Գլխավոր Նորություններ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԳԱՌՆԻԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԱՆՈՒՄ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԳԱՌՆԻԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԱՆՈՒՄ

926
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրավերով և ուղեկցությամբ հունիսի 9-ին  ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ ԳԵԴ, էին այցելել Հայաստանում աշխատող դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ. Ֆրանսիայի և Չեխիայի դեսպաններ, Շվեդիայի, Իրանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Վրաստանի դեսպանությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներ: «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանում և, առհասարակ, տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների առաջին քայլը սպառնացող վտանգների վաղ ազդարարումն է: Սեյսմիկ պաշտպանության համակարգի հզորացումն ու արդիականացումը նաև մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մեծապես կնպաստի մեր երկրի և տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը»,- դիվանագետներին տեղեկացրել է ԱԻ նախարարը:

Հյուրերը շրջել են ԳԵԴ-ում, եղել սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում, սեյսմիկ վտանգի գնահատման և բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոններում և վերջում ասել, որ գոհ են և տպավորված:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը «Սեյսմիկ պաշտպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ» զեկույցով ներկայացրել է այս ոլորտում մեր արածը, արվողը և անելիքը:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ստեղծվել է 1991 թվականին, իսկ 1998 թվականին «Վտանգի նվազեցման և աղետների կանխման գործում ակնառու ներդրման համար» ճանաչվել Եվրոպայում առաջինը և աշխարհում երկրորդը: Այժմ սեյսմիկ մոնիթորինգի ազգային բազմապարամետրային դիտացանցն ունի 153 կայան, այդ թվում՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը, որոնց օգնությամբ դիտարկվում են երկրաֆիզիկական, սեյսմիկ, երկրադինամիկական, երկրաքիմիական, գեոդեզիական, դեֆորմացիոն, իոնոսֆերային, կենսաբանական և այլ պարամետրեր: ՍՊԱԾ-ում պարբերաբար վերլուծվում է սեյսմիկ ռեժիմը և գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Արդեն պատրաստ են 25 բնակավայրի սեյսմիկ ռիսկի քարտեզները. Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Արթիկ, Սպիտակ, Տաշիր, Մարալիկ, Նոյեմբերյան, Դիլիջան, Իջևան, Բերդ, Ախուրյան, Ազատան, Աշոցք, Օձուն, Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Հաղարծին, Սառնաղբյուր, Դդմաշեն, Ամասիա, Բերդավան և Գյուլագարակ: (GIS) տեխնոլոգիաներով ստեղծվում են ռիսկի գնահատման թվային տվյալների բազաներ: Մշակվել են դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման չափորոշիչներ: Կազմակերպվել են սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցում ու վարժանքներ:

Դիտացանցի զարգացման և կատարելագործման հարցում Հայաստանը համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ասիական զարգացման բանկի և այլ երկրների ու կազմակերպությունների հետ: