Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. աղիքային

Վարակներ. աղիքային

851
Տարածել

Աղիքային վարակներն են. որովայնային տիֆը, պարատիֆերը, դիզենտերիան, հեպատիտ A-ն, խոլերան, սալմոնելոզը, բրուցելոզը և այլն: Վարակումը՝ մարսողական ճանապարհով՝ բերանով: Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) մարմնից կղանքի հետ: Արտազատված հարուցիչներն անսարք կոյուղու, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով կամ այլ ճանապարհներով կարող են ընկնել ջրի, սննդի, շրջակա առարկաների վրա և տարածվել: Աղիքային վարակների ամենաակտիվ շրջանը ամռան և աշնան ամիսներն են:

Աղիքային վարակների նշաններն են. լուծ, երբեմն արյան, լորձի, թարախի խառնուրդներով, սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, որովայնային ցավեր, մարմնի ջերմաստիճանի փոփոխություն:

Աղիքային վարակները կարող են բերել ջրազրկման, հեղուկի և աղերի մեծ քանակի կորստի: Ջրազրկումը վտանգավոր է, քանի որ ջրի և աղերի կորուստը բերում Է արյան խտացման և ազդում Է բոլոր համակարգերի, հատկապես՝ սրտանոթային համակարգի գործունեության վրա: Ջրազրկումը բացառելու համար տուժածին՝ վարակվածին մեծ քանակությամբ հեղուկ տվեք և ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ (ռեհիդրոն, օրալիտ և այլն)՝ պարտադիր պահպանելով դրանց պատրաստման կանոնները՝ 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք մեկ լիտր ջրում: Ժամը մեկ տուժածին տվեք առնվազն երկու բաժակ այդ լուծույթից: Տուժածը պետք Է լուծույթը խմի կում-կում՝ մեկ բաժակը 10 րոպեում: Կես լիտրից ավելի սովորական ջուր մի տվեք: Ահազանգեք արագ արձագանքման ծառայություններ:

Վարակիչ հիվանդության ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն կարող է նպաստել, որ մասնագիտական օգնությունը դառնա առավել արդյունավետ, և կանխվի վարակի հետագա տարածումը: