Գլխավոր Նորություններ ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ

ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ

663
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետակադեմիայի գիտնականի առաջարկը

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ Աշոտ Մելքոնյանը արտակարգ իրավիճակների համար արևային ջրատաքացուցիչի նոր սարք է նախագծել, որը մի շարք առավելություններ ունի:

 

Արևի էներգիայով ջուր տաքացնող սարքերը հերմետիկորեն փակ, թափանցիկ պատուհանով տարաներ են, որոնցում տեղադրված մետաղյա (հիմնականում պղնձյա) գալարաձև խողովակով դանդաղ հոսող ջուրը տաքանում է: Նման սարքերի հիմնական թերություններն են՝ մեծ զանգվածը, բարդ կառուցվածքը, համեմատաբար բարձր ինքնարժեքը, համեմատաբար փոքր օգտակար գործողության գործակիցը:

Աշոտ Մելքոնյանի առաջարկած մոդելի զանգվածը փոքր է, կառուցվածքը՝ պարզ, ինքնարժեքը՝ ցածր: Այս սարքն էլ երկու բաղկացուցիչ ունի՝ հերմետիկ բաք և ջուրը տաքացնող ջեռուցիչ: Տարբերությունն այն է, որ ջուրը տաքանում է ջրի մեջ տեղադրված լուսակլանիչ տարրի (ջեռուցիչ) տաքանալու արդյունքում: Ջեռուցիչը բարձր ջերմահաղորդականությամբ և լույսի կլանման մեծ գործակցով նյութ է, ամբողջությամբ գտնվում է ջրի մեջ և արևից ստացած ողջ էներգիան հաղորդում է ջրին: Այս սարքի օգտակար գործողության գործակիցը կարող է հասնել մինչև 80 տոկոսի: Ամռանը փորձարկումների ժամանակ 17 լիտր ջուրը 80 րոպեում 10 աստիճանից հասել է 52 աստիճանի: Իսկ աշնանը, երբ օդի ջերմաստիճանն առավելագույնը 13 աստիճան էր, 8 աստիճան ջերմաստիճանով ջուրը տաքացել է մինչև 36 աստիճան: Մայրամուտից հետո ջրի ջերմաստիճանը նվազում է, բայց դանդաղ: Օդի 6 աստիճան ջերմաստիճանի դեպքում սարքում ջրի ջերմաստիճանը 45 աստիճան էր:

Սարքի կիրառության ոլորտները բազմազան են, կարելի է պատրաստել ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական ջրատաքացուցիչներ: Հասկանալի է, սարքի իրական հնարավորությունների ողջ օբյեկտիվ պատկերը ստանալու նպատակով անհրաժեշտ են նոր փորձարկումներ, սակայն նախնական փորձարկման արդյունքները հուսադրող են և վկայում են, որ սարքի արդյունավետությունը կասկած չի հարուցում:

Այս սարքը, հատկապես ճկուն տարբերակը, կիրառելի է արտակարգ իրավիճակներում ճամբարների կազմակերպման, դաշտային ելքերի, արշավների, ավանդական էներգակիրների բացակայության պայմաններում: Հայաստանում պարզկա օրերի վիճակագրությունը շատ նպաստավոր է սարքի օգտագործման արդյունավետության առումով: Սարքը էկոլոգիապես մաքուր է, կարող է օգտագործվել նաև բնակարանների ջեռուցման և կենցաղային տաք ջուր ստանալու նպատակներով: Ճկուն տարբերակի ինքնարժեքը մոտ 80 000 դրամ է, իսկ ստացիոնար կոշտ տարբերակինը՝ մոտ 120 000 դրամ:

Աշոտ Մելքոնյանի առաջարկած սարքին ծանոթ է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Մինչ նախարարը դիպլոմներ էր հանձնում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին, քիչ հեռու տեղադրված սարքն աշխատում էր: Նախարարը տեսավ, ձեռքով փորձեց մոտ 50 աստիճանի հասած ջուրը: Ասաց, որ լավ միտք է ու կիրառելի արտակարգ իրավիճակներում: «911.Արտակարգ թերթը» պարբերաբար կներկայացնի այս հարցում զարգացումները:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝

Վահրամ ԱՎՈՅԱՆԻ