Գլխավոր Նորություններ «ԳՐԵՆՖԵԼ ԹԱՈՒԵՐԻ» ՀՐԴԵՀԸ

«ԳՐԵՆՖԵԼ ԹԱՈՒԵՐԻ» ՀՐԴԵՀԸ

512
Տարածել

Հունիսի լույս 14-ի գիշերը Լոնդոնում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել: 120 բնակարան ունեցող 24 հարկանի «Գրենֆել Թաուեր» շենքի ստորին հարկերում բռնկված կրակն արագորեն կլանել է ողջ շինությունը՝ դառնալով վերջին 70 տարիների ընթացքում ամենախոշոր հրդեհը:

Մեր հայրենակից Մեսրոպ Կասեմջյանն իր ընկերուհու և 68-ամյա հորաքրոջ հետ հրաշքով է փրկվել հրդեհվող շենքի 17-րդ հարկից: «Շենքը մոմի պես սկսեց այրվել: Ֆիլմ էի դիտում, երբ տեսա, որ հրդեհ է»,- պատմել է Մեսրոպը:

Լոնդոնի երկնաքերի հրդեհի հետևանքով մի քանի հարյուր մարդ համարվում է անհետ կորած: Շենքի շուրջ 500 բնակիչներից շատերը հրդեհի բռնկման պահին քնած են եղել: Դեռևս անհայտ է՝ նրանցից քանիսին Է հաջողվել փրկվել: Կան բազմաթիվ տուժածներ: Զոհերի թիվն առնվազն ութ տասնյակ է, կան անհետ կորածներ: Ակնհայտ է, որ բազմահարկում բավական դժվար է լինելու մարմինների հայտնաբերումն ու նույնականացումը:

Սոցցանցերում լոնդոնցիները հաղորդագրություններ են տարածում՝ փորձելով գտնել իրենց մերձավորներին, որոնք կարող Էին գտնվել շենքում:

Մինչ Լոնդոնի ոստիկանությունը փորձում է պարզել՝ կատարվածում հանցակազմ կա՞, թե՝ ոչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է միջադեպի հանգամանքները պարզելու հանրային հետաքննության մասին: Մեյը նշել է, որ արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից տուժածներին կվճարվի 5500-ական ֆունտ սթերլինգ՝ մոտ 6276 եվրո փոխհատուցում: Բացի դրանից՝ բրիտանացի կամավորներն ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստերլինգ են հավաքել Լոնդոնում հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների համար։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ծաղրել, դատապարտել է անվտանգության հրահանգները, ըստ որոնց՝ հրդեհի դեպքում մարդիկ պետք է մնան իրենց բնակարաններում, մինչև հրշեջ ծառայությունները ժամանեն: Նման խորհուրդը մահաբեր է, եթե կրակն արագորեն տարածվում է՝ ինչպես եղավ «Գրենֆել Թաուեր»-ում: Հրդեհի բռնկման նախնական վարկածը երկնաքերի ներքևի հարկերից մեկում գտնվող անսարք սառնարանն է եղել: Սակայն բնակիչների նախաձեռնող խումբը նշում Է, որ բնակիչներն ավելի վաղ ևս գանգատվել Էին շենքում բնակվելու վտանգավոր պայմաններից: Դեռևս 2014-ին նրանք հրշեջ պահպանությանն Էին դիմել շենքի վերանորոգման կապակցությամբ և ուշադրություն Էին հրավիրել այն բանի վրա, որ շենքը միայն մեկ մուտք ունի, և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել: Երեք տարի անց ցավալիորեն իրականացան մարդկանց կանխատեսումները:

Տևական ժամանակ կրակը չէր մարում, փրկարարական աշխատանքները դժվար էին ընթանում, քանի որ չկային նպաստավոր պայմաններ: Դեռևս անհայտ է, թե ինչը կարող Էր այդչափ մեծ մակերեսով հրդեհի պատճառ դառնալ: Ենթադրություններ կան, որ կրակն արագորեն տարածվել Է արտաքին հարդարման աշխատանքներում օգտագործված մեծ քանակությամբ ցածրորակ պլաստիկե նյութի պատճառով: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական հետապնդում կսկսի: Այդ առիթով Ավստրալիայի սենատի հանձնաժողովը պիտի քննի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացրած ավստրալական Rydon ընկերության հարցը: Մինչդեռ շինարարական ընկերությունը հայտարարում է, որ շենքը վերանորոգվել է անվտանգության բոլոր չափանիշների խստիվ պահպանմամբ:

Հրդեհի պատճառներից մյուս շրջանառվող տարբերակը ահաբեկությունն է: Թերևս, այս տրամաբանական շղթայի շարունակությունն է Լոնդոնի մեկ այլ հատվածում ծայր առած ահաբեկությունը, այս անգամ՝ մահմեդականների դեմ:

Հունիսի 18-ի գիշերը Լոնդոնի հյուսիսային կողմում՝ ծայրահեղական այցելուներով հայտնի մզկիթի հարևանությամբ, բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մզկիթից դուրս եկող մարդկանց բազմության մեջ: Վրաերթի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, ավելի քան տասը՝ վիրավորվել: Բեռնատարի 48-ամյա վարորդը փախուստի դիմելիս ձերբակալվել է:

Վարչապետ Մեյը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ իրավապահները քննում են ահաբեկության վարկածը: Սա այս տարվա չորրորդ ահաբեկությունն է Լոնդոնում, վերջին մեկ ամսվա ընթացքում՝ երրորդը: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը «նողկալի» է որակել կատարվածը: Նա ասել է, որ մահմեդականների վրա հարձակումը նույնքան կործանարար է երկրի համար, որքան վերջին շրջանի մյուս հարձակումները:

 

Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆ