Գլխավոր Նորություններ ԱՄԱՌԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ

ԱՄԱՌԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ

574
Տարածել

Հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

 

Ներկայումս աշխարհում տարեկան ավելի քան 200 հազար անտառային հրդեհ է արձանագրվում: Այս թիվը տարեցտարի մեծանում է: Հետևաբար, աճում է նաև այդ հրդեհների պատճառած ուղղակի և անուղղակի վնասի չափը:

Անտառային հրդեհների դեմ պայքարի արդիականությունը չի նվազում: Սրանց հետևանքով վերանում են անտառային ռեսուրսներ` ֆլորան, ֆաունան, վնասվում է հողաշերտը, աղտոտվում մթնոլորտը, շարքից դուրս են գալիս անտառամերձ բնակավայրերի կապի ու էլեկտրահաղորդման գծերը, փայտաշեն կամուրջներ, գյուղատնտեսական ցանքատարածություններ և այլն:

Անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդն է: Շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային հրդեհների կանխարգելման համար արգելվում է`

1.Վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով:

  1. Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ:
  2. Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր:
  3. Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` առանց շարժիչն անջատելու:
  4. Շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ:
  5. Ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում:
  6. Կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ):
  7. Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ:
  8. Թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:

Անտառային հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում պետք է փորձել հանգցնել այն: Կարելի է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով, որ այն տարածվի դեպի ծառերի բներն ու սաղարթները: Նախ հաստատ համոզվել, որ կրակը մարել է ու էլ չի բորբոքվի, նոր միայն հեռանալ: Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը փակել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ՝ հրդեհի տեղի ու ժամանակի, հնարավոր պատճառների մասին հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: Որքան էլ ցավալի է, դեռևս քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին:

Հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր կանաչ բարեկամին` անտառը, նրան զերծ պահել ամենավտանգավոր թշնամուց` կրակից: Չէ՞ որ անտառը համաժողովրդական սեփականություն է, ամենքիս հարստությունը:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն