն օղակ բաղկացած է հրամանատարից, վարորդից, ավագ հրշեջից, երկրորդ, երրորդ և չորրորդ համարի հրշեջներից»:

Հերթափոխն սկսվում է առավոտյան ժամը 9-ից մինչև 9:30-ը: Ընդունում են մեքենաները, տեխզինվածությունը, արձագանքման գույքը, այնուհետև պատրաստվում են դասընթացներին՝ չորս փուլով 45 րոպե տևողությամբ, որից հետո օրվա ժամը 2-ին ճաշում են: Հետո ազատ ժամանակն է, որին էլ արդեն ցերեկվա 4-ն անց կեսին տնտեսական աշխատանքն է հաջորդում, այսինքն՝ նորոգում են գույքը, խափանված սարքավորումները, եթե այդպիսիք կան, կամ բակում որևէ անհրաժեշտ աշխատանք կատարում 30 րոպեների ընթացքում: Հետո անձնակազմի ինքնուրույն պատրաստվածության ժամանակն է գալիս, երբ ավելացնում են գիտելիքները՝ կրկնելով սովորածն ու իմացածը՝ ևս մեկ անգամ վերլուծելով դեպքերը մինչև ընթրիք: Իսկ հետընթրիքյան ժամերը՝ սկսած երեկոյան 8-ից, համեմատաբար հանդարտ են, այսինքն՝ թուլացել է առօրյա լարվածությունը: Կեսգիշերից մեկ ժամ առաջ էլ սկսվում է հանգիստը, բայց ինչպես իրենք են ասում՝ քնում են մեկ աչքը բաց, իսկ երկրորդ աչքը երկու ժամը մեկ փոխարինվող գիշերային հերթապահն է: «Սա սահմանված ժամանակացույցն է՝ օրվա ռեժիմը, եթե արտակարգ դեպքեր չկան, իսկ երբ հրդեհ կամ մեկ այլ պատահար է լինում, ամեն ինչ թողած՝ շտապում ենք կանչի հետքերով»,- ասում է օղակի հրամանատարը:

Փ/ծ ավագ Արթուր Գրիգորյանը փրկարար ծառայության համակարգում է 2006-ից, ինչպես ինքն է ոգևորված նշում՝ փրկարարի ուղին սկսել է Երևանից՝ կարևորագույն օբյեկտների պահպանությունից: Իսկ 2014-ին տեղափոխվել է հարազատ Արտաշատի ՀՓՋ: Հիշում է շատ դեպքեր՝ մեծ ու փոքր ծավալի հրդեհներ, դժբախտ պատահարներ՝ երբեմն էլ ողբերգական ավարտով: Խոսրովի անտառն էլ չի կարողանում շրջանցել, երբ ռուս զբոսաշրջիկ էր կորել, որին որոնում էին 12 ժամ և գիշերով բարձրացել ու հասել էին սարի գագաթը, որտեղից լույսերի մեջ երևում էր Երևանը: Զվարճալի դեպքերն էլ քիչ չեն իրենց աշխատանքում, ցավոք, ողբերգականն էլ. «Մի կին զանգահարել էր գիշերվա 11-ի մոտերը, թե դիմացի շենքից բատարեյով լույս են գցում մեր պատուհանին: Իսկ ծանր դեպք, որ տպավորել է, երկու տարի առաջ Արտաշատում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի վթարն էր, երբ բժիշկը մահացավ»:

Իսկ երկրորդ օղակի հրամանատար, փ/ծ ենթասպա Մայիս Առաքելյանը ծառայության մեջ է 2002-ից: Ժպիտով նշում է, որ ջոկատի միակ ենթասպան ինքն է, այդպիսի հաստիք չկա, որովհետև այդ կոչումով է տեղափոխվել Արտաշատի ՀՓՋ: Մինչ այդ Արարատի մարզի փրկարարական ջոկատում էր օղակի հրամանատար՝ դարձյալ ենթասպայի ուսադիրներով: Շատ դեպքեր է հիշում փ/ծ ենթասպան, բոլորն էլ տպավորել են ու իրենց հետքը թողել, սակայն հիշողության մեջ դեռ շարունակվում են հատկապես այն ողբերգական պատահարները, որոնք ավարտվում էին երեխաների մահով: Երբ օրերով ջրանցքներում որոնում էին դեռ նոր կյանք մտած այդ անմեղ էակների մարմինները: Իսկ հրշեջ-փրկարարի ծառայության մեջ, նշում է, որ երբ մարտական հաշվարկը հասնում է դեպքի վայր, օղակի հրամանատարը, խմբի պետի հետ, անմիջապես անցնում է հետախուզման, զննում է հրդեհի տեղանքը, կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքը. «Բայց հրդեհը մարելու ժամանակ բոլորս հավասար ենք մեր գործողություններում, պարզապես հրամանատարները, ինչպես ամեն տեղ, մի քիչ ավելին են անում»:

Ավագ հրշեջ-լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Հովիկ Բաբայանը ջոկատում է 1999-ից: Պատմում է՝ հիշելով բազմաթիվ դեպքեր, որոնց ականատեսն ու հետևանքների վերացնողն է եղել: Իակ դրանք այնքան շատ են, որ մի դեպքի նկարագրությունը դեռ չավարտած, վերջին չհասած՝ անցնում է մյուս դեպքին: Հատկապես հիշում է դժվար, երբեմն էլ ողբերգական դեպքերը, որոնք հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարներն են, և պատմելիս էլ զգացվում է, որ մինչև հիմա հանգիստ չեն տալիս, թրթռում են հիշողության մեջ: Ասում է, որ արդեն սովորել են այս կենսակերպին, որքան էլ դժվար, բայց հարազատ է դարձել. «Մի օր գալիս ենք աշխատանքի, մնացած երեք օրն անկախ մեզնից սպասում, պատրաստվում ենք, որ նորից պիտի գանք»: Փ/ծ ավագ սերժանտն այդ երեք օրերին զբաղվում է գյուղատնտեսությամբ: Սեփականաշնորհված հող ունի, այգի, արդեն հասցրել է ծիրանի բերքը հավաքել, սպասում է խաղողաքաղին:

Վարորդ, փ/ծ սերժանտ Սամվել Գրիգորյանը ծառայությունը սկսել է Արտաշատի ՀՓՋ-ում 2003-ից և իր հարազատ ջոկատում էլ ուզում է ավարտել, երբ ժամանակը գա, այլ տեղ գնալու միտք չունի: Հենց նրա աշխատանքից է կախված՝ երբ և ինչպես տեղ կհասնի մարտական հաշվարկը: Նկատում է, եթե իրեն՝ հատուկ նշանակության մեքենայի վարորդին թույլատրվում է կարմիր լույսի տակով անցնել, դա դեռ չի նշանակում, որ պետք է կարգ խանգարի, ինքը նույնպես պարտավոր է ճանապարհային կանոնները պահպանել: Իսկ ամենակարևորը զգույշ լինելն է, բայց նաև ժամանակին տեղ հասնելը. «Մեքենան միշտ պետք է լինի պատրաստ վիճակում: Իսկ դեպքի վայր հասնելուն պես նախ մեքենան եմ կայանում անվտանգ տեղ, որ հրդեհը չմոտենա, իսկ հրդեհաշիջման ժամանակ ջուր եմ տալիս, եթե անհրաժեշտ է՝ նաև փրփուր և ամբողջ ընթաքում հետևում անխափան մատակարարմանը»:

Իսկ Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Լևոն Միրզոյանը ջոկատի երկրորդ խմբի, ինչպես նաև մյուս խմբերի հրշեջ-փրկարարների մասին խոսում է զուսպ գովեստով, գոհ է նրանց աշխատանքից և մարդկային կերպարից: Աշխատանքում հարաբերությունները գործնական են ու ընկերական, իսկ աշխատանքից դուրս՝ միայն ընկերական. «Իրար մեջք մեջքի, ուս ուսի տված՝ մեր ծառայությունն իրականացնում ենք: Դեռ չի եղել մի դեպք, որ տղաները հանկած թերանան»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ