Գլխավոր Նորություններ ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ Է ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ Է ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

602
Տարածել

 

ՀՀ ԱԻՆ առաջարկով կառավարությունը որոշել է միավորել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները եւ դրանք միացնել «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման համաձայն, միացյալ կազմակերպությունը կկոչվի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Փոփոխություններ կլինեն նաեւ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում: Միավորումների եւ փոփոխությունների արդյունքում «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում կկրճատվի 10, «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունում»՝ 16, «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունում»՝ 14, «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայությունում»՝ 10 հաստիք: Ընդամենը՝ 50 հաստիք: Սեյսմիկ պաշտպանության մարմինների բարեփոխումների արդյունքում տարեկան կտնտեսվի  76,546 մլն դրամ:

Այս ամենի նպատակն է հստակեցնել գործառույթներն ու խնդիրները, միմյանց կրկնող ստորաբաժանումները միավորել, առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները, հնարավորինս կենտրոնացնել, պարզեցնել և հստակեցնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական ու նյութատեխնիկական միջոցների ստացումը, բաշխումը, նվազեցնել ծախսը, ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների առավել արդյունավետ գործունեություն, նպատակների առավել արդյունավետ իրականացում:

Ինչո՞ւ է օպտիմալացվում համակարգը.

Պարզաբանում է ՀՀ ԱԻՆ-ը Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է… 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո, դեռևս 20-րդ դարի վերջին ձևավորվեց սեյսմիկ մոնիթորինգի Ազգային դիտացանցի համակարգը: Այսօր այն կարիք ունի արդիականացման և համապատասխանեցման միջազգային բարձր չափանիշներին: Սեյսմիկ մոնիթորինգի համակարգի օպտիմալացումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և վերը թվարկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքագրման, նրանց գործառույթների ու խնդիրների արդիականացման և կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման նպատակով: Հարկ է նշել, որ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հատկանշական է, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները: Ներկայացվող նախագծով տրվող կարգավորումների նպատակն է օպտիմալացման, վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային բարեփոխումների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ կազմում գործող մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը և առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը: Նախատեսվում է բարելավել և արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր լինի կանխատեսումներ անել: Ակտիվանալու է նաև համագործակցությունը միջազգային ոլորտում, ինչի շնորհիվ կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային մասնագիտական փորձը: