Գլխավոր Նորություններ ԼԵՌՆԵՐԸ՝ ՀՆԱԶԱՆԴԵՑՆՈՂ ՈՒ ԵՐՋԱՆԿԱՑՆՈՂ

ԼԵՌՆԵՐԸ՝ ՀՆԱԶԱՆԴԵՑՆՈՂ ՈՒ ԵՐՋԱՆԿԱՑՆՈՂ

672
Տարածել

Ամուսնություն էվերեստի գագաթին

Ամեն օր, անկախ տարվա եղանակից և օրվա ժամանակից, լրատվամիջոցները  պարբերաբար տեղեկացնում են մեր մոլորակի վրա տեղի ունեցող բազմաբնույթ արտակարգ իրադարձությունների մասին, որոնք պատճառում են մարդկային ու նյութական ահռելի կորուստներ: Սակայն կան մարդկային գործունեության բնագավառներ, որոնց «գոյությունը» մոռացության է մատնված: Խոսքս լեռնագնացության մասին է: Լեռները ոչ միշտ են «բարյացակամ» լեռնագնացի հանդեպ և ցանկացած պահի կարող են մահացու անակնկալներ մատուցել: Ոչ բոլոր բարձրացողներն են վերադառնում: Չնայած վտանգաշատ անակնկալներին, հատկանշական փաստ է, որ լեռնագնացությունը զանգվածային սպորտաձև դարձավ 20-րդ դարի երկրորդ կեսից, հատկապես դեպի Կովկաս ու Ալպեր: Այս շրջանները մոտ են բնակավայրերին, ունեն համեմատաբար մեղմ կլիմա և երթուղիներ: 20-րդ դարը բնութագրվում է զանգվածային լեռնագնացության ժամանակաշրջան, նաև մեծ նվաճումների ու դժբախտ պատահարների:  Ընդունված է համարել, որ լեռնագնացությունը վտանգավոր մարզաձև է, սակայն այդ կարծիքը հաջողությամբ բացառում է անգլիացիների կողմից մշակված համեմատական աղյուսակը, ըստ որի՝ այդ մարզաձևը գտնվում է ոչ առաջին վտանգավոր տեղում: Ցանկը գլխավորում են մոտոցիկլետավարները, ապա ջրասույզ որսորդները, երկաթգծի սլաքավարները, վարորդները և միայն հետո՝ լեռնագնացները: Իսկ ըստ ստացած վնասվածքների՝ առաջատարն են լեռնագնացները, ապա՝ գեղասահորդները: Ըստ լեռներում զոհերի քանակի՝ առաջատարն Ալպերն է: Մոլորակի ամենադժվարամատչելի 25 լեռներից մահվան առավել շատ դեպքեր գրանցվել են Ալպերի ամենաբարձր լեռան՝ Մոնբլանի վրա (4810 մ): Սկսած 1786-ից, շվեյցարացի որսորդ Ժակ Բալմայի և բժիշկ Պակնարի առաջին վերելքից մինչ այժմ, այն գերազանցում է 8 հազարը: Զոհերի թվով երկրորդ հորիզոնականում է Պիրինեյան Ալպերի Մատենխոր գագաթը (4478 մ), որն անգլիացիներ Էդուարդ Ումպերի և Միշել Կրոնի 1865 թ. առաջին վերելքից մինչ այժմ 500 լեռնագնացի կյանք է խլել: Երրորդ տեղում է աշխարհի տանիք համարվող Էվերեստը (8848), որը նորզելանդացի Է. Հիլարիի և ազգությամբ շերպ Ն. Տենցինգի 1953 թ. առաջին վերելքից հետո ավելի քան 3 հազար մարդ է բարձրացել, իսկ մոտ 400-ը չեն վերադարձել: Համեմատության համար նշենք, որ Կովկասի ամենահայտնի լեռան՝ Ուշբայի՝ 1935 թ. գերմանացի Շուլցի խմբի առաջին վերելքից հետո զոհերի թիվը չի անցնում է 60-ից, չնայած այն իր դժվարություններով հետ չի մնում նշված գագաթներից:

Մինչ օրս լեռնագնացներին հետաքրքրող գագաթներից միայն մեկը՝ Տիբեթի խորհրդավոր Կալյաս լեռն է (6700 մ), որը, չնայած բազմաթիվ փորձերին, մինչ այժմ մնացել է չնվաճված: Ըստ տեղաբնակների, ով համարձակվի բարձրանալ Հոգևոր Սուրբ սարը, այլևս չի վերադառնա (առեղծվածային այս լեռան մասին գրվել է «911.Արտակարգ թերթի» այս տարվա թիվ 9-ում):

Lեռները պարգևում են նաև երջանկություն: Նեպալի լեռնագնացներ Մոնի Մյուլենպատը (24 տարեկան) և Պեմ Դարժեը (23 տարեկան), որոնց ամուսնության արարողությունը կատարվել է անցյալ տարի հունիսի սկզբին Էվերեստ լեռան գագաթին, առանց որևէ միջոցառման, միայն երկու րոպեն նրանց բավարարել է թթվածնային դիմակը հանելու, նկարվելու ու Նեպալի սովորության համաձայն՝ միմյանց դեմքին կարմիր փոշի քսելու համար: Շնորհավորենք ու բարի ճանապարհ մաղթենք Նեպալի զույգին:

 

Աղվան ՉԱՏԻՆՅԱՆ

լեռնագնաց, փրկարար, պրոֆեսոր