Գլխավոր Նորություններ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԳԻՏԱԺՈՂՈՎ

733
Տարածել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1972-ից հունիսի 5-ին նշվում է շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս տարի տոնի առիթով գիտաժողով էր կազմակերպել Երևանի պետհամալսարանը: Թեման՝ «Էկոլոգիական տեղեկատվությունը և մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգությունը»: Գիտաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետակադեմիան: ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսներ Արայիկ Գասպարյանն ու Ռուզաննա Ղարիբյանը ներկայացրել են «Մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության կառավարման գործընթացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործառնութային դերը» զեկույցը:

Գիտաժողովին ներկայացվել է ևս 7 զեկույց. «Էկոլոգիական տեղեկատվության  նախազգուշական և կանխարգելիչ դերը» (զեկուցող՝ Մարգարիտա Ղազարյան), «Էկոլոգիական տեղեկատվության ձևավորման աղբյուրների առանձնահատկությունները» (զեկուցող՝ Հեղինե Հախվերդյան), «Սելեկցիոն սերմնաբուծության աշխատանքները՝ կապված հանրապետությունում կլիմայի կանխատեսվող փոփոխության հետ» (զեկուցող՝ Լուսինե Թադևոսյան) և այլն: Գիտաժողովում խոսել են 1998-ին Դանիայի Օրհուս քաղաքում ընդունված «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայից, պարենի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործումից:

Ակադեմիայի դասախոսների զեկույցի համաձայն՝ «էկոլոգիական տեղեկատվությունը կարող է հնարավորություն ընձեռել բնակչությանը միջոցներ ձեռք առնել տարբեր սպառնալիքների հետ կապված վնասի հետևանքների կանխարգելման կամ մեղմացման ուղղությամբ: Կարևոր է միջոցներ ձեռնարկել աջակցելու բնակչությանը արդյունավետորեն մասնակցել պետական մարմինների կողմից շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն, անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և այլ ընդհանուր կիրառում ունեցող իրավաբանորեն պարտադիր ակտերի նախապատրաստմանը: Մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության բնագավառում գործողությունների արդյունավետ պլանավորման և համակարգման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և լիարժեք տեղեկատվություն առողջության և շրջակա միջավայրի ցուցանիշների, ինչպես նաև դրանց փոխազդեցության վերաբերյալ: Հայաստանում օգտագործվող շրջակա միջավայրի անվտանգության ցուցանիշները նախատեսված չեն առողջության և շրջակա միջավայրի երկարաժամկետ դիտարկման, այդ բնագավառին վերաբերող տվյալների հավաքման և համապատասխան մակարդակի կուտակման համար, ինչը թույլ կտար կատարել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության վերլուծություն և կանխատեսում: Այսօր առողջության վերաբերյալ առկա տվյալների բազաները չեն պարունակում լիարժեք տվյալներ հնարավոր ռիսկի գործոնների վերաբերյալ»:

 

Արամ Զաքարյան

 

 

Հ.Գ. Գիտաժողովին ներկայացված զեկույցները տպագրվելու են ԵՊՀ «Գիտաժողովի նյութերի ժողովածու»-ում: ՃԿՊԱ դասախոսների «Մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության կառավարման գործընթացում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնութային դերը» զեկույցի մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: