Գլխավոր ՀՀ ԱԻՆ Կենսագործունեության միջավայրի անվտանգություն

Կենսագործունեության միջավայրի անվտանգություն

687
Տարածել

Շրջակա միջավայրի մասին կամ, ինչպես ասում են, էկոլոգիական տեղեկությունները հնարավորություն են տալիս միջոցներ ձեռք առնել տարբեր սպառնալիքների ու ռիսկերի հնարավոր վնասների կանխարգելման կամ մեղմացման ուղղությամբ:

 

Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկությունը բազմազան է. տվյալներ օդի, մթնոլորտի, ջրերի, հողերի, լանդշաֆտի, բնական օբյեկտների, էներգիայի, աղմուկի, ճառագայթման և այլնի մասին:

Շրջակա միջավայրին և մարդու առողջությանը սպառնացող վտանգների գերակշիռ մասն առաջանում է մարդու գործունեության հետևանքով: Ուստի, մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության բնագավառում գործողությունների արդյունավետ պլանավորման և համակարգման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և լիարժեք տեղեկություններ շրջակա միջավայրի ցուցանիշների, դրանց փոխազդեցության վերաբերյալ: Հայաստանում առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալներ հավաքագրվում և վերլուծվում են տարբեր պետական կառույցներում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է ճառագայթային, քիմիական, կենսաբանական (ՃՔԿ) իրավիճակի մոնիթորինգ և տվյալների համակարգում՝ բնակչության պաշտպանության միջոցառումներ մշակելու նպատակով: Բացի սրանից՝ ԱԻ նախարարությունը հսկում է հիմնարկների, կազմակերպությունների պատրաստվածության վիճակը, ղեկավարում դրանց աշխատանքը ճգնաժամային պայմաններում, կազմակերպում այդ հիմնարկների մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը։

Հայաստանի տարածքի ՃՔԿ իրավիճակի հսկողության համակարգն ունի երկու մակարդակ.

  1. Հանրապետական. պետական կառավարման մարմիններ, նրանց ենթակա կազմակերպություններ, որոնց գործունեությունը՝ ՃՔԿ իրավիճակների բնագավառում, անմիջականորեն համակարգում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
  2. Մարզային. մարզերում և համայնքներում գործող մշտական հսկողության համակարգի կազմակերպությունները, որոնք տեղեկություններ են ներկայացնում ՀՀ ԱԻՆ մարզային ստորաբաժանումներին։

Առողջության վրա շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցության գնահատման համար սովորական կարգով հավաքված տվյալների հետ մեկտեղ անհրաժեշտ է օգտագործել նաև հատուկ հարցումների և համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները, ստանալ հնարավորին չափ շատ հավաստի տեղեկություն «Շրջակա միջավայր-առողջություն» շղթայի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ: Դա թույլ կտա ոչ միայն կանխատեսել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը բնակչության առողջության վրա, այլև հայտնաբերել աղտոտման աղբյուրները և դրանց հաշվեկշիռն այլ աղտոտիչների կազմում: Սա մեծ չափով կօժանդակի ճգնաժամի հաղթահարմանը: Առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման բնագավառում առավել արդյունավետ միջճյուղային համագործակցություն ապահովելու նպատակով երկիրը պետք է կողմնորոշվի, թե ինչպես պետք է բարելավել առողջության և շրջակա միջավայրի գործոնների ռիսկի հետ կապված առողջապահական հաշվետվություններում ներկայացվող տեղեկությունները:

Մեր երկրում դեռևս լուծված չեն էկոլոգիական, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անվտանգության բոլոր հիմնախնդիրները: Շրջակա միջավայրի անվտանգության  տարրական կանոնների կիրառումը կարող է ապահովել պետության սահմանած այն երաշխիքների առկայություն, որոնք բացառում են մարդու վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսագործունեության համար՝ դառնալով հանրապետության բնակչության կենսագործունեության անվտանգության ապահովման բաղկացուցիչ:

 

Հրապարակումը պատրաստվել է Արայիկ Գասպարյանի և Ռուզաննա Ղարիբյանի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթը մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության կառավարման  գործընթացում» զեկույցի հիման վրա: