Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԳՈՐԾԱՐԱՐ-ՓՐԿԱՐԱՐԸ

ԳՈՐԾԱՐԱՐ-ՓՐԿԱՐԱՐԸ

839
Տարածել

Ակադեմիայի շրջանավարտների հետքերով

Ճգնաժամային կառավարման պետակադեմիան տարեկան հարյուրավոր շրջանավարտներ է տալիս։ Նրանցից շատերն աշխատանքի են անցնում փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում, ոմանք՝ այլ ճանապարհ ընտրում։

 

22-ամյա Մհեր Մկրտչյանը հաջողակ գործարար է։ 2016-ի ապրիլին հիմնել է «Թիմ Թայմ» ժամանցի կենտրոնը։ Կատակով վերհիշում է ակադեմիայում վատ վարքի պատճառով վաստակած նկատողությունները։ Այդուհանդերձ, բոլոր դասախոսների հետ մինչև օրս ջերմ կապ է պահպանում, հաճախ այցելում նրանց։ «Հատկապես սիրում էի հոգեբանության և կառավարման դասերը։ Այդ ժամանակ եմ ծանոթացել ժեստերի լեզվին, հռետորաբանության և ճիշտ հաղորդակցման գաղտնիքներին։ Սովորել եմ ցանկացած խնդիր սխեմատիկ պատկերել, ինչի շնորհիվ լուծում գտնելը հեշտանում է»,- ասում է «Ճգնաժամային կառավարում» բաժնի նախկին շրջանավարտը։

Կուրսում ամենաակտիվ ուսանողներից էր։ Արդյոք փորձառու դասախոսների հետ «գաղափարական» բախումներ չե՞ն եղել՝ հարցնում եմ։ Նշում է՝ եթե ասելիքդ զուտ բողոք է, այլ ոչ թե՝ հիմնավորված առաջարկ, հաղթում է ավանդական մեթոդիկան։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ակադեմիայում ողջունում են նոր գաղափարները։

Ուսանողական 4 տարիներից առանձնացնում է արտադրական պրակտիկան. խմբով ստուգայցեր են կատարել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Ազգային պատկերասրահում և այլուր, գնահատել հնարավոր ռիսկային իրավիճակները, ինչպես նաև հիդրավլիկ գործիքների օգնությամբ տարբեր փրկարարական աշխատանքներ կատարել։

Մհերի կարծիքով՝ փրկարարի մասնագիտությունն ընտրած ուսանողն ավելի հմտորեն կգործի, եթե հնարավորություն ունենա հաճախ փորձարկելու տեսական գիտելիքը. «Լսարանում բուժօգնություն ցուցաբերելը տարբերվում է դաշտային պայմաններում նույն գործողությունը կատարելուց։ Ցանկալի է՝ պրակտիկ դասընթացները շատ լինեն, որպեսզի, օրինակ՝ առանց պատճառի ուշաթափության դեպքում ուսանողը հստակ իմանա իր անելիքը և չվախենա օգնել տուժածին»։

Երիտասարդը նաև սկսնակ արշավական է։ Խոստովանում է՝ ծանոթություններն ու առողջարար զբոսանքը օրվա ավարտին նոր մտքեր են ծնում, որոնք միշտ կյանքի է կոչում։ Բացի դրանից՝ արշավների ժամանակ ստեղծվում է ամուր ընկերություն և սեր դեպի բնությունը։ Եղել է՝ ամբողջ խմբով շեղվել են հիմնական երթուղուց, որպեսզի մաքրեն ճամփեզրին կուտակված աղբը։

Ընկերական ժամանցի կենտրոնը ստեղծվել է ֆրանսիական մոդելով. նպատակն է թեյի, սուրճի և քաղցրավենիքի շուրջ հավաքված անծանոթների միջև համագործակցություն հաստատել։ «Մարդիկ երեք խմբի են բաժանվում՝ գործարարներ, պետական աշխատողներ և աշխատանք փնտրողներ։ Բոլորի համար թեմատիկ հանդիպումներ ենք կազմակերպում։ Օրինակ՝ պետական հիմնարկներում աշխատողները հաճախում են հոգեբանական սեմինարների, սովորում՝ ինչպես կարելի է հարթել կոնֆլիկտները գործատուի հետ կամ սպասարկման ոլորտում հաջողության հասնել։ Շատերը հետաքրքրված են ռուսերենի և անգլերենի խմբակներով, որտեղ կարելի է խոսակցական հմտություններ զարգացնել»,- հավելում է Մհերը։

Ճգնաժամային կառավարման մասնագետը հատկապես կարևորում է առաջին բուժօգնությունը։ Արշավական Աշոտ Դավթյանի և «Սպարտա գոյատևման կենտրոն» ՀԿ նախագահ Սպարտակ Հովհաննիսյանի օգնությամբ երեք ամիս շարունակ կազմակերպվել են դասընթացներ տարհանման, տարբեր կոտրվածքների, ջրահեղձության և թունավոր սողունների խայթոցի դեպքում վարվելակերպի վերաբերյալ։ Մհերի խոսքով՝ մասնակցել են տարբեր տարիքային մարդիկ՝ դպրոցահասակ երեխաներից մինչև տարեցներ։

Կենտրոնը սեփական գրադարանն ունի։ Գրքերի մեծ մասը ձեռք է բերվել նվիրատվության և փոխանակման արդյունքում։ Ընթերցանությունը խթանելու նպատակով ամեն շաբաթ գրքի մրցույթ է անցկացվում։

Թվում է, թե երիտասարդ տարիքում հաջողակ լինելը վերին նախախնամություն է։ Մհերը հերքում է՝ ամեն ինչի կարելի է հասնել ցանկության և ինքնակատարելագործման շնորհիվ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

 

Հ.Գ. Զրույցից օրեր անց տեղեկանում եմ՝ երբեք փրկարարի համազգեստ չկրած երիտասարդը պարբերաբար աջակցում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների և զինհաշմանդամների ընտանիքներին։ Իսկ խխունջային ներպատվաստում տարած երեքամյա Մանե Հարությունյանն ապաքինվել է կենտրոնի այցելուների հանգանակության շնորհիվ։