Գլխավոր Նորություններ Ուսումնավարժանք

Ուսումնավարժանք

673
Տարածել

Օրերս ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացրել «Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով:

Կառնուտի ջրամբարը գտնվում է Գյումրիից մոտ 8 կմ հեռավորության վրա՝ Կառնուտ գյուղի մոտ: Ջրամբարը սնվում է սեփական ավազանի Կառնուտի սելավատարից, Ախուրյան և Ջաջուռ գետերից՝ Շիրակի ջրանցքից: Ընդհանուր 23,9 մլն խմ տարողությամբ ջրամբարը կառուցվել է ոռոգման նպատակով և շահագործման է հանձնվել 1970-ականների սկզբին: Ջրամբարի ջրերով են ոռոգվում Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների գյուղերը՝ մոտ 7000 հա հողատարածություն:

Ըստ վարժանքի սցենարի՝ առատ տեղումների հետևանքով՝ ջրամբարում ջրի ծավալը հասել էր կրիտիկականի, առկա էր պատվարի փլուզում, ինչպես նաև սելավատարի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ հայտնվելու վտանգի առջև էին կանգնած շրջակա համայնքները:

Գյումրու և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից բացի, վարժանքին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, ոստիկանական ուժերը, Ախուրյան, Արևիկ, Գետք, Ղարիբջանյան, Ազատան համայնքների ներկայացուցիչները, ԱԻՆ-ի հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության «Ախուրյան» գետավազանի հիդրոլոգիական կայանի աշխատակիցները, «ԱրմենՏել»  փակ բաժնետիրական ընկերության հյուսիսային տարածքային կենտրոնի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի և այլ  շահագրգիռ կազմակերպությունների անդամներ: Հրամանատարաշտաբային վարժանքն անցկացվել է 3 փուլով, որից երկուսը տեսական բնույթ էր կրում, իսկ մյուսը՝ գործնական:  Առաջին փուլի ժամանակ՝ ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով՝ շտապ խորհրդակցություն է հրավիրվում Շիրակի մարզպետարանում,  մարզային փրկարարական վարչությունը հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմակերպում է հավանական ջրածածկման գոտում հայտնվող բնակչության վարվելակերպի կանոնների իրազեկում, մարզային ԱԻ հանձնաժողովի կողմից ճշգրտվում են տարհանվողների տեղաբաշխման և կենսաապահովման հաշվարկները: Գործողության մեջ է դրվում «Ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում մարզի բնակչության պաշտպանության պլանը», կազմակերպվում ջրածածկման գոտու բնակչության տարհանման, գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման, նյութական արժեքների դուրս բերման միջոցառումները:

Իսկ երկրորդ փուլի ժամանակ քննարկվում էր  որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և  տուժած բնակչության կենսաապահովման միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Սցենարի համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով Կառնուտի ջրամբարի պատվարը փլուզվել է, ջրածածկ են եղել Ախուրյան, Արևիկ, Ազատան, Ղարիբջանյան և Գետք համայնքները, վնասվել են էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերը, ջրով ողողվել բնակելի տներ,  գյուղամիջյան կամուրջներ, ճանապարհներ և ցանքատարածքներ և այլ ինժեներական կառույցներ, բռնկվել է հրդեհ:

Երրորդ փուլով՝ ուսումնավարժության ժամանակ՝ Ախուրյան և Արևիկ համայնքներում իրականացված գործնական միջոցառումների ժամանակ հրշեջ-փրկարարները ռիսկային գոտում գտնվող Ախուրյան համայնքի մանկապարտեզից տարհանել են երեխաներին, ապա դուրս բերել աշխատակազմը, նրանց տրանսպորտային միջոցներով բարեհաջող տեղափոխել անվտանգ տարածք: Հրշեջ-փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, այնուհետև փլատակների տակից հանել տուժած բնակչին, ինչպես նաև  մեքենայից դուրս բերել արգելափակված քաղաքացուն… Արևիկ համայնքում տարհանվել են բնակիչներ, ջրատարի մաքրման, բետոնե կոնստրուկցիաների դուրս բերման և այլ անհրաժեշտ աշխատանքներ են իրկանացվել:

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը բավարար է գնահատել վարժանքի արդյունքները. «Այն կարևոր նշանակություն ուներ մարզի համար, ճիշտ է, Կառնուտում փլուզման վտանգ չկա, բայց Աստված մի արասցե, վտանգի դեպքում այս փորձը կօգնի, որ մեր բնակիչները պատրաստ լինեն և տեղեկացված  տարհանման գործընթացից, իսկ շահագրգիռ բոլոր կառույցների աշխատակիցներն ավելի օպերատիվ և արդյունավետ կգործեն»:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ