Գլխավոր Նորություններ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ԴՈՒՐՍ

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ԴՈՒՐՍ

697
Տարածել

Հեռվում սահմանն է, Հին Տիգրանակերտի ստորոտում՝ ձին՝ երիվարը: Թվում է լուսանկարից դուրս՝ դեպի Քեզ, այրուձին է կանգնած՝ հայացքը Արցախի սահմանին: Անծայրածիր հորիզոնում կարծես երևում է ղողանջների ճախրանքը: Առաջնագիծը հորիզոնն է՝ այնտեղ կանգնած կապույտ հոգու աղոթանքով մեր զինվորը՝ ամենայն թափով նոր հորիզոն բանալու գիտակցությամբ: Լուսանկարի հեղինակը Արցախի Տիգրանակերտը հազարամյա հաստ հողաշերտից նորից մեզ, լույս աշխարհին ընծայած հնագետ պրոֆեսոր Համլետը Պետրոսյանն է: Նրա համար հորիզոնը վերը նկարագրված պատկերն ու իմաստն ունի: Նրա համար Հայրենիքը հորիզոնի նման ծայր չունի: Ու շատերիս համար… Ու արդեն քանի՜ տարի բացվում է Տիգրանակերտը պեղումներով, որպես հորիզոնի պահապան անառիկ կառույց՝ բլուրն ի վար փռված սպիտակափայլ սուր: Ու որքան բացվում է Տիգրան Մեծի ամրոցը, այնքան հորիզոնում ավելի գոռ են հնչում ղողանջները:

Մենք փորձում ենք աշխարհին պարտադրել մեր ճշմարտությունը: Աշխարհից խլել մեզանից գողացված մեր հին պատմությունը:

Ցարական ժամանակներում եվրոպական գիտնականների մեծ խումբ ժամանեց Հայաստան ուսումնասիրությունների: Տեսածից զարմացան ու իրար մեջ քչփչացին մոտավորապես սա. «Եթե հայերն իմանային, թե ինչե՜ր ունեն իրենց երկրում»:

19-20-րդ դարի ֆրանսիացի մտածող Ֆրանսուա Բլուան գիտեր ավելին, երբ գրում էր. «Գիտե՞ս, ինչ է հայ ժողովուրդը: Ժողովուրդ է, որն ունի մարդկության ամենահին պատմությունը»: Սա օտարների վերաբերմունքն է:

Մեզանում կան «մտավորական» կոչումով մարդիկ, որոնք մեղանչում են հայկական ծագմամբ ցանկացած պատմական ճշմարտության դեմ, նրանց համար ճշմարտության սահմանը օտարներն են: Եթե ասում է օտարը, ուրեմն անքննելի է ասվածը: Իսկ երբ ասում է հայը, նույնիսկ ապացուցվածը, ազգային սնապարծություն է: Օտարամոլներին Բլուայի խոսքը, կարծում եմ, բավարար է: Թե ոչ, ավելացնեմ նաև Հենրիխ Շլիմանինը՝ «Եվրոպայի դժբախտությունն է, որ նա որպես քաղաքակրթության հիմք ընդունեց Հունաստանը և ոչ թե Հայաստանը»:

Մենք դուրս ենք եկել նոր ճանապարհ: Հնագետի բրիչով փորփրում ենք պատմության անցքերը, վերադառնում անցյալին, հնին, քննում, վերարժեվորում՝ գտնելու համար մեր պատմական ԵՍ-ը: Շատերը դա իրականությունից փախուստ են համարում: Բայց այդպես չէ: Նորօրյա մեր ճանապարհի փնտրտուք է դա: Փորձում ենք պարզել, թե որտեղի՞ց ենք գալիս, որպեսզի հստակեցնենք մեր դեպի ուր գնալը՝ վերջնականապես:

Իսկ ո՞ւր ենք ձգտում, մեր սահմանը ո՞րն է, ո՞ր հորիզոնում:

Հիշեմ «Նյու Յորք թայմսի» լրագրողի հայտնի խոսքը, որպեսզի հստակ պատերացվի Հայ տեսակի կարողության սահմանը, որն ամենայն թափով հորիզոններ է կտրում. «Ինձ թվում է,- ասում է նա,- որ հայերը Մասիսը ստեղծել են Աստծո արարչագործությունից առաջ: Աստված հազիվ թե այնպիսի տեմպ ուենար, ինչպիսին ունեն քանքարներով օժտված հայերը»: Եվս մեկ օտարի խոսք մեր մասին օտարամոլների համար, որի տակ Հայոց այրուձիու սլացքը կա:

Համոզվեցի՞ք, որ օտարները լավ են ճանաչում Հայի տեսակը, քան մենք՝ ինքներս մեզ:

Մտածենք այս մասին…

Մտածենք, որովհետև եթե երկրին էլ տեր չեն հեծյալները, ձիերը դառնում են լծկան… Վերագտնենք մեր Տիգրանակերտները նոր հորիզոններում:

Լուսանկարից դուրս՝ դեպի Քեզ, այրուձին է կանգնած: