Գլխավոր Նորություններ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1121
Տարածել

Ջրամբարների լցվածության կանխատեսումներ

Վերջին տարիներին կլիմայական փոփոխության հետևանքները զգացվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: Մասնագետների կանխատեսմամբ՝ մեր երկրում տարեկան միջին ջերմաստիճանը 2100 թվականին կաճի 4,70C-ով, գետային հոսքը մինչև 2100 թվականը կնվազի 37,8 տոկոսով: Կնվազի մշակաբույսերի բերքատվությունը, ոռոգման համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 202 մլն խմ ջուր: Հայաստանի Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ 2100-ին սպասվում է Ապարանի ջրամբարում ջրի լցվածության խոցելիություն՝ 11 մ, ինչի հետևանքով 90 մլն խմ ծավալով ջրամբարի առավելագույն լցվածությունը տարվա ընթացքում կկազմի 35-36 մլն խմ, իսկ Ախուրյանի ջրամբարի համար այդ ցուցանիշը կկազմի 405 մլն խմ (ջրամբարի ծավալը 525 մլն խմ), Ազատի ջրամբարի համար 45 մլն խմ (ջրամբարի ծավալը՝ 70 մլն խմ): Հայաստանում վերջին ջրառատ տարին եղել է 2011 թվականը, որի ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ջրամբարները 100 տոկոսով լցվածություն են ունեցել: Իսկ ամենավերջին ջրասակավ տարին 2014 թվականն էր: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը հիշում է, որ 2014-ին հանրապետությունում ջրային ռեսուրսների լուրջ խնդիր էր առաջացել՝ մասնավորապես նորմայից 3 անգամ քիչ ցուցանիշ էր գրանցվել ձմեռային ու գարնանային տեղումների սակավության պատճառով: Այդ տարի նույնիսկ Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը 1968-ի շահագործումից ի վեր ամենացածր ցուցանիշն էր գրանցել: «91 մլն խմ տարողություն ունեցող Ապարանի ջրամբարում այդ տարի ընդամենը 24,7 մլն խմ ջուր էր լցվել, իսկ 2007, 2010 և 2011 թվականներին ջրամբարը 100 տոկոս լցվածություն է ունեցել: Հայաստանում, ընդհանուր առմամբ, 1961 և 1989 թվականներն էին համարվում սակավաջուր տարիները, սակայն վերջին տարիներին բավականին ջրասակավ էին նաև 2008-ը 2012-ը, 2014-ը»,- տեղեկացնում է Լևոն Ազիզյանն ու նշում, որ 2017 թվականը նախորդ տարվա համեմատ՝ 10-20 տոկոսով ավելի ջրասակավ է: Մայիսի 29-ի դրությամբ՝ ջրամբարներում 50 տոկոս և ավելի ջրալցվածություն կա. Ախուրյանի ջրամբարում ջրալցվածությունը կազմում է 84 տոկոս, Մարմարիկի ջրամբարում՝ 75 տոկոս, Ազատի ջրամբարում՝ 85 տոկոս, Կեչուտում՝ 89 տոկոս, Արփիլիճում՝ 57 տոկոս, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ապարանի ջրամբարում՝ մոտ 50 տոկոս:

Նշենք, որ ջրամբարների ջրալցվածության 60-70 տոկոսն ապահովում են հալոցքային ջրերը: 2016-ի դեկտեմբերի և 2017-ի հունվարի երրորդ տասնօրյակներին հանրապետության տարածքում եղել է կայուն ձնածածկ, և ձյան շերտի բարձրությունը նորման գերազանցել է 1,5-2 անգամ, առանձին շրջաններում՝ Արարատ, Արտաշատ, Արմավիր՝ 3-4 անգամ: «Հիդրոմետ» ծառայության տվյալներով՝ մարտի 25-ի դրությամբ կայուն ձնածածկ է եղել 1900 մ բացարձակ բարձրություններից սկսած: Ձնածածկույթի բարձրությունը Ամասիայում, Աշոցքում կազմել է նորմայի 20-30 տոկոսը, Սևանի ավազանում՝ 50-90 տոկոս, Ամբերդում՝ 90 տոկոս, Արագած բարձրլեռնային կայանում՝ 98 տոկոս, Անանուն լեռնանցքում՝ 130 տոկոս, Ջերմուկում՝ 62 տոկոս, Որոտանի լեռնանցքում՝ 61 տոկոս:

Հիմք ընդունելով գետերում գարնանային վարարումների բնութագրերը պայմանավորող նախաձմեռային, ձմեռային ամիսների փաստացի և վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկությունները՝ 2017-ի մարտի 29-ին թողարկվել և հանրապետության ղեկավար մարմիններին է տրամադրվել գարնանային վարարումների տարրերի կանխատեսումների տեղեկագիրը, որում ներառված են նաև 5 խոշոր ջրամբարների առավելագույն ջրալցվածությունների կանխատեսումները։ «Հաշվի առնելով, որ ջրամբարներից ջրառը իրականացվում է հունիսի երկրորդ տասնօրյակից, 5 խոշոր ջրամբարների 2017-ի առավելագույն լցվածության համար կանխատեսվում է՝ Ախուրյանի ջրամբարում՝ 100 տոկոս (525 մլն խմ), Արփիլիճ ջրամբարում՝ 70-76 տոկոս (67-72 մլն խմ), Ազատի ջրամբարում՝ 100 տոկոս (70 մլն խմ), Մարմարիկի ջրամբարում՝ 100 տոկոս (24 մլն խմ), Ապարանի ջրամբարում՝ 50-55 տոկոս (45-50 մլն խմ)»,- այս մասին փոխանցում են «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունից»:

Ինչպես նշեց Լևոն Ազիզյանը, Արփիլճի և Ապարանի ջրամբարների առավելագույն ջրալցվածությունների կանխատեսումները կարդարանան 100 տոկոսով: Ախուրյանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից ջրառն իրականացվել է ապրիլի 2-րդ տասնօրյակից, այլ ոչ թե հունիսից, ինչպես նկատի էր առնվել կանխատեսումները կազմելիս։ Ելնելով դրանից՝ այդ 3 ջրամբարների առավելագույն ջրալցվածությունների կանխատեսումները ևս կարդարանան 100 տոկոսով, քանի որ ջրամբարներում ջրի այսօրվա ծավալներին եթե ավելացնենք ջրամբարներից վերցված ջրի ծավալները, ապա կլինի կանխատեսված 100 տոկոս լցվածություն:

Մերի Սողոմոնյան