Գլխավոր Նորություններ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ-200

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ-200

780
Տարածել

Հունիսի 17-18-ը Երևանի ֆիլատելիստների տանը ցուցադրվեց Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոման Հակոբյանի՝ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված նամականիշների հավաքածուն: Հավաքածուում ներկայացված էին եզակի նամականիշներ թողարկված չուվաշական Չեբոկսարում, Բուրունդիում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում: Վերջին երկու երկրներում թողարկվել են նաև հայերեն գրով նամականիշներ: Սա մեծ ծովանկարչի 200-ամյակին նվիրված առաջին միջոցառումն էր Հայաստանում: Մեկ տարուց ավելի է, որ Ազգային պատկերասրահը պատրաստվում է Մեծ ծովանկարչի հոբելյանին: Այվազովսկու կտավների ցուցադրություններ են լինելու Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թեոդոսիայում և ռուսական այլ քաղաքներում: Նկարչի բեղմնավոր վրձնին են պատկանում ավելի քան 6000 գեղանկարներ, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրների պատկերասրահներում և անձնական հավաքածուներում: Նրա ծովանկարներով է զարդարված նույնիսկ Թուրքիայի նախագահական պալատը: Այվազովսկու կտավներից առանձնանում են հատկապես Արարատին նվիրված մի քանի կտավներ, որոնցից ամենահայտնին «Նոյն իջնում է Արարատից» գեղանկարն է: Ֆիլատելիստ Ռոման Հակոբյանը մեծ գեղանկարչին նվիրված ցուցադրության մեջ ներկայացրել է նաև նրա մասին ասացվածքներ, որոնցից ամենահիշարժանը Մարտիրոս Սարյանինն է: Նա 1967-ին գրում է. «Այվազովսկու արվեստը մարդու և մարդկության արվեստ է, ճնշման, դեսպոտիզմի ժխտում: Նա ազատության անհագ ծարավի, նրա փառաբանման նկարիչն է, բնության մեծ սիրո երգիչը»:  Ցուցադրության մեջ ներկայացված էին նաև Այվազովսկու մի շարք նկարների լուսանկարներ՝ «Այվազովսկու հոգեկապը Հայաստանի հետ» խորագրի ներքո:

Ի դեպ, Ռոման Հակոբյանը 2017-ի մայիսին Մինսկում կազմակերպած նույն ցուցադրության համար պարգևատրվել է արծաթե մեդալով: