Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՄԵԾ ԽԱՂ

ՆՈՐ ՄԵԾ ԽԱՂ

544
Տարածել

Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում: Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, բոյկոտ են հայտարարել այդ երկրին՝ սկսել նրա շրջափակումը: Պարզվել է, որ Քաթարի իշխանություններն ապրիլին մոտ 1 մլրդ դոլար փրկագին են վճարել ահաբեկչական խմբավորումների զինյալներին՝ Քաթարի թագավորական ընտանիքի՝ Իրաքում գերեվարված 26 անդամներին ու ևս 50 մարդու ազատելու համար: Նրանք գերեվարվել էին Իրաքի հարավում՝ բազեների որսի ժամանակ: Դոնալդ Թրամփը սատարում է Քաթարի մեկուսացման կողմնակիցներին՝ հայտարարելով արմատական գաղափարախոսության ֆինանսավորման անթույլատրելիության մասին:

Քաթարը համարվում է «Մուսուլման եղբայրներ» համաիսլամիստական շարժման կամ նույնն է թե՝ «Իսլամական պետության» հովանավորը: Այդ շարժման գաղափարական մասնաճյուղ է համարվում Էրդողանի կուսակցությունը: Ըստ փորձագետների՝ այդ շարժումն առանձնանում է իսլամի նկատմամբ մոդեռնիստական ու նաև կրեատիվ, ժամանակակից արևմտյան քաղաքական միտքը իսլամական ավանդույթներին խառնակած վերաբերմունքով: Շարժման նպատակը իսլամի վերակենդանացումն է՝ արևմտյան գաղափարախոսության հետ մրցակցելի դարձնելը: Հենց նրանք են ակտիվորեն փորձում մահմեդական աշխարհում ստեղծել պետություն, որը կհակակշռի արաբական ազգայնականությանը:

Գաղափարաքաղաքական բեկվածքը սաուդյան իստեբլիշմենտի և «Մուսուլման եղբայրների» միջև ունի պատմական անցյալ: Սաուդյան թագավորության քաղաքացիները վահաբականության հետևորդներ են՝ պահպանողական իսլամի կողմնակիցներ: Վահաբականությունը սունիական իսլամի պահպանողական ձևն է, որը Սաուդյան թագավորությունում գերիշխող գաղափարախոսություն է: Շիաների և սունիների մեծ բաժանումից հետո իսլամական աշխարհը կանգնել է նոր մեծ պառակտման առջև: Այսօր արդեն Սիրիայի ճգնաժամից հետո սկսվում է մեծ խաղ, որը շարունակությունն է Մերձավոր Արևելքի նոր քարտեզի ձևավորման: Իրավիճակը լարված է ինչպես երբևէ: Մի կողմից մեծ կոալիցիան բոյկոտում է Քաթարին, մյուս կողմից՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը պաշտպանում են այդ երկիրը: ԱՄՆ-ը սկսել է «Իսլամական պետության» «մայրաքաղաք» Ռաքայի վրա հարձակումը՝ օգտագործելով նաև Քաթարի օդանավակայանը:

Նոր իրադարձություններին ընդառաջ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հետ կնքել է 109,7 մլրդ դոլարի պայմանագիր, և սպասվում է, որ այդ գումարը կկազմի 350 մլրդ: Ըստ էության՝ սաուդները Իրանի աճող ազդեցությունից պաշտպանվելու համար այդքան մեծ գումար են վճարում: Նույնը անելու է նաև Իրանը: Մեծ կոալիցիային պետք է նաև Իրանի կայունության խարխլումը: Գործողությունն արդեն սկսված է: Չորեքշաբթի Իրանի մեջլիս են սողոսկել երեք ահաբեկիչ, մեկը՝ զինված ատրճանակով, մյուս երկուսը՝ «Կալաշնիկով» ինքնաձիգով: Նրանք անկանոն կրակ են բացել պահապանների վրա:

 

 

Նախնական տվյալով՝ սպանվել է 12, վրավորվել՝ 48, պատանդառվել՝ 4 մարդ: Գրեթե 30 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ հարձակումը՝ այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Այստեղ կրակոցներից մի քանի մարդ է վիրավորվել: Հարձակվողն իրեն պայթեցրել է: Իմամ Խոմեյնիի դամբարանում վնասազերծվել է ռումբ: Իրանի հատուկ ծառայությունները հաղորդել են, որ ահաբեկիչները պլանավորել էին նաև երրորդ հարձակումը, բայց այն կանխվել է: Իրանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը բարդել են Սաուդյան Արաբիայի վրա և խոստացել վրիժառության հարված հասցնել:

Սա «Իսլամական պետության» առաջին հարձակումն է Իրանի տարածքում: Ահաբեկչությունը տեղի ունեցավ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցից մեկ շաբաթ անց, որից հետո Բարաք Օբամայի քաղաքականությունը տարածաշրջանում լուռ հուղարկավորվեց, սկսվեց նորն ու վտանգավորը՝ Թրամփինը:

Պաշտոնական Դոհայի արձագանքն իրադարձություններին տեղեկատվական պատերազմն է. Al Jazeera-ով կոմպրոմատների հանրայնացումը: CNN-ին հակակշիռ համաշխարհային այս հեռուստաալիքի սեփականատերը Քաթարն է, և այդ երկրի շրջափակումով նաև փորձ է արվում նվաճել կամ որ ճիշտն է՝ ոչնչացնել Al Jazeera-ն:

Կրքերը շիկացել են նոր մեծ խաղի կանոններով: Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է Քաթար զորախումբ գործուղելու հարցը:

Հին Արևելքի խորհրդանիշ Պալմիրան նորից վտանգված է…

Նկատի ունենանք. Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի և արաբական աշխարհի հետ: Մեր երկիրը Իրանի և Քաթարի հետ ունի առանց վիզային ռեժիմի համաձայնագիր: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական գիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, Թեհրանում՝ Իրանի մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

Իրանի կայունության խարխլումը վտանգում է նաև մեր երկրի անվտանգությունը: Պետք է զգոն լինենք: