Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀ՝ ԱՐՋԱՀՈՎԻՏՈՒՄ

ՀՐԴԵՀ՝ ԱՐՋԱՀՈՎԻՏՈՒՄ

421
Տարածել

Լոռու մարզի Արջահովիտ գյուղում ինքնաշեն տնակում բռնկված հրդեհի հետևանքով Հակոբյանների ընտանիքը մնացել է անտուն: Ռայա Հակոբյանն այգում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ տնակը հրդեհվել է: Բարեբախտաբար, հաջողվել է ժամանակին դուրս բերել տնակում գտնվող կույր մորը: Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն տնակը, մասամբ էլ՝ հարակից վագոն-տնակը: Կրակն արագ է տարածվել, Հակոբյաններին չի հաջողվել նույնիսկ փրկել հագուստն ու փաստաթղթերը: Տնակներում ապրում էր Հակոբյանների 8 հոգանոց ընտանիքը՝ Ռայա Հակոբյանն ամուսնու, կույր մոր հետ  և տղայի 5 հոգանոց ընտանիքը: Այժմ գյուղապետարանը զբաղվում է նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու հարցով: Գյուղացիները դույլերով լի ջրերով փորձել են կանխել կրակի տարածումը՝ նախքան փրկարարների տեղ հասնելը: Փրկարարները հունիսի 6-ին, ժամը 10:48-ին, ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկով: Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի 10  փրկարարները, հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ժամը 11-ից սկսել են հրդեհաշիջումը: «Փրկարարներին հաջողվեց կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տնակն ու ավտոտնակը: Կրակից այրվել էին նույնիսկ էլեկտրական լարերը: Հրդեհը մեկուսացվել է 11:18-ին, մարվել՝ 12:30-ին: Մարումից հետո մեկ ժամ շարունակ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել՝ դեպքի վայրում հրդեհի կրկնակի բռնկումը բացառելու նպատակով»,- տեղեկացնում է Լոռու մարզային փրկարարական  վարչության պետ, փ/ծ  գնդապետ Կարեն Հովհաննիսյանը, որը նույնպես այդ օրը դեպքի վայրում է եղել: Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել էր ինքնաշեն տան հարակից էլեկտրական լարերի կարճ միացումից:

 

Մերի Սողոմոնյան