Գլխավոր Նորություններ ԱԻՆ-ի գործունեության արդյունքներն ու նպատակները

ԱԻՆ-ի գործունեության արդյունքներն ու նպատակները

558
Տարածել

2016-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվություն

Հունիսի 26-ից հուլիսի 5-ը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում էր «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված գումարների և դրանց ծախսերի ուղղությունների վերաբերյալ հաշվետվությունը լսվեց հունիսի 30-ին՝ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Զեկուցողներն էին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

2016-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է 11,1 մլրդ դրամ և իրականացրել 21 ծրագիր:

2016-ին «911» ծառայությունը 2 191 288 զանգ է ստացել, գրեթե կրկնակի շատ, քան 2015-ին, փրկարար ծառայության ստորաբաժանումները 20 130 ելք են իրականացրել, փրկել 228 մարդու կյանք, 2015-ին փրկվել էր 210 մարդու կյանք, փրկարարներն անցկացրել են հատուկ տակտիկական, շտաբային, հրամանատարաշտաբային և այլ բնույթի վարժանքներ: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը թվերին զուգահեռ նաև կատարված աշխատանքների արդյունքները ներկայացրեց.

  1. Աղետների ռիսկի նվազեցումը կարևորվում է ամբողջ աշխարհում: Կան հաշվարկներ, համաձայն որոնց, այս ոլորտում ներդրումը վեցապատիկ եկամուտ կարող է ապահովել բոլորին: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետական հատկացումներին զուգահեռ նաև միջազգային-դրամաշնորհային ծրագրերով է աշխատանքներ անում:
  2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները պատրաստ են ռազմական գործողությունների ընթացքում գործողություններ իրականացնել: Տավուշի մարզի Ազատամուտ և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում արդեն գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր, ընթացքում է Այգեպար, Պառավաքար, Մովսես, Չինարի, Սարիգյուղ, Կոթի, Ոսկևան, Բերդավան բնակավայրերում հենակետերի շինարարությունը: Յոթ հենակետ արդեն համալրվել է անհրաժեշտ գույքով: Քաղաքացիական պաշտպանության համակարգը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների վարմանը և այդ գործողությունները հակառակորդի տարածք փոխանցելուն, ռազմական իրավիճակում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները արդյունավետ իրականացնելուն:
  3. Հայաստանի և Արցախի արտակարգ իրավիճակների համակարգերն աշխատում են համադրված, համակարգված, փոխլրացնող, գործընկերային համագործակցությամբ: Ստորաբաժանումների պատրաստվածության պլանների մեջ ներառված են համատեղ ծրագրեր: Հայաստանը և Արցախը գործում են որպես մեկ միասնական համակարգ՝ տարբեր հրամանատարական ուղղահայացներով:
  4. Աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտի կրթության համար օգտագործվում են ինչպես նախկինում մշակված ձեռնարկները, այլ նաև ժամանակակից միջոցներ՝ համակարգչային խաղ-ծրագրեր, սոցկայքեր և այլն: Այս հարցում օգտագործվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարուստ փորձը:
  5. Հայաստանի ապաստարանները ժամանակին կառուցվել են «Սառը պատերազմի» տրամաբանությամբ: Դրանց մոտ նոր ենթակառուցվածքներ են ստեղծված, և այդ ապաստարանները անվտանգություն չեն ապահովելու: Հիմա փոխվել է ռազմաքաղաքական իրավիճակը: Հիմա նորոգվում-կառուցվում են նոր ապաստարաններ: Գումարած՝ Երևանի մետրոպոլիտենը: Առաջնահերթություն է սահմանամերձ գոտում «Անվտանգ սենյակների» կառուցումը: Ֆինանսական ներդրումները գնալու են այդ ուղղությամբ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ