Գլխավոր Միջոցառումներ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՏ

949
Տարածել

Արտակարգ իրավիճակների բազմազանությունը և բժշկական հետևանքների նշանակալից հնարավոր մասշտաբները թելադրում են դրանց նախազգուշացման և վերացման համար մշտապես պատրաստ պահել արտակարգ իրավիճակների բժշկության (աղետների բժշկության) ազգային համակարգը: Տարածաշրջանում վտանգավոր երկրաբանական, մթնոլորտային երևույթների, ինչպես նաև տեխնածին աղետների հնարավոր դրսևորումները կարող են հանգեցնել աղետային՝ սանիտարահիգիենիկ, էպիդեմիոլոգիական իրավիճակների, որոնք ուղեկցվում են մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներով, իսկ դրանց վերացման անհրաժեշտությունը պահանջում է բժշկական օգնության ցուցաբերում՝ որպես պետության պարտականություն քաղաքացիների նկատմամբ: Այդ պատճառով մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները, ինչպես նաև արագ և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու, սանիտարաէպիդեմիոլոգիական իրավիճակները կառավարելի և նրանց հետևանքները շուտափույթ վերացնելու համար Երևանի պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակների տեխնածին վթարների և անտրոպոգեն կոնֆլիկտների բժշկասոցիալական հետևանքները՝ դրանց նախազգուշացման և վերացման համար անհրաժեշտ սկզբունքներ մշակելու նպատակով: Գիտական հետազոտություններն ընդգրկում են մեր երկրում տեխնածին և անտրոպոգեն աղետների բուժապահովման և ռազմական թունաբանության մի շարք հիմնախնդիրները: Ամբիոնում արտակարգ իրավիճակների բժշկություն առարկան դասավանդվում է 1994-ից: 2008-ին առանձնացվել է որպես ինքնուրույն ցիկլ: Իսկ ամբիոն է դարձել 2013-ից: Առայսօր այն ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը: Ամբիոնի գիտական հիմնական ուղղություններն են՝

  • հնարավոր աղետների բժշկասանիտարական հետևանքների ուսումնասիրումը և օպերատիվ կանխատեսման մեթոդների հիմնավորումը,
  • աղետների բժշկասանիտարական հետևանքների վերացման անհրաժեշտ ուժերի և միջոցների պահանջների հիմնավորումը: Արտակարգ իրավիճակի տարածք ժամանած շտապօգնության և փրկարարների բազայի վրա ստեղծված խմբերի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա աղետի ծավալի որոշում և լրիվ մասշտաբով բուժօգնության կազմակերպում,
  • աղետների ժամանակ բժշկասանիտարական ապահովման կազմակերպման օպտիմալ տարբերակի հիմնավորումը: Կարևորագույն գիտական խնդիր է բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բժշկական տարհանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպական և ռազմավարական հիմունքների մշակումը, ինչպես նաև ռազմավարական պլանավորումը՝ հիմնված արտակարգ իրավիճակների հնարավոր մասշտաբների ու տեղանքի կանխատեսման և տուժածների խմբերի տարհանման երթուղայնացման և նրանց բուժհաստատություններ հասցնելու խնդիրների լուծման վրա,
  • արտակարգ իրավիճակների բժշկագիտության և ռազմական թունաբանության գիտական, կազմակերպչական, մեթոդական հիմքերի և նրանց պատրաստվածության աստիճանի բարձրացման մշակումը, ըստ որի՝ ծառայության ուժերի և միջոցների բավարար ապահովվածությունը բխում է բնակչության սանիտարական կորուստների կանխորոշման վատթարագույն տարբերակների և տարածքի առողջապահության իրական հնարավորությունների գիտահիմնավորված մեծությունից: Բժշկական ուժերի և միջոցների պահանջարկի և արտակարգ բուժօգնության ծավալի չափի որոշման համար ճշգրիտ տեղեկատվության մեթոդիկայի մշակում՝ աղետի մասշտաբների, ախտահարող գործոնի բնույթի, տուժածների կողմնորոշիչ թվի, հաղորդման և տարհանման ճանապարհների հասանելիության վերաբերյալ,
  • արտակարգ իրավիճակների բժշկության կառուցվածքային կազմակերպման, վարչարարության մեթոդների և կատարելագործման հիմքերի մշակումը,
  • առողջապահական համակարգի աշխատողներին հետբուհական արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության հիմունքների ուսուցման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումն ու անցկացումը,
  • արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության մեթոդական ձեռնարկների մշակումն ու հրապարակումը,
  • արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության փորձի ուսումնասիրումն ու վերլուծությունը:

Աշխեն Խաչատրյանը կարևորում է համագործակցությունը ՀՀ ԱԻՆ-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի» հետ՝ հատկապես գիտական, գործնական և մեթոդական ոլորտներում: Ի դեպ, Աշխեն Խաչատրյանը վերջերս է մասնակցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում անցկացվող հատուկ դասընթացին և նշում էր այն բարձր ուսումնամեթոդական մակարդակը, որն առկա էր ուսուցման ողջ ընթացքում:

Ֆակուլտետի պետ, բ/ծ գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գալստյանը հաղորդեց, որ նախատեսվում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմի ուսուցում ռազմաբժշկական ֆակուլտետում մի քանի ուղղություններով, հատկապես՝ առաջին բուժօգնության և ռազմական թունաբանության:

Փրկարարների հետ պարապմունքներ կանցկացնեն ամբիոնի փորձառու դասախոսները: Կօգտագործվի ֆակուլտետի հարուստ լսարանային և համալսարանի սիմուլյացիոն կենտրոնի ժամանակակից գիտատեխնիկական և գործնական բազան: Կենտրոնի 16 սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Գործնական հմտությունների ձեռք բերման համար ներդրված են ոչ միայն համալսարանում ավանդաբար կիրառվող մուլյաժներ, անատոմիական մոդելներ, օրգանների և օրգան-համակարգերի ֆանտոմներ (իրականության 1-2 մակարդակներ), այլև իրականության 3-4-րդ մակարդակների տուփային և տեսավարժասարքեր, վիրտուալ և հիբրիդային սիմուլյատորներ, ինտերակտիվ էլեկտրոնային ձեռնարկներ և այլն: Ընդ որում՝ 3-րդ մակարդակի ֆանտոմներն ու մանեկենները համալրված են ինքնագնահատող համակարգով (էլեկտրոնային մանեկեն), իսկ 4-րդը՝ նաև ավտոմատացված ստանդարտ ռեակցիաների հնարավորությունով՝ տեսասարքավորումների կիրառմամբ (համակարգչային մանեկեն): Կենտրոնում կիրառվելու են փրկարարների առաջին բուժօգնության գործնական հմտությունները ստուգելու քննական նոր մեխանիզմներ:

 

Արայիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս, փ/ծ փոխգնդապետ