Գլխավոր Նորություններ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ՝ ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ՝ ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ

836
Տարածել

Հարցազրույց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ

— Սրբազան, Դուք Հայաստանի ամենախոցելի մարզի` Տավուշի թեմի առաջնորդն եք, որը 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Ճակատագրի՞, թե՞ Ձեր ընտրությունն է:

— Իմ ընտրությունն է՝ Վեհափառի օրհնությամբ: Եվ քանի դեռ ողջ եմ՝ Տավուշում եմ մնալու, հավանաբար:

— Տավուշի սահմանամերձ գյուղերը պարբերաբար թշնամու կրակոցների թիրախ են դառնում: Այսօր ի՞նչ իրավիճակ է մարզում:

— Արտաքին իմաստով համեմատաբար խաղաղ վիճակ է: Մեկընդմեջ կրակոցներ են լինում, բնականաբար, դրանք երբեք էլ չեն դադարել, բայց, փառք Աստծու, բնականոն կյանքի ընթացքի մեջ է գտնվում մեր ժողովուրդն այսօր: Մարզում հոգևորականի կյանքը յուրահատուկ ծառայություն է այն իմաստով, որ ինչպես նշեցիք՝ 350 կմ սահման ունենք, որի երկայնքով ինչպես մեր քաղաքացիական բնակչությունն է ապրում, այնպես էլ զինվորները: Նկատելի պետք է լինի ուշադրությունը, թե ինչպիսի զարգացման ծրագրեր են ներդրվում Տավուշ աշխարհում: Մեր ցանկությունն է, որ մեր պետական մտածողության մեջ, որպես զարգացման ծրագիր, Տավուշն առաջնահերթություն ունենա: Քանի որ հանրապետությունում հակառակորդի հետ ամենաերկար սահմանն ունի, այնտեղ ժողովուրդը և՛ սահմանապահ է, և՛ բանակի կողքին է, և՛ մշակ է, բնականաբար, մարզը կարիք ունի որոշակի ռազմավարության: Բացի դրանից, Տավուշով է անցնում միջպետական սահմանը՝ արտաքին աշխարհի հետ մեր կապը դեպի Վրաստան և այլուր: Նաև մշակութային մեծ ժառանգություն ունենք, և մարդիկ ապրում են ստեղծելով, կերտելով՝ հակառակ դժվարությունների:

— Տավուշցին և՛ սահմանապահ է, և՛ մշակ է, մի ձեռքում զենքն է, մյուսում՝ բահը, հոգևորականը նույնպես և՛ դիրքերում է՝ զինվորների կողքին, և՛ խաղաղ բնակչության մեջ է, ձեռքում՝ խաչ, հայացքում՝ պարտադրված զենք: Ինչպե՞ս եք հաջողում համատեղել այդ երկվությունը:

— Զենքը՝ զենք, բայց մենք մեր հոգևոր ծառայությունն ու խնամքն ենք բերում մեր զինվորներին, ովքեր գիշեր-ցերեկ հսկում են մեր խաղաղությունն ու անդորրը: Նրանց մեջ հավատքն այնքան բնական է արտահայտված, այնպես ընդելուզված է հոգևորի զգացումն ու զինվորական կյանքը, որ նույնիսկ նկարագրել չի լինի: Մեր ծառայությունը, քանի որ յուրահատուկ միջավայրում ենք գտնվում, մեր Զինված Ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեցների հետ մեր հոգևոր խնամքը, քաջալերանքը բերելն է մեր զինվորներին, որպեսզի իրենք հոգեբանական կամ այլ խնդիր չունենան: Մշտապես, հատկապես զատկական շրջանին, սահմանագծի ողջ երկայնքով այցելում ենք մեր զինվորներին, որոնց ասում ենք, որ թշնամու աչքը հառված է հենց իրենց վրա, և իրենք պետք է ավելի զորանան, միմյանց սիրելու մեջ առավել լինեն, իրար ներելու մեջ առաջ ընկնեն, պատիվ տվող լինեն, որպեսզի կյանքն առավել ամրանա, և խուսափեն անցանկալի երևույթներից, որոնք կարող են ծագել ծառայության ընթացքում:

— Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, երբ մեր տղաները պարզապես խիզախեցին ու հերոսացան, արդյո՞ք նաև հոգևոր դաստիարակության հետևանք չէր՝ հող և հավատ, հայրենիք և եկեղեցի:

— Մենք հավատում ենք, որ այս 25 տարիների ազատ եկեղեցու ծառայությունը մեծ վաստակ ու նպաստ է բերել մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային հոգևոր արժեքների գիտակցության խորացման իմաստով: Երբ ինձ հարցնում են, թե ի՞նչ են տվել անկախության 25 տարիները, ես ասում եմ, որ բոլոր դժվարություններով հանդերձ՝ հսկայական ճանապարհ ենք անցել, մեր ընդհանուր ինքնությունն ենք վերադարձրել՝ հայրենիք ու պետականություն ունենալու գաղափարը, և այսօր ամեն մարդ գիտի, թե որն է իր հայրենիքը, և այդ զգացողությունն ապրում է յուրաքանչյուրը, մեծն ու փոքրը: Բայց, այդ ամենով հանդերձ, անկախությունը երկու շատ կարևոր բան է անխուսափելիորեն պարգևել մեզ: Առաջինը մեր Հայոց բանակն է, որ մաքրամաքուր հայկական ծնունդ է, պատերազմի բովից ծնված և հաղթանակած բանակ, որ անկախության հռչակումը Հայոց բանակ է նվիրել մեզ, որը յուրաքանչյուրիս ընտանիքի մասն է կազմում, և յուրաքանչյուր ընտանիք այդ բանակի մասն է, և դառնում է մի մեծ Հայկական տուն: Երկրորդը Հայ եկեղեցու ինքնության վերադարձն է, ազատությունն է, որով հոգևոր քարոզչության լայն հնարավորություններ են տրված, որպեսզի Հայ եկեղեցին կարողանա իր առաքելությունը լիուլի իրականացնել: Ահավասիկ, այս երկու կարևոր գործոններն են, որ մեզ պարգևել է անկախությունը: Թե՛ մեր ֆիզիկական, թե՛ հոգևոր անվտանգությունը երաշխավորված է: Այսօր այս երկու կարևոր գործոններն իրար հետ անխուսափելիորեն բնական ներդաշնակության մեջ են գտնվում: Այդպես եղել է պատմության մեջ, դարեր առաջ, կա այսօր և լինելու է ապագայում:

— Այսօր «Պահապան» հիմնադրամի նախաձեռնությամբ և հոգևոր թեմի աջակցությամբ, նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցելով, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում խաղաթաքստոցներ են կառուցվում երեխաների համար: Ինչպե՞ս եք գնահատում դա:

— Ողջունելի է նորաստեղծ հիմնադրամի նախաձեռնած միջոցառումը՝ խաղաթաքստոցներ կառուցել երեխաների համար, որոնք ամեն օր կրակոցների վտանգի մեջ ապրում են այդ համայնքներում, բայց երբեք չեն բացակայում դպրոցից՝ այդ պայմաններում անգամ: Երբեք չեն ընդհատվել դասաժամերը՝ անկախ իրավիճակից: Թաքստոցներ կան, դրանք վերազինելու և խաղաթաքստոցների վերածելու նախաձեռնությունը միայն ողջունելի է: Նաև տեսնում ենք հասարակության աջակցությունը, մարդիկ մեծ սիրով են արձագանքում: Երևանում մի շարք սրճարաններ արդեն միացել են միջոցառմանը, և, հավատում եմ, որ մոտ ապագայում նախատեսվածն իրականություն կդառնա: Բոլորն էլ հասկանում են կարևորությունը, որ մեր երեխաները Տավուշ աշխարհում ուզում են և պետք է ապահով ապրեն: