Գլխավոր Միջոցառումներ ՏԱՎՈՒՇԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ

ՏԱՎՈՒՇԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ

870
Տարածել

Այրում քաղաքի փորձը զարմացրել է չեխ փորձագետին

Ինչպես և տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ համարում, հունիսի 1-ին և 2-ին Տավուշում կայացել է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրով հիմնված «Տավուշի դիմակայունության ֆորումի» երրորդ հանդիպումը, որին, բացի մարզի համայնքների, աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներից, մասնակցել են նաև օտարերկրյա փորձագետները: Հանդիպումը իրականացվում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ և «Վիշեգրադյան փորձագետները Հարավային Կովկասի դիմակայունության ֆորումներին» ծրագրի շրջանակում՝ Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամի և Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։ «Տավուշի դիմակայունության ֆորումին» մասնակցել է դրսի չորս փորձագետ՝ Բրատիսլավայի Կոմենիուսի համալսարանից (Սլովակիա), Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտից (Չեխիա), Օդերևութաբանության և ջրային պաշարների կառավարման ազգային հետազոտության ինստիտուտից (Լեհաստան) ու Էներգիայի և բնական պաշարների քաղաքականության ինստիտուտի մեթոդաբանության կենտրոնից (Հունգարիա):

Նախաձեռնության հեղինակ «Օքսեջեն» հիմնադրամի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արսեն Սիմոնյանի խոսքով՝ փորձագետները խոսել են աղետների ռիսկի նվազեցման, համայնքային մակարդակում աղետների ռիսկի գնահատման, կլիմայի փոփոխության հարմարվողականության հարցերից, ներկայացրել իրենց փորձը՝ թե կոնկրետ ծրագրերի, թե գիտական հետազոտությունների տեսքով: Այլոց փորձին ծանոթանալն անշուշտ կարևոր է և օգտակար, սակայն մերոնք էլ ասելու բան ունեն: Օրինակ՝ Տավուշի Այրում քաղաքի (2016 թվականի խոշորացումից հետո Այրում քաղաքը, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան գյուղերը միավորող համայնք) դպրոցներում տեղական մակարդակում ռիսկերի կառավարման տրամաբանության մեջ բնապահպանական կրթության դասեր են կազմակերպվում և խոսում են նաև կլիմայի փոփոխություններին հարմարվողականությունից: Սա լսելով՝ Չեխիայից եկած փորձագետը զարմացել է և ասել, որ իրենց դպրոցներում նման բան չկա: Վիշեգրադյան հիմնադրամի փորձագետներն ասել են, որ իրենց երկրներում առավել զարգացած է ԱՌՆ-ԱՌԿ այլ ուղղություն. երկրատարածական վերլուծությունը՝ GIS (Geographic information system): Համայնքներն էլ ակտիվ մասնակցում են ԱՌՆ-ԱՌԿ ծրագրերին: 2015 թվականից Հայաստանում մշակվում է «Աղետների ռիսկի կառավարման ներառումը քաղաքային պլանավորման մեջ երկրատարածական վերլուծության միջոցով» փաստաթուղթ, որը կտրամադրվի քաղաքաշինության պետական կոմիտեին, համայնքապետարաններին: Փաստաթուղթը գրեթե պատրաստ է:

Ինչպես ցանկացած ֆորում, «Տավուշի դիմակայունության ֆորումը» նույնպես, ԱՌՆ-ԱՌԿ ոլորտում ծրագրեր իրականացնող կառույցների համար երխոսության հարթակ է, փորձի փոխանակման, համագործակցության եզրեր ուրվագծելու, գործողությունները համադրելու հնարավորություն: Ըստ Արսեն Սիմոնյանի՝ ջանքերի մեկտեղումը, աշխատանքների համակարգումը, թերևս, ամենալավ արդյունքն էր. մարդիկ գիտեն, թե ով ինչ է անում, և կարող են իրար լրացնել, ոչ թե զուհագեռ աշխատել:

Եվրամիության հովանավորությամբ իրականացվող «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրով շատ բան է արվել, բայց ծրագիրն ավարտվում է: Արվածը չի կորչի, հետազոտությունները դարակներում չեն մնա: «Օքսեջեն» հիմնադրամը 11 համայնքում փոքր ծրագրեր իրականացրել է, արդեն պայմանավորվածություն կա Save the children-ի հետ շարունակել ծրագրերը: Սրանից բացի, ծրագրի շահառու համայնքների համար (Ակնաղբյուր, Հովք, Սևքար, Ծաղկավան, Գոշ, Գետահովիտ, Դիտավար, Այգեհովիտ, Խաշթառակ, Սարիգյուղ, Ենոքավան, Աչաջուր, Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Կողբ, Դիլիջան և Իջևան (խոշորացման արդյունքում այս համայնքներից որոշները միացել են) իրականացվել է «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարում» հետազոտություն, որի հիման վրա մշակվել է գործողությունների պլան: Համայնքները պարտավոր են իրենց զարգացման ծրագրերում ներառել աղետների ռիսկի կառավարման ծրագրեր: Գործողությունների պլանն արդեն կա: Ցավոք, շատ համայնքներ պնդում են, թե տեղական բյուջեները սուղ են, սակայն փորձագետներն առաջարկում են դրա փոխարեն դասակարգել ամենն ու սկսել ոչ այնքան թանկ ծրագրերից: Չպետք է մոռանալ, որ 2016-ի ամռանը Արթիկում հեղեղն այդքան մեծ վնաս չէր տա, եթե սելավատարը մաքուր լիներ:

Արամ Զաքարյան

 

Հ.Գ. «Տավուշի դիմակայունության ֆորումին» մասնակցած Վիշեգրադյան հիմնադրամի փորձագետների ներկայացրած նյութերը թարգմանվելու են հայերեն ու վրացերեն և հասանելի են լինելու համացանցում: Աղետների ռիսկի կառավարման ոլորտի ծրագիր մշակելիս այս նյութերն օգտակար կլինեն:

Տարածել
Նախորդ հոդվածՉՎԵՐԹԵՐ
Հաջորդ հոդվածՏպագիր Տարբերակ N22