Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. տենդ

Վարակներ. տենդ

768
Տարածել

 

Հաճախ վարակիչ հիվանդությունները ուղեկցվում են տենդով: Տենդը մարմնի պատասխանն է ախտահարմանը: Տենդի ժամանակ արձանագրվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է: Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող են լինել սարսուռ, դող, գլխապտույտ, գլխացավ, ուժեղ քրտնարտադրություն, տենդային ցնցումներ: Տենդը վտանգավոր է հատկապես երբ մարմնի ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է, երբ կան տենդային ցնցումներ, գիտակցության խանգարումներ:

Տենդային ցնցումների դեպքում: Ցնցումների մեջ ընկածին օգնելու համար մի՛ փորձեք դադարեցնել նոպան: Մի՛ բռնեք կամ զսպեք տուժածին, քանի որ դա կարող է հանգեցնել ոսկրամկանային համակարգի վնասվածքների: Պաշտպանեք տուժածին հնարավոր վնասվածքներից: Հեռացրեք մոտակա առարկաները: Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ: Մի՛ փորձեք ինչ-որ բան տեղադրել ծնոտների միջև: Ցնցումների ժամանակ հիվանդները հազվադեպ են կծում լեզուն կամ այտերն այնպիսի ուժով, որ առաջանա ուժեղ արյունահոսություն: Սակայն հնարավոր է որոշակի քանակությամբ արյան առկայություն: Նոպայից հետո հիվանդը լինում է քնկոտ և ապակողմնորոշված: Բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները՝ թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել: Հանգստացրեք տուժածին: Եթե նոպան տեղի է ունեցել մարդաշատ վայրում, հիվանդը կարող է անհարմար զգալ, շփոթվել: Խնդրեք ներկաներին չհավաքվել նրա շուրջը: Մնացեք տուժածի կողքին, մինչև նրա գիտակցությունը լրիվ վերականգնվի, և նա կարողանա շրջապատում կողմնորոշվել: Ահազանգեք շտապօգնություն: Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին: