Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՀՐՋԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՋԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

543
Տարածել

Հրդեհների դասակարգում

Հակահրդեհային մարտավարությունը հրդեհների առաջացման, ստորաբաժանումների պատրաստման, հրդեհաշիջման և դրա հետ կապված վթարափրկարարական աշխատանքների վարման համատեղ գործողությունն է:

Հրդեհների մարման հարցում հաջողության հասնում են ծառայողական և օպերատիվ-մարտավարական գործողությունների համալիրի շնորհիվ: Դրանց շարքում հատուկ նշանակություն ունեն հրդեհի վայրում տեղի ունեցող երևույթների վերլուծության հնարավորությունը, կրակի տարածմանը, զարգացմանն ու հրդեհի մարմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, այդ գործոնների գնահատումն ու առավել ռացիոնալ որոշումների ընդունումը մարտական գործողությունների իրականացման համար, հրշեջ-փրկարարական տեխնիկայի գրագետ օգտագործումը, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տակտիկական հնարավորությունները և նրանց ղեկավարումը, հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցների բարձր պատրաստականությունը:

Հրդեհի (վթարի) վայրում իրադրության գնահատման և հնարավոր զարգացումների կանխատեսման, մարտական գործողությունների միջոցառումների մշակման և կառավարման համար պետք է իմանալ հրդեհների զարգացման օրինաչափությունները, դրանց պարամետրերը, կրակմարող միջոցների բնութագրերը, հրշեջ-փրկարարական տեխնիկայի մարտավարական-տեխնիկական ցուցանիշները, մարտական ստորաբաժանումների հնարավորությունները, ելքի շրջանի, օբյեկտների օպերատիվ-մարտավարական առանձնահատկությունները և այլն:

Բացի դրանից, հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները պետք է կատարելապես տիրապետեն ուժերի և միջոցների հաշվարկման մեթոդներին, որոնք անհրաժեշտ են տարբեր այրվող նյութեր մարելու համար: Նրանք պետք է կարողանան մշակել նախնական պլանավորման փաստաթղթեր հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների հաջող անցկացման համար, ունենան համառոտ ձեռնարկներ և մեթոդական ցուցումներ մարտական պատրաստության դասընթացների վարման համար:

Հրդեհն այրման անվերահսկելի գործընթաց է, որը վնաս է պատճառում քաղաքացիների կյանքին ու առողջությունը, վտանգում ապրուստը, միաժամանակ վնասելով հասարակության և պետության շահերին: Միաժամանակ, հրդեհը բարդ ֆիզիկաքիմիական գործընթաց է, որը, բացի այրումից, ներառում է նաև ժամանակի և տարածության մեջ զարգացող զանգվածային ու ջերմափոխանակման երևույթներ: Այս երևույթները փոխկապակցված են և բնութագրվում են հրդեհի պարամետրերով՝ լիայրման արագություն, ջերմություն  և այլն: Այս պարամետրերը թույլ են տալիս որոշել հրդեհի բնութագիրը, որն անհրաժեշտ է իրավիճակի գնահատման և հրդեհի մարման հիմնական գործողությունների վարման որոշումներ ընդունելու համար:

Սկսենք հրդեհների դասակարգումից: Հրդեհները բաժանվում են խմբերի, խմբերը՝ դասերի, դասերը՝ ենթադասերի ու տեսակների, տեսակները՝ ենթատեսակների: Իրավիճակի փոփոխության հետ փոփոխվում է և հրդեհի տեսակը: Օրինակ, շենքում հրդեհը՝ թաքնված ներքին հրդեհը, կարող է փոխվել բաց ներքին հրդեհի, իսկ ներքին հրդեհը՝ արտաքին, և հակառակը: Կամ՝ քամու դեպքում զանգվածային հրդեհը կարող է դառնալ կրակային փոթորիկ:

Ցանկացած դեպքում ինչ-որ մի պահից սկսած հրդեհն այլևս չի փոխվում:

 

Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ