Գլխավոր Նորություններ ԱՆԽՏՐԱԿԱՆ

ԱՆԽՏՐԱԿԱՆ

642
Տարածել

Եթե Լեզուների Խառնակման պատմությունը (Բաբելոնի աշտարակաշինություն) փորձենք իբրև փոխաբերություն ընկալել (թեպետ, կարծես թե, մեկ անգամ արդեն փոխաբերվել է այնպես, որ այլևս դժվարությամբ է տեսնվում բուն փաստը), ապա կարելի կլինի բոլոր ժամանակներում, այսինքն՝ միշտ, դիտարկել ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ: Չէ՞ որ միմյանց չհասկանալը այս կամ այն չափով նույն Խառնակությունն է: Ասել է թե՝ հենց մեր քաղաքակրթությունը, որը է՛ն գլխից սպառումի քաղաքակրթություն է եղել… Եթե մեր ենթադրությունը հանկարծ ու ճիշտ է, ապա ապրելը սպառել էր նշանակելու, և մարդը մի օր սպառելու էր իր միջավայրը, իր զգացումներն ու պատկերացումները, իր նմաններին ու իրեն։ Այնպես էր սպառելու, որ վերականգնելու ոչ մի հույս չէր տեսնելու, թեպետ ի՞նչ հույսի մասին էր լինելու խոսքը, երբ վերականգնումի խնդիր դրված չէր լինելու առհասարակ, և սպառման հսկա մեխանիզմը վայրկյան անգամ չէր կարողանալու կանգնել…

Ենթադրենք, թե մարդուց ինչ-որ բան է սպասվում. ի՞նչ…

Սպասողնե՛րը կիմանան։ Մյուս կողմից էլ՝ հանգիստ չէր տալու մութ մի հարց՝ իսկ ի՞նչ է սպասում հայրն իր զավակից։

Ենթադրենք, թե ամենամեծ կորուստը մահն է, ամենաչանվանված նվաճումը՝ անմահությունը։ Ենթադրենք, թե այդպես էլ կա. նույն «արատավոր» կամ, եթե կուզեք՝ «անարատ», շրջանն է…

Անմահին ի՜նչ երազանք, ի՜նչ կորուստներ, ի՜նչ սխալականություն… Անմահն իր սխալականությունն ինչպե՞ս պիտի զգա, ենթադրենք, թե մահն է, որ ցուցանում է սխալականությունը, մահն է նաև, ուրեմն, այն միակ ուժը, որ ունակ է ճշմարտությունը ցուցանելու… Մի՞թե այստեղ է թաքնված Սրբազան Գաղտնիքը՝ Մահկանացուների «Օգնությամբ՝ Փորձով» Տեսնել Ամբողջ Ճշմարտությունը… Նման է. նման է հոր ու զավակի հարաբերության, բայց չափումներն են տիեզերական, երկրային չեն։

…Ենթադրենք, թե մարդը «չհասկացավ» սա, ենթադրենք, թե չէր էլ կարող, Հուշը չէր թողնելու… Մի դուռ չէր բացվել, անմահության դռնից մարդն այդպես էլ չմտավ։ Հիշում էր։ Դա միակ բանն է, որ մարդը հիշում է, ու սկսվե՜ց…

— Այլ ճշմարտություն, հավերժություն-անմահությունից բացի, գոյություն չունի,- ասաց մարդը։ Երբե՛ք ու Ոչ ՄԻ Տեղ գոյություն չի ունեցել։ Ասաց ու սկսեց փնտրել ամենուր՝ առանց խտրության, ամեն կերպ՝ առանց խտրության։

Ենթադրենք, թե մարդու ոչ տեղն էր անսահմանափակ, ոչ հնարավորությունը. ամեն ինչ եկավ ու հանգեց Պատերազմին, մարդու պատմությունը, դեռ չսկսված, վերածվեց մարդու Պատերազմների Պատմության։ Ոչինչ, որ մեզ այլ բան են սովորեցրել, իրականում տեղի ունեցածի էությունն այլևս մի մեծ գաղտնիք էլ չէ. հազարամյակներ շարունակ մարդիկ միմյանց ոտնատակ են տվել հանուն միմիայն մեկ բանի՝ անմահության…

Մի ձեռք, մի զորեղ ձեռք շրջել է դրա մասին պատմող բոլոր էջերը, գրքի մեջ մտցրել ուրիշ էջեր՝ դրանով ստիպելով, որ հիշողությունն այլ բան հիշի։

Այդ ուրիշ բանի հետևից ինքնամոռաց ընթանալով՝ գողը գողացել է, շնացողը՝ շնացել, սուրբը սրբացել (Նոր Կտակարանն է ասում)՝ հստակ չգիտակցելով էլ, որ ամեն ինչ արվում է հանուն կորուսյալ անմահության… Սա առավել քան ենթադրություն է…

Փառք Աստծո, այս ամբողջ շարադրանքը ենթադրություն է միայն, որի նպատակը հենց ենթադրության գծած վտանգավոր պատկերներից խույս տալն է՝ իրականության մեջ:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ