Գլխավոր Նորություններ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

705
Տարածել

Հրդեհների խմբեր, դասեր, տեսակներ

Հրդեհների բաշխումը խմբերով և տեսակներով, նրանց նմանության ու տարբերության հատկանիշներով կոչվում է դասակարգում:

Դասակարգումը  արհեստական է, եթե այն հրդեհները միավորում է արտաքին (պատահական) հատկանիշներով, և բնական է, եթե հրդեհների խմբավորումը հիմնված է դրանց ներքին օբյեկտիվ կապերի և զարգացման ընդհանուր նշանների վրա: Հրդեհների բնական դասակարգումը համարվում է գիտական, այն թույլ է տալիս կանխորոշել տարբեր տեսակի հրդեհների մարման մարտավարության օրինաչափություններ:

Հրդեհները կարող են դասակարգվել ըստ տարբեր հատկանիշների:

Դասակարգմանը ներկայացվող հիմնական պահանջն է. հրդեհների խմբերը, դասերը, տեսակներն ու տարատեսակները պետք է կանխորոշեն այրման դադարեցման միջոցները, հնարքներն ու կիրառվող կրակմարող նյութերը, ստորաբաժանումների գործողությունների ուղղությունը և հաջորդականությունը, ուժերի և միջոցների բաշխումը և այլն:

Հրդեհների դասակարգման նշանները լինում են ընդհանուր և մասնավոր:

Ընդհանուր նշաններ. հատուկ են բոլոր հրդեհներին. այրվող նյութերի ֆիզիկա-քիմիական հատկություններ, կրակի տարածման արագություն, հրդեհների տևողություն, հրդեհների վայր և այլն:

Մասնավոր նշաններ. հատուկ չեն. հրդեհի մակերեսի ձև, վառվող նյութերի մակերես և այլն:

Հրդեհները բաժանվում են երկու խմբի՝ բաց և փակ տարածքներում:

Ըստ դասերի

A դասի հրդեհներ. այրվող պինդ նյութեր: Եթե այրվում են մխացող նյութեր` փայտ, թուղթ, տեքստիլ իրեր և այլն, ապա՝ A1 ենթադաս, իսկ նյութերը, որոնք չեն ծխում, օրինակ, պլաստմասե իրեր՝ A2 ենթադաս:

B դասի հրդեհներ. դյուրավառ և այրվող հեղուկներ: Եթե այրվում է ջրում չլուծվող հեղուկ (բենզին, դիզվառելիք, նավթ և այլն)՝ B1 ենթադաս, ջրում լուծվող հեղուկներ (օրինակ՝ սպիրտներ)՝ B2 ենթադաս:

C դասի հրդեհներ. գազեր (պրոպան և այլն):

D դասի հրդեհներ. վառվող մետաղներ: Եթե այրվում է թեթև մետաղ (ալյումին, մագնեզիում, դրանց համաձուլվածքներ և այլն)՝  D1 ենթադաս, այլ մետաղներ (նատրիում, կալիում)՝ D2 ենթադաս, մետաղաօրգանական միացությունների հրդեհներ՝ D3 ենթադաս:

E դասի հրդեհներ. Լարման տակ աշխատող էլեկտրական սարքավորումներ:

F դասի հրդեհներ. ռադիոակտիվ նյութեր և թափոններ:

 

Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս