Գլխավոր Նորություններ ԿԱՊԱՆԻՑ ԵՐԵՎԱՆ` 40 ՐՈՊԵՈՒՄ

ԿԱՊԱՆԻՑ ԵՐԵՎԱՆ` 40 ՐՈՊԵՈՒՄ

705
Տարածել

Մեկնարկել են Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները

Սյունիքի մարզկենտրոնի բնակիչներն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ժամանակին օգտվում Կապանի օդանավակայանից, Երևան հասնում մոտ 1 ժամում: Բայց արդեն 27 տարի է, 320 կմ հեռավորության վրա գտնվող կապանից Երևան հասնելու համար օգտվում են տրանսպորտային այլ միջոցներից և բարդ ու հոգնեցուցիչ ճանապարհը հաղթահարում 5-6 ժամում: «Առաջ «Յակ-40» ինքնաթիռը մի ժամում Երևան էր հասցնում, հիմա մարդ է վատանում՝ դե արի ու ժամերով տեղ հասցրու, երբ հինգ րոպեն էլ կյանքի համար կարևոր է»,- ասաց Կապանի բնակիչ՝ 60-ամյա Արշամը, որը համոզված է՝ օդանավակայանի վերստին գործարկումը ոչ միայն նման իրավիճակներում փրկություն կլինի բնակիչների համար, այլև մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նոր տեմպ կհաղորդի: Կապանի օդանավակայանը գործել է մինչև 1990-ականների սկիզբը, սակայն արցախյան պատերազմի տարիներին՝ օդանավակայանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով՝ անվտանգության նկատառումներով դադարեցվել է դրա շահագործումը: Տեղացիները հիշում են, որ կրակոցներից նույնիսկ վիրավորվել էր ուղևորներից մեկը:

Այսօր արդեն Կապանի օդանավակայանի վերագործարկման հարցը կրկին օրակարգում է: Դեռևս 2014-ին Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկումն ընդգրկված էր կառավարության իրագործելիք ծրագրերի ցանկում: Վերջերս փոքր քաղավիացիայի կարևորությանն է անդրադարձել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Պետք է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն, և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլական»,- քաղավիացիայի գլխավոր վարչություն կատարած այցի ժամանակ ընդգծել էր վարչապետը։ Նրա հանձնարարությամբ արդեն օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ գործուն աշխատանքներ են տարվում: Օդանավակայանի վիճակը գնահատելու, այն գործարկելի դարձնելու համար 27 տարի անց՝ 2017-ի հունիսի 8-ին, Կապանի օդանավակայան փորձնական վայրէջք է կատարել Piper M500 փոքրիկ օդանավը: Վայրէջքին հետևել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ուժային կառույցների պատասխանատուներ։ Ի դեպ, մարզպետը նաև օդանավի առաջին ուղևորն էր: Վայրէջքից հետո հայտարարվեց, որ կանոնավոր թռիչքներ կիրականացվեն համալիրի շինաշխատանքների վերջնական ավարտից հետո: Այս պահին իրականացվում են թռիչքադաշտի նորոգման և ուղևորահամալիրի բարեկարգման աշխատանքներ: Ինչպես փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից, նախնական գնահատմամբ, օդանավակայանի համալիրի վերականգնման համար կծախսվի շուրջ 2 մլն դոլար: Ֆինանսավորումն իրականացնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը և «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամը: Բյուջետային միջոցներից գումար չի ծախսվելու:

«Ներկայումս քաղավիացիայի վարչության գլխավոր մասնագետների հետ մշակվում են թռիչք-վայրէջքների սխեմաները, որոնց նպատակն է հնարավորինս նվազեցնել բարդություններն ու ռիսկերը, բացի դրանից, քննարկվում է նաև տարածաշրջանի բնական և արհեստական խոչընդոտների թվային քարտեզի ստեղծման հնարավորությունը, որի առկայության դեպքում օդաչուների համար ավելի դյուրին կլինի օդանավակայան չվերթեր իրականացնելը: Այս փուլում նախատեսվում է շահագործել մինչև 20-25 տեղանոց օդանավեր, մասնավորապես՝ չեխական L-410 օդանավը: Օդանավերի տոմսերի գների մասին այս պահին ոչինչ չենք կարող ասել, քանի որ գնային քաղաքականությունը որոշելու և կատարելու է ավիափոխադրողը»,- տեղեկացրեց Սյունիքի մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանը և ընդգծեց, որ օդանավակայանի գործարկումը ռազմավարական մեծ նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջության առումով և կարող է լուրջ խթան հանդիսանալ մեր երկրում փոքր ավիացիայով ներքին օդային փոխադրումների կայացման համար: Հաշվի առնելով, որ Կապանը գտնվում է սահմանամերձ և սեյսմավտանգ գոտում (չմոռանանք 1968-ի Քաջարանի ուժեղ երկրաշարժի մասին), մշտապես կարևորվել է Կապանի օդանավակայանի դերը քաղպաշտպանության՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման, հնարավոր հետևանքների կանխման, մարդկային կամ նյութական կորուստները նվազեցնելու առումով: «Բնականաբար, սահմանամերձ գոտու և Երևանի միջև օդային կապը ռազմավարական լուրջ և տարատեսակ խնդիրների լուծման համար դրական ազդեցություն կունենա, այդ թվում նաև ըստ անհրաժեշտության ավիացիայի գործարկման առումով (սանիտարական, գյուղատնտեսական, հրդեհաշիջման, բժշկական և այլ թռիչքներ)»,- հավելեց մարզպետի խորհրդականը: Նշենք, որ դեռևս 2013-ին օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններ էին իրականացվել, համապատասխան չափագրումներ արվել, կազմվել նախնական հաշվարկներ ուղևորների սպասարկման, թռիչքի իրականացման ծախսերի վերաբերյալ և այլն: Ըստ այդ հաշվարկների՝ այն ժամանակ ընտրված օդանավի ուղետոմսի արժեքը մոտ 55-56 հազար դրամ էր, այն մատչելի դարձնելու համար նախատեսվում էր սուբսիդավորման միջոցով արժեքը դարձնել մոտ 15 հազար դրամ:

Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մասնագետների կողմից նոր ուսումնասիրություն արվել է նաև 2017-ի մարտ ամսին: «Կարծում ենք, սակագնի նվազում կլինի՝ կախված ընտրվելիք ավելի նոր, հագեցած օդանավի սպասարկման, վառելքի և պահպանման ծախսի հետ: Հակված ենք ընտրությունը տալ փոքր չափերի օդանավերին, չենք շահագործելու, օրինակ՝ «Բոինգ» տեսակի օդանավ, որովհետև նման ուղևորափոխադրումներ չենք կարող ապահովել, շահագործելը ձեռնտու չէ, բացի դրանից, գործող վազքուղիները դրանց համար նպատակահարմար չեն»,- տեղեկացրեց վարչության պետը՝ մեկ անգամ ևս նշելով, որ ներկայիս բոլոր հաշվարկները դեռ նախնական են, գործընթացը խոր ուսումնասիրության կարիք ունի, վերջնական պատկեր կլինի օդանավի ընտրությունից հետո միայն: Այժմ տարբեր երկրներում արտադրված օդանավերի ուսումնասիրություն է կատարվում՝ գնահատելու օդանավի պահպանման, շահագործման ծախսերը, ինչպես նաև հնարավորությունները Կապանի և Հայաստանի այլ օդանավակայաններ թռիչքներ իրականացնելու ուղղությամբ: Պատասխանատուների խոսքով՝ դեռևս որոշված չէ, թե ինչ հաճախականությամբ են թռիչքներ իրականացվելու, պարզ չէ նաև գիշերային թռիչքներ կլինեն, թե՝ ոչ, որն իր հերթին լրացուցիչ ծախսեր կպահանջի՝ լուսաազդանշանային համակարգի օգտագործման և այլ միջոցների կիրառման պատճառով:

Իսկ հարցին, թե Կապանինը համարվում է բարդ օդանավակայան, հնարավո՞ր է, որ այդ հանգամանքը խոչընդոտ հանդիսանա վերագործարկման համար, Գալուստ Պողոսյանը պատասխանեց, որ Հայաստանի գրեթե բոլոր օդանավակայաններն էլ համարվում են բարդ, բայց դա խոչընդոտ չէ: «Այժմ միակ բարդությունն այն է, որ օդանավակայանը գտնվում է սահմանին մոտ, բայց ժամանակակից նավիգացիոն համակարգերի օգտագործմամբ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ սխեմաներ կազմել և շրջանցել սահմանին մոտ լինելու հանգամանքը: Համաձայն կառավարության ծրագրի՝ մենք նախատեսում ենք 2018-ին ունենալ նախադրյալներ փոքր ավիացիայի զարգացման համար»,- ասաց Գալուստ Պողոսյանը և նշեց, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման համար, նախնական տվյալներով, վազքուղու մասնակի վերանորոգման դեպքում անհրաժեշտ կլինի մոտ 500 մլն դրամ, իսկ ամբողջական նորոգման համար՝ 700 մլն:

Պատասխանատուների խոսքով՝ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի

2018-ին օդանավակայանը պատրաստ լինի շահագործման՝ սահմանված չափանիշներին և չափորոշիչներին համապատասխան:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կապան-Երևան