Գլխավոր Միջոցառումներ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՃԿՊԱ-ՈՒՄ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՃԿՊԱ-ՈՒՄ

756
Տարածել

Գերմանիայում ճգնաժամային կառավարման հաստատություններ ստեղծվել են մոտ 100 տարի առաջ, իսկ կամավորական փրկարարական շարժումը 150 տարվա պատմություն ունի: Հայաստանում երկուսն էլ 25-26 տարվա պատմություն ունեն: Գերմանական «911» ծառայությունը՝ մոտ 50, իսկ ծառայության հոգեբանական աջակցության բաղադրիչը 25 տարեկան է: Հայաստանի «911»-ը դեռ վեց տարեկան է, հոգեբանական բաղադրիչը՝ երկու: Գերմանական կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ԱՌՆԱՊ հիմնադրամի աջակցությամբ, արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի կառավարման ոլորտների գերմանական պետական լիազոր կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել Հայաստանում: Համագործակցության մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնցից մեկն էլ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվող «911» ծառայության կարգավար-օպերատորների եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման-որակի բարձրացման դասընթացներն են: 2015-ից այսկողմ ամեն տարի կազմակերպվել է նման դասընթաց, որոնց մասնակցել է ավելի քան  50 մարդ: 2018-ին նման դասընթաց կազմակերպելու հարցերը քննարկելու համար Հայաստանում է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, Վոլֆգանգ Շմիդտը: Վերջինս հանդիպել է ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին, խոսել դասընթացի մասին, իսկ ՃԿՊԱ ղեկավարության հետ քննարկել բոլոր մանրամասները:

2015, 2016, 2017 թվականների դասընթացների թեմաներն էին. ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում և այլն: Շատ կարճ արծարծվել են «Խոսակցությունների վարում» և «Առաջին օգնության հրահանգներ հեռախոսով» թեմաները: 2018-ի դասընթացը հենց վերջին երկու թեմաներով է լինելու՝ «Անվտանգ օգնություն» տրամաբանության մեջ: Կարգավար-օպերատորը պետք է կարողանա խուճապի չմատնվել և պատասխանել ցանկացած հեռախոսազանգի: Անգամ եթե զանգողն օտարերկրացի է և չի խոսում քո մայրենիով:

Դասընթացին կմասնակցի մոտ 30 մարդ: 10 հոգանոց երեք խումբ՝  յուրաքանչյուրում ակադեմիայի երեք դասախոս, ավարտական կուրսի 4 ուսանող և «911» ծառայության երեք կարգավար-օպերատոր: Ամեն խմբի համար դասընթացը կտևի երկու օր: Գերմանական կողմի պայմանով, դասընթացին կմասնակցեն առաջին օգնության հմտություններ և գիտելիքներ ունեցող մարդիկ: Դրա համար էլ ակադեմիայի ղեկավարությունը որոշել է

4-րդ կուրսի ուսանողներ ընտրել. 1-3 կուրսերում ուսանողներն առաջին օգնության տարբեր թեմաներով դասախոսություններ են լսում:

Գերմանական դասընթացի ձևաչափը նույնն է՝ ոչ թե պարզ դասախոսություն, այլ՝ ինտերակտիվ շփում, կենդանի զրույց, հարցուպատասխան, գործնական վարժություններ: Վերապատրաստող փորձագետները գերմանացիներն են, սակայն ծրագիրն այնպես է կառուցված, որ  ծրագրով անցած դասախոսներն իրենք են դառնում վերապատրաստողներ և կարող են այլոց համար նույն դասընթացն անցկացնել:

Դասընթացը կանցկացվի 2018-ի ապրիլին: ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը Վոլֆգանգ Շմիդտին առաջարկեց համագործակցության հաջող փորձի վրա կառուցել առավել ինտենսիվ կապեր և շփում՝ ակադեմիայում գերմանական տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու նպատակով: Վոլֆգանգ Շմիդտը դեմ չէր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ