Գլխավոր Նորություններ ԸՆԴԳՐԿՈՒՄ

ԸՆԴԳՐԿՈՒՄ

793
Տարածել

Մարդը ծնվում է իր սահմանների հետ միասին, իսկ որպեսզի ավելի գեղեցիկ հնչի` ծնվում է ի՛ր սահմաններում։

Ո՛չ ուրիշի։

Ասվածը վերաբերում է նաև մարդկային խմբերին՝ մեծ թե փոքր, միայն իրենց կամ նաև ուրիշներին հասկանալի ինչ-ինչ նպատակներով միավորվածներին, գաղափարակիր կամ իսպառ գաղափարազուրկ-գաղափարակիցներին, ազգակիցներին կամ ինչ-որ բանից օտարանալու համար հարազատացածներին (տարբերակներն անթիվ են)՝ բոլոր-բոլորին:

Հետո սկսվում է կյանքը՝ երկու ճանապարհ:

Կամ ամեն ինչ արվում է այդ սահմանների մեջ տեղավորվելու համար,  կամ սահմանները խախտելու անզուսպ տենչն է արթնանում, և փորձերը՝ ամեն գնով հագուրդ տալ այդ տենչին։

«Սահմանախախտների»՝ հույզերի շատությունից անհույզ դարձած այդ դեմքերը՝ այլևս ոչնչի ու ոչ ոքի չսպասող, ոչինչ չլսող ու չտեսնող, բազում սերունդների ավանդած իներցիայով գոյության պայքարի մեջ մտած ու համաշխարհային հարահոսին «ազնվորեն» ծառայող։

 

***

Նյութ, պարզապես իբրև նյութ, հում նյութ, որից ինչ-որ բան, ինչ-որ շատ կարևոր բան հազարամյակներ շարունակ արարել են խոստանում մոլորակի զարմանալիորեն տարատեսակ ու համառորեն նույն փարավոններն ու կեսարները, ցարերն ու փադիշահները, տերերը։

Ահա թե որտեղից է գոյանում «համաշխարհային աղմուկը»:

 

***

Այնտեղ, ուր տիրում է լռությունը, հիշվում է սիրտը, գուցե և՝ լսվում. լսելի է դառնում սրտի զարկը՝ ամենաստույգ ապացույցը կենդանության. աղմուկը կենդանության նշան չէ, աղմուկը հույժ կենսունակ հիշեցումն է այն բանի, որ քաոսը նույնպես  հավերժական է, և որ՝ հավերժորեն պատրաստ է իրենով փոխարինելու բոլոր սրտերի բոլոր զարկերին միաժամանակ…

 

***

Բառերով ստեղծած, վերաստեղծած պատկերներ: Ինչքանով են դրանք նման (չեմ էլ ասում՝ նույնը) իրենց բնօրինակին:

Իսկ գուցե նման խնդիր գոյություն չունի, և խնդիրը բոլորովին ուրիշ տեղում է: Ասենք՝ ոչ թե վերարտադրելու-վերաստեղծելու, այլ ԸՆԹԱՑՔԻՆ ազդելու, օգնելու մեջ:

Ո՞վ գիտի:

Եվ քանի տարեկան է արդեն այս մտայնությունը՝ բառերով ինչ-որ բանի ազդելու, օգնելու ցանկությունը պարունակող…

Եվ դեռ քանի՜ տարեկան պիտի դառնա՝ շարունակելով իր ջանքը, որը ժամանակ առ ժամանակ իզուր է թվում, թևեր է կոտրում, խամրեցնում գույները, խզում կոկորդից ելնող ամեն մի հնչյուն:

Իսկ կյանքը շարունակվում է՝ որպես նույն անվրդով հսկան, որն իր շուրջը չի էլ նայում, և, կարծես, նայելու ցանկություն չունի էլ: Իր գործը շարունակվելն է միայն, ամեն ինչ ընդգրկելն է:

Մնացածը մարդու գործն է:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ