Գլխավոր Նորություններ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԱՐԿՏԻՑ ՏՈՒԺԵԼ Է ՍԻՍԻԱՆԸ

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԱՐԿՏԻՑ ՏՈՒԺԵԼ Է ՍԻՍԻԱՆԸ

713
Տարածել

Հունիսի 29-ին, ժամը 16:28 -ից մինչև 17:00-ը՝ մոտ 30 րոպե տեղացած խոշոր չափի կարկուտի, սրան ուղեկցող հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սիսիանի տարածաշրջանում:

 

Համայնքներից և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների համաձայն՝ մեծ վնասներ են կրել աշնանացան և գարնանացան մշակաբույսերի հսկայական ցանքատարածքներ, հողին հավասարվել բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները, տուժել են համայնքային ենթակառուցվածքները, սելավից հեղեղվել են բնակելի տների նկուղները, անասնագոմերը, հողի հաստ շերտով պատվել ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները:

Սիսիանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ  վնասվել է ցանքատարածությունների 60 տոկոսը, ինչպես նաև քաղաքի դեկորատիվ բուսականության գերակշիռ մասը: Կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով, նախնական տվյալներով, վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն):

Ահազանգերի հետքերով դեպքի վայր են մեկնել Սիսիանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը՝ ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ:

«Երեք տասնյակից ավելի ահազանգեր ենք ստացել, մինչև ուշ երեկո արձագանքել դրանց: Սիսիանի փողոցներից մեկում սելավն ամբողջությամբ փլուզել էր գոմի տանիքը, բազմաբնակարան շենքերի վերջին հարկերը լցվել էին ջրով, նկուղները ծածկվել սարերից բերված հողի ու քարերի շերտակույտերով: Հրշեջ-փրկարարները բնակիչների հետ հավասար դույլերով դատարկել են նկուղների ու տների ջրերը, մեկնել Շաղատ, Բալաք, Անգեղակոթ գյուղեր, որտեղ հողին էին հավասարվել ցորենի ցանքսերն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Չի եղել մի այգի, մի հողակտոր, որ փրկված լինի կարկուտի ավերածություններից»- տեղեկացնում է Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանը:

Աղետից անմիջապես հետո, պատճառված վնասներին ծանոթանալու համար քաղաքում շրջայց են կատարել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը: Տեղում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, նկուղները,  քաղաքի փողոցները մաքրվել են ցեխից, լեռներից բերված հող ու խճաքարերի հսկայական շերտերից, որոշ աշխատանքներ էլ դեռ շարունակվում են: Սիսիանցիների խոսքով՝ նախադեպը չունեցող կարկուտ էր, և չեն հիշում, թե  նման աղետալի վիճակ երբ էր եղել վերջին անգամ: «Կատարված  հաշվարկների համաձայն՝ վնասվել է բանաջարաբոստանային կուլտարաների մոտ 80 տոկոսը, այգիների մոտ 60 տոկոսը, բազմաբնակարան շենքերի վերջին հարկերի բնակարանների շուրջ 30 տոկոսը,  նկուղների 40 տոկոսը, իսկ առանձնատների նկուղերն ավելի քան 20 տոկոսի չափով վնաս են կրել: Սիսիանցիներին հասցված վնասները հաշվարկվել են և ներկայացվել Սյունիքի մարզպետարան»,- փոխանցում են քաղաքապետարանից:

Նշենք, որ Սիսիանում հակակարկտային կայաններ չկան, և նշված համայնքները չեն հսկվում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից: Շուտով այս տարածաշրջանում նախատեսվում է հրթիռային պաշտպանության միջոցներ տեղադրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանը պաշտպանել կարկուտի հասցվելիք վնասներից:

 

Մերի  ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ