Գլխավոր ՀՀ ԱԻՆ Փրկարարներն ազատել են գեղեցկության սրահի «պատանդներին»

Փրկարարներն ազատել են գեղեցկության սրահի «պատանդներին»

437
Տարածել

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 350 ահազանգի են արձագանքել: Շատ հաճախ փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք վարչական շրջանների և Շիրակի, Արարատի, Լոռու փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 3 մեքենա է հանվել երթևեկելի մաս: 15 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք:

Հունիսի 20-ի երեկոյան Երևանում ուժեղ քամին պոկել է տանիքներ, ծածկեր, կոտրել ծառի ճյուղեր: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան: Քամուց հետո մոտ մեկ տասնյակ ահազանգ է ստացվել: Փրկարարները հեռացրել են տեղահան եղած ծածկեր, մեքենաների վրա ընկած կամ փողոց փակած կոտրված ճյուղեր: Օրինակ, Զաքյան փողոցում ծառը պոկվել-ընկել է և փակել գեղեցկության սրահի մուտքը: Փրկարարները հեռացրել են ծառը, բացել մուտքը և դուրս բերել աշխատակիցներին:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցում ագռավն արգելափակվել է ծառի ճյուղերի արանքում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ագռավը սատկած է, և իջեցրել են ծառից: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում մի կին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ջրանցքից (ընկած վայրից մոտ 300 մ հեռավորությունից) դուրս են բերել 55-ամյա կնոջը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տարածել
Նախորդ հոդվածՓՈՐՁ
Հաջորդ հոդվածՏպագիր տարբերակ N24