Գլխավոր Նորություններ ՏԻԵԶԵՐԱՅԻՆ ՋՐԻ ՍԵՐՄ

ՏԻԵԶԵՐԱՅԻՆ ՋՐԻ ՍԵՐՄ

758
Տարածել

Շոգ է, արևը չորացնում է ամեն ինչ, լեռ ու սար դարձնում շեկ անապատ, կյանքը՝ վայրի ծիրանի դառնահամ կորիզ: Ու ամեն քայլափոխի ջուր ես փնտրում, զովանալու ու նորից կյանքով լցվելու համար:

Երբ Ալ. Թամանյանը նախագծում էր Երևանը, Արարատյան փոքրիկ քաղաքը խմելու ջուր չուներ: Հին Էրիվանի փողոցներում կժերով ջուր ծախող տղաներից էր առնում ջուրը, որը բերում էին հեռուներից: Եվ… նախագծում երևացին կապույտ՝ ջուր խորհրդանշող կետեր: Երևանը վերաշինող Թամանյանը պետք է վաներ շոգը քաղաքից, որ ուղտի նման ամեն ամառ չոքում էր ամեն բակում և շիկացնում ամեն ինչ:

1953-ին Երևանի գլխավոր հրապարակում հայտնվեց մեծաշատրվան ջրավազանը՝ 7 ցայտաղբյուրներով: Երևանյան ամառը զովացնող, երգող ջրավազանն իրեն է ձգում բոլոր բոլորին:

Արտակարգ շոգ է Երևանում, ասպատակում է քաղաքը արաբական անապատների տաք հոսանքը: Եվ իսկական փրկություն են ցայտաղբյուրները, որոնք, ի դեպ, մոտ 600-ն են: Երբ մեր երկրում նոր էր ձևավորվում արտակարգ իրավիճակների վարչությունը, առաջարկ եղավ ընդլայնել, պահել ու պահպանել արտակարգ իրավիճակային նշանակության մեր ցայտաղբյուրները: Մե՜ր սառնորակ ցայտաղբյուրները, որ խենթացնում են զբոսաշրջիկներին:

Կեչառիսում շոգին ցայտաղբյուրի մոտ նստած սիրառատ դեմքով մի տիկին ջանադրաբար բացատրում էր իրեն ուղեկցողներին, որ «պուլպուլակ», «ցայտաղբյուր» բառերը չեն թարգմանվում ոչ մի լեզվով, ու պնդում էր, որ պուլպուլակը զուտ հայերեն բառ է: Անցորդներն էլ լսում ու հավանություն էին տալիս կնոջ զով խոսքին: Բակում ցայտաղբյուրի հայտնվելն անպայմանորեն կապված է նշանավոր իրադարձության հետ: Սովորաբար այն կառուցում են, երբ մարդը մահանում է, կամ լույս աշխարհ է գալիս նոր մարդ: Կյանքն ու մահն է խորհրդանշում, նորն ու հինը, սկիզբն ու ավարտը: Եվ ցայտաղբյուրից ջուր ըմպելիս խոնարհվում ենք, ակամա հարգանքի տուրք մատուցում զով ջրին և այն ի նպատակ պուլ-պուլ ջրակից բխեցնողին:

Մենք ջրածին ենք, մեր էպոսի հերոսների նման, դրա համար էլ մեր երակներում զով արյուն է հոսում: Սաստիկ շոգ է, բայց կարծես չենք շոգում: Ու դեռ շոգ կապույտում երկրպագում ենք Արևին, ջուր պարգևող վիշապ քարերին:

Իտալացիները զովանում են շատրվաններում, ամերիկացիները… սուպերմարկետներում: Մեզ ոչ միայն զովացնում են մեր ցայտաղբյուրը, այլև մի փոքր ավելին… մեր ջուրը խինդ ու ծիծաղ է բերում, հայրենյաց կարոտ ու բխում է միշտ խորհրդավոր յոթ աղբյուրներից:

Մեր երկիրը, մեր քաղաքը զով է դառնում ոչ միայն սառն աղբյուրներից, այլև կանաչապատ տարածքներից: Գեղեցիկ սովորույթ է դառնում՝ պուրակներն ու զբոսայգիներն ու ավտոճանապարհներն ու առանձնատները զարդարվում են գունագեղ եղևնիներով, տուաներով: Ու դրանով ավելի է զովանում շոգ ամառը. բարձրաբերձ եղևնին հյուսիսային սառնաշունչ տրամադրություն է ներշնչում, երկնասլաց տուան՝ մերձարևադարձային ծովային քամի ու խոնավություն:

Լողափնյա սեզոնը բացվեց, Սևանը հյուրընկալ է դարձել. ափերին քարե սրտիկներ՝ որքա՜ն ուզես: Թե գտնեք, նետեք ծովը, որպես տիեզերային ջրի սերմ: Կնույնանաք էպոսի մեր հերոսներին…

Ու կվանեք շոգը ձեր մարմնից, ձեր քաղաքից…

Շոգեր սպասվում են նաև հուլիսին: