Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳ, ԱՐԴԱՐ, ԱԶԱՏ ԵՎ ԽԵԼԱՑԻ

ԱՆՎՏԱՆԳ, ԱՐԴԱՐ, ԱԶԱՏ ԵՎ ԽԵԼԱՑԻ

784
Տարածել

Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցում

Ազգային ժողովը հաստատել է «2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը»: Առանցքը մեծամասշտաբ բարեփոխումներն են՝ «Մենք պետք է ունենանք անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան» հիմնական սկզբունքով: Ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն, ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար: Ըստ կառավարության՝ Հայաստանը պետք է դառնա հայության միավորման, նրա հնարավորությունների, կարողությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն: Ծրագրի հաջողության գրավականը երկրի քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն է առաջարկվող բարեփոխումներին: Կառավարությունը պարտավորվում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը հասարակությունում, իսկ դրան հասնելու համար զարգացնել կառավարման ինստիտուտների կարողությունները՝ այն դարձնելով առավել արդյունավետ և մարդակենտրոն: Ծրագիրը նախատեսում է ապահովել մրցակցային միջավայր, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի մեծացնել ներդրումների ծավալը, ստեղծել բարենպաստ գործարար միջավայր, ինչն էլ կնպաստի նոր աշխատատեղերի բացմանը: Բոլորը պետք է վստահ լինեն իրենց ներուժն առավելագույնս Հայաստանում կյանքի կոչելու հնարավորության հարցում, երկրի զարգացման հիմքում պետք է դրվի «խելացիի» գաղափարը: Տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ ժամանակակից, աշխարհում մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ, մոտիվացված և շարժունակ աշխատուժի: Նպատակին հասնելու համար կառավարությունը կվերանայի երկրում գործող կրթական համակարգը՝ հանրությանը զինելով այն գիտելիքով, որը կենսական նշանակություն կունենա հաջորդ տասնամյակներում: Ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար խելացի և նորարար տնտեսություն ունենալն այլընտրանք չունի:  Ավելի քան 7 մլն հայ ապրում է Հայաստանից դուրս: Մեր նպատակը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Մենք հաջողելու այլ ճանապարհ չունենք, գրված է ծրագրում, որտեղ նաև առանձնահատուկ անդրադարձ կա արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը:

«Կառավարության ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր»,- ԱԺ-ում ծրագրի քննարկմանն ասել է վարչապետը։  Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը՝ հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:

Կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու.

  1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի իրավական դաշտի կատարելագործման նպատակով գործադիրը նախատեսում է մինչև 2018-ի ավարտն իրականացնել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» և այլ իրավական ակտերում փոփոխություններ նախատեսող նախագծերի մշակում:
  2. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության ապահովման նպատակով կառավարությունը նախատեսում է 2017-2022 թթ. ընթացքում կազմակերպել և ապահովել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարհանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության շտաբների և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստությունը:
  3. Աղետների ռիսկի նվազեցման էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ստեղծման նպատակով կառավարությունը նախատեսում է 2017-2020 թթ. ընթացքում գործարկել աղետների ռիսկի նվազեցման էլեկտրոնային միասնական կառավարման համակարգ։
  4. Աղետների վաղ ազդարարման և հուսալի ու կայուն կապի համակարգերի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է 2017-2022 թթ. ընթացքում ներդնել բնակչությանն աղետների վաղ ազդարարման և իրազեկման ժամանակակից համակարգ՝ թվային կապի կիրառմամբ:
  5. Փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի զարգացման, ուսուցման և համագործակցության նպատակով 2017-2022 թթ. ընթացքում կառավարությունը նախատեսում է՝

1) Ստեղծել և զարգացնել փրկարարական և արագ արձագանքման այլ ուժեր, այդ թվում՝

ա. սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության 10 հենակետերի կարողությունների զարգացում, ինչպես նաև Տավուշի մարզում 6 և Վայոց ձորի մարզում 4 քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծում,

բ. անտառային հրդեհների մոնիթորինգի և կանխատեսման կարողությունների զարգացում,

գ. ինժեներասակրավորական և կինոլոգիական խմբերի կարողությունների զարգացում,

դ. Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան ներքին որակավորված թիմերի ստեղծում,

ե. 2019-2021 թթ. ընթացքում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում վարժահրապարակների կառուցում,

զ. 2018-2022 թթ. ընթացքում փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի հետ համատեղ ուսումնավարժությունների անցկացում, փոխհամագործակցության և գործնական հմտությունների մակարդակի բարձրացում։

  1. Աղետների ռիսկի նվազեցման կրթական համակարգի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թթ. ընթացքում իրականացնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հավատարմագրման գործընթացը՝ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր կրթական մեխանիզմների, ծրագրերի ներդրմամբ:

  1. Աղետների բժշկության համակարգի կատարելագործման նպատակով 2017-2022 թվականների ընթացքում կառավարությունը նախատեսում է՝

1) իրականացնել վերապատրաստումներ՝ ուղղված բուժաշխատողների մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ուսուցողական բնույթի միջոցառումներ,

2) ստեղծել առողջապահության նախարարության հետ համատեղ աղետների բժշկությամբ վերապատրաստված մասնագետների հաշվառման միասնական բազա:

  1. Համայնքի աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման նպատակով կառավարությունը նախատեսում է 2017-2022 թթ. ընթացքում ներդնել սահմանամերձ մարզերի քաղաքային համայնքներում ճգնաժամային կառավարման համակարգ՝ աղետների ռիսկի կառավարման գործընթացներում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ:
  2. Միջազգային և տարածաշրջանային մակարդակով կայուն գործընկերության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2022 թթ. ընթացքում զարգացնել հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը, ինչպես նաև խթանել մասնակցությունը միջազգային կառույցների և գործընկեր երկրների կողմից իրականացվող աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ծրագրերին և միջոցառումներին:
  3. Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարման կարողությունների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020 թթ. ընթացքում մշակել և հաստատել «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարման կարողությունների զարգացում» պլան։
  4. Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թթ. ընթացքում արդիականացնել, թվայնացնել և ընդլայնել սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգն ապահովող ազգային դիտացանցը՝ կապի ժամանակակից միջոցների համալրմամբ.

2) 2018-2020 թթ. ընթացքում մշակել կարևոր ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիր:

  1. Հիդրոօդերևութաբանական և հակակարկտային համակարգերի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017-ի ավարտը մշակել հակակարկտային պաշտպանության համակարգի զարգացման 2017-2021 թթ. միջոցառումների ծրագիր.

2) 2018-2019 թթ. ընթացքում ստեղծել հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ և փոխլրացնող համակարգ՝ ներառելով նաև հրթիռահրետանային պաշտպանության ժամանակակից միջոցները.

3) 2017-2022 թթ. ընթացքում իրականացնել հիդրոլոգիական և օդերևութաբանական դիտարկումների պետական ցանցի փուլային արդիականացում և ավտոմատացում:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ