Գլխավոր ՀՀ ԱԻՆ EU MOLDEX վարժանքի պլանավորման համաժողովներ

EU MOLDEX վարժանքի պլանավորման համաժողովներ

487
Տարածել

«911.Արտակարգ թերթի» այս տարվա 3-րդ, 6-րդ և 9-րդ համարներում անդրադարձել ենք Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPDR East 2) ծրագրի շրջանակներում կազմակերպվող դաշտային EU MOLDEX վարժանքին:  PPDR East 2 ծրագիրը մեկնարկել է 2010-ին, դաշտային վարժանք կազմակերպվում է առաջին անգամ: Մինչ այս «Քննարկում-փորձի փոխանակում» ձևաչափով հանդիպումներ էին ծրագրի շահառու երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս: Վարժանքը կանցկացվի սեպտեմբերին՝ Մոլդովայում:

EU MOLDEX դաշտային վարժանքին մասնակցելու է հայաստանցի 22 փրկարար: Ի հավելումն երկուական ներկայացուցիչ կունենանք վարժանքի գնահատող խմբում և կառավարման մարմնում: Մարտի 1-ին և 2-ին անցկացվել էր դաշտային վարժանքի պլանավորման առաջին, իսկ հունիսի 14-ին և 15-ին՝ երկրորդ համաժողովը, որոնց մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ Տիգրան Գիդաչյանը: Վերջինիս խոսքով՝ վարժանքին առնչվող բոլոր հարցերն արդեն կարգավորված են. վարժանքի տեղամասեր, թիմերի տեղակայման բազաներ, Մոլդովայի սահմանը հատելու ընթացակարգեր, այլ պետությունից Մոլդովա փրկարարական շներ, դեղորայք, սնունդ բերելու կարգեր և այլն: Ըստ սցենարի՝ Մոլդովայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, փլվել են բազմաթիվ շենքեր, վնասվել են ջրամբարների ամբարտակներ, վտանգավոր թունաքիմիկատներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ: Վարժանքի նպատակն է ստուգել PPDR East 2 ծրագրի մասնակից երկրների փրկարարական կարողությունները: Շեշտը դրվելու է միջազգային համագործակցության վրա: Վարժանքին կմասնակցեն որոնողափրկարարական, հրդեհաշիջման, ջրասուզական թիմեր, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի խմբեր: Հայաստանը կուղարկի որոնողափրկարարական թիմ և ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի խումբ:

EU MOLDEX վարժանքում փրկարարների աշխատանքը կգնահատվի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափորոշիչներով: Հայաստանն ունի INSARAG-ի արտաքին որոկավորում անցած մեկ և ազգային  որակավորում ունեցող չորս թիմ:

EU MOLDEX վարժանքին կմասնակցի այս թիմերից մեկը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ