Գլխավոր Նորություններ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

825
Տարածել

Հունիսի 12-ին հանրապետության տարածքում քամու, կայծակի և ամպրոպի ուղեկցությամբ հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքով ջրով ողողվել էին Երևանի մի շարք փողոցներ, տեղ-տեղ կաթվածահար էր եղել երթևեկությունը, ջրի մեծ հոսքը ծառերից պոկված ճյուղերն ու տերևները լցրել էր գետնանցումները, խցանել սելավատարները: Մեքենաներն ու երթուղայինները գրեթե կիսով չափ հայտնվել էին ջրի մեջ, ինչի հետևանքով ճանապարհներին առաջացել էին խցանումներ: «Հիդրոմետ» ծառայության տվյալներով՝ այդ օրը մայրաքաղաքում տեղացել է 13-14 մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների միջին ամսական քանակի 50 տոկոսը:

Առատ անձրևից Նոր Նորքի վարչական շրջանում ամբողջովին փլվել էր մոտ 35 մ երկարությամբ բազալտե հենապատը: Փլատակների տակ է մնացել հենապատի տակ կայանած  Nissan Cube մակնիշի ավտոմեքենան:

Կարկուտը մեծ վնած է հասցրել Երևանի, Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի, Լոռու  մարզի Վահագնաձոր, Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ համայնքների ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» կողմից չվերահսկվող տարածքներում: Վնասվել են նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքները: Ընդhանուր առմամբ՝ թվով 192 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 13 ամպ, կատարվել  է 65 748 կրակոց:

Ուժեղ կարկուտից  որոշ չափով տուժել է Տավուշի, Շիրակի և մեծամասամբ Արմավիրի մարզը: Գյուղնախարարության տվյալներով՝ կարկուտն առավելապես վնասել է Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներին՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքին: Հաշվարկների համաձայն՝ նշված համայնքներում հիմնականում  վնասվել է բերքի 40-90 տոկոսը, իսկ առանձին տնտեսություններ մինչև 100 տոկոսի վնաս են կրել: Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը նույնպես անմասն չի մնացել կարկուտի պատճառած վնասներից: Ոսկեպարցիները պատմում են, որ ձվի մեծության կարկուտի զարկերից գրեթե ոչինչ չի փրկվել:

Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում, որտեղ հակակարկտային կայաններ չկան,   կարկուտի հետևանքով վնասվել են 110 հա ցորենի և 20 հա գարու ցանկատարածքներ։ Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի մարզերում կարկտահարության հետևանքով գյուղոլորտին լուրջ վնասներ չեն հասցվել, թեթև վնասներ է կրել նաև Շիրակի մարզը: Ինչպես տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունից», հունիսի 12-ին հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի արդյունքում մի շարք մարզերում՝ Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Արագածոտնում, Շիրակում  հնարավոր է եղել խուսափել վնասներից, իսկ տարածաշրջանների որոշ համայնքներում գրանցված վնասը չնչին տոկոս է կազմել: Հակակարկտային համազարկերի արդյունքում Արագածոտնի մարզի հարակից համայնքները, Արմավիրի մյուս բնակավայրերը փրկվել են կարկտահարությունից:

«Արմավիրում կարկտահարվել է 11 համայնք, որից 4-ում հակակարկտային պաշտպանություն  ընդհանրապես չի իրականացվում, 1 համայնքում գործում է 6 հակակարկտային կայան, իսկ 6 համայնքներում մասնակի պաշտպանություն է իրականացվում, և այնտեղ տեղադրված 2-ական կայանների գործարկմամբ հնարավոր չէր պայքարել նմանատիպ հզոր ամպերի դեմ: Իսկ յուրաքանչյուր կայան ի վիճակի է պաշտպանել ընդամենը 80 հա տարածք: Լոռու մարզը  նույնպես   կարկտահարվել է, բայց վնասներ չեն գրանցվել»,- տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, «ՄԵՎԱՆ» կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանը և հավաստիացնում, որ առանց կայանների գործարկման պատկերն ավելի տխուր կլիներ և վնասներն անհամեմատ մեծ: Նրա խոսքով՝  հունիսի 12-ին հակակարկտային կայաններն աշխատել են ինտենսիվորեն, ինչի արդյունքում նույնիսկ երրորդ կատեգորիայի կարկտավտանգ ամպերի տարածքներում վնասներ չեն գրանցվել: Իսկ հանրապետության տարածքում կատարված մեծամասշտաբ աշխատանքի պատկերը հետևյալն է.

Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Արագած, Դաշտ, Լեռնամերձ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ (Վաղարշապատ), Քարակերտ, Ամբերդ, Շենիկ, Դալարիկ, Նորակերտ, Բաղրամյան, Ջրառատ, Ակնալիճ, Լուկաշին, Նորավան, Ծաղկալանջ, Արշալույս, Մայիսյան, Արաքս (Վաղարշապատ) համայնքների տարածքներում տեղակայված թվով 60 հակակարկտային կայանքներով ներգործության են ենթարկվել ինչպես առաջին, այնպես էլ առավել վտանգավոր՝  երրորդ կատեգորիայի կարկտավտանգ ամպեր, որոնց ուղղությամբ արձակվել է 18 հազար 170 կրակոց: Հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատել են նաև Արագածոտնի մարզում:  Արագածավան, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան, Աղձք, Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Ղազարավան, Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան, Կարբի, Արագածոտն, Աշտարակ, Սասունիկ համայնքների տարածքներում տեղակայված թվով 51 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգ 2, երկրորդ կատեգորիայի կարկտավտանգ 1 և  երրորդ կատեգորիայի կարկտավտանգ 1 ամպ, կատարվել՝ 32 հազար 636 կրակոց: Կոտայքի մարզում նույնպես հակակարկտային պաշտպանության միջոցառումներ են իրականացվել. Նոր Երզնկա, Եղվարդ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Արգել համայնքների տարածքներում տեղակայված թվով 13 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել առաջին, երկրորդ և երրորդ կատեգորիայի կարկտավտանգ մեկական ամպ, կատարվել՝ 6840 կրակոց: Հակակարկտային կայաններն աշխատել են նաև Վայոց ձորում, Լոռու մարզում,  ինչպես նաև   Շիրակի մարզի Աղին, Ախուրյան, Բասեն, Բայանդուր, Երազգավորս, Գետք, Արևիկ, Ազատան, Մեղրաշեն, Շիրակավան, Փանիկ համայնքներում և այլն:

Հիշեցնենք, որ ներկայումս ողջ երկրի տարածքում գործում է 496 հակակարկտային կայան, որի շնորհիվ հնարավոր է պաշտպանել  հանրապետության մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը միայն: Կիրառվող այս մեթոդի արդյունավետությունը 50 տոկոս է կազմում:

Մեր թերթի նախորդ համարներում տեղեկացրել ենք, հողատարածքների լիարժեք պաշտպանության նպատակով ԱԻՆ-ը հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի՝ հրթիռային կայանների տեղադրման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում, մրցույթն արդեն հայտարարվել է, ընթացքի մեջ են կազմակերպչական աշխատանքները: Հրթիռային  կայանն ի վիճակի կլինի ավելի քան 200 անգամ մեծ տարածք պաշտպանել՝ մոտ 18 հազար հա, ի տարբերություն ներկայիս գազագեներատորային եղանակով գործածվող կայանի, իսկ արդյունավետությունը 50 տոկոսի փոխարեն կկազմի 80-90 տոկոս, գուցեև ավելի:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Հ.Գ. Անցած յոթ օրում հակակարկտային կայաններից Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Կոտայքի եւ Վայոց ձորի  մարզերի մոտ 100 համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել տարբեր կարգի կարկտավտանգավոր 15 ամպ, արձակվել է 75 000 կրակոց: