Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԱՆՑԱԾ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ՋՈԿԱՏՈՒՄ

ՀԱՆԳՍՏԻ ԱՆՑԱԾ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ՋՈԿԱՏՈՒՄ

607
Տարածել

Հրամանատարը՝ հին ու բարի օրերի մասին

«Գուրգեն Մարգարյանն այն մարդկանցից է, որն իր ծառայության ընթացքում ջանք չխնայեց զինելու իր ջոկատը ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներով: Այդ համեստ մարդու խորհուրդը մինչ օրս կրում ու կիրառում ենք ամենքս»,- Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) նախկին հրամանատարին օրնակելի ղեկավար է համարում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը:

Ծառայության 30 տարիների ընթացքում վաստակած ընկերների ու գործընկերների սերն ու հարգանքը Մարտունու ՀՓՋ-ի նախկին հրամանատարը շարունակում է  վայելել նույնիսկ ծառայությունը թողնելուց հետո: Արդեն երկու տարի է՝ թոշակի է անցել, բայց նրան ամեն օր կարելի է տեսնել ջոկատում: «Օրը չի կարող սկսվել կամ ավարտվել առանց հարազատ դարձած աշխատավայրն այցելելու ու ջոկատի տղաներին տեսակցելու»,- պատմում են ընկերները: Շինարարի իր մասնագիտությունը փրկարարի գործով փոխարինած գնդապետը հաճույքով է պատմում իր ջոկատի հետ անցկացրած օրերի մասին: Հաստատում է, այսօր էլ տեղը հանգիստ չի նստում, ջոկատի տղաների հետ դեպքերն է վերլուծում, հարկ եղած ժամանակ մեկնում է դեպքի վայր, իրավիճակին ծանոթանում: Ասում է՝ մեկ ընտանիքի նման են եղել, երբեք իրեն բարձր չի դասել ոչ մեկից, աշխատել են «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով, տղաների հետ հավասար մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին, վթարների վայր մեկնել, առաջին բուժօգնություն ցուցաբերել, մասնակցել վարչական շենքի վերանորոգմանը, բարեկարգել տարածքը, թեև 1949-ից կառուցված շենքում հիմնանորոգման անհրաժեշտություն այսօր էլ զգացվում է:

Հրամանատարը մշտապես հպարտացել է իր ջոկատով. «Մի քանի տարի առաջ «Արձագանք» ծրագրով կազմակերպված «Փրկարարական աշխատանք և բուժօգնություն» միջոցառման հանրապետական փուլին ՀՓՋ-ի տղաները «Մարտունի» բուժկենտրոնի աշխատակիցների հետ միասին լավագույն թիմ են ճանաչվել»:

Տարիների հեռվից, հայացք նետելով անցած ուղուն, ուրախությամբ նշում է, որ այժմ ջոկատի հնարավորություններն անհամեմատ բարելավվել են: Եթե նախկինում հրդեհներ մարելիս խնդիրներ էին առաջանում, դեպքի մեկնելիս մեքենան էր խափանվում, կամ ջուրը չէր բավականացնում, ստիպված երկրորդ մեքենայի օգնությանն էին դիմում, ապա այսօր ունեն 4 անգամ ավելի մեծ՝ 9 տ տարողությամբ «Կամազ» մակնիշի ավտոմեքենա: Գոհ է ընտրած ուղուց, երջանիկ է թողած ժառանգությամբ, միայն մի բան է պակասում երջանկությունը լիարժեք դարձնելու համար: Անկեղծ խոստովանում է, որ իրեն լիարժեք երջանիկ կզգա, երբ երկու տղաներին ամուսնացած տեսնի, իսկ պարապության հետ կռիվ տալու փոխարեն օրերը լցվեն պապ ու թոռ անվերջանալի զրույց-խաղերով:

Հասարակ միլիցիոներից մինչև ՀՓՋ հրամանատար  ընկած երկար ու ձիգ ճանապարհը հարթ ու դյուրին չի անցել, սակայն դժվարությունների մասին բարձրաձայնել չի սիրում, կարևորը՝ ստանձնած յուրաքանչյուր գործ մեծ պատասխանատվությամբ է կատարել: «1977-1985 թթ. տրանսպորտի վարչության Սևանի գծային ՆԳ բաժանմունքում որպես միլիցիոներ եմ աշխատել, եղել եմ նաև ավագ տեսուչ, այնուհետև Մարտունու ներքին գործերի բաժնի հրդեհային հսկողության բաժանմունքի պետի պաշտոնը ստանձնել, 2003-ից Արտակարգ իրավիճակների վարչությունում եմ… մինչև 2015 թվականը Մարտունու ՀՓՋ հրամանատարն եմ եղել, որից հետո անցել թոշակի, ինչի հետ այդպես էլ չեմ համակերպվում»,- խոստովանում է նախկին հրամանատարը, որին պաշտոնը թողնելուց առաջ գնդապետի կոչում շնորհվեց՝ Արցախյան մարտական գործողությունների մասնակցելու և բազմամյա փորձի համար:

Արցախյան գոյամարտի տարիներին Քարվաճառում, Լաչինում, Մեղրիում, Կապանում, Գորիսում, Վարդենիսում մասնակցել է պաշտապանական գործողություններին: «Շրջափակման մեջ ենք ընկել, ջոկատից վիրավորներ ունեցել, որոնց Քելբաջարից ուղղաթիռով Վարդենիս են բերել, սոված ենք մնացել, զինամթերքի խնդիր ունեցել…, բայց երբ նվիրվում ես հայրենիքիդ պաշտպանությանը, աչքիդ ոչինչ չի գալիս»,- նախկին հրամանատարը զրույցը մի պահ տեղափոխում է 1990-ականների սկիզբը, երբ սահմանի պաշտպանությունն ու երկրի խաղաղությունն ամեն հայի երանելի ցանկությունն էր, այդ թվում նաև իր կնոջ և հոր գալստյանն անհամբեր սպասող 8-ամյա և 10-ամյա որդիների:

Բազմաթիվ մեդալներ ու շնորհակալագրեր ունի, մարտական գործողությունների մասնակցության համար նույնպես մեդալով պարգևատրվել է, ունի նաև տարվա լավագույն հրշեջ-փրկարարի մեդալ, բայց խոստովանում է, որ երբևէ պարգևատրումների արժանանալու, մեդալներ ստանալու համար չի աշխատել: Ամենաբարձր գնահատականը մինչև օրս մարդկանց կողմից վայելող սերն ու հարգանքն է, ինչի համար էլ կրկին ու կրկին համոզվում է, որ զուր չեն անցել ծառայության շուրջ երեք տասնյակ տարիները…

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ