Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

497
Տարածել

Փրկվել է երկու արագիլ

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ 300-ից ավելի ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 3 մեքենա է հանվել երթևեկելի մաս: 13 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Նորք-Մարաշի փրկարարներն ահազանգ են ստացել, թե հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին բարձրացել է տան տանիք, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարների և բժիշկների բացատրական աշխատանքների արդյունքում 59-ամյա քաղաքացին իջել է տանիքից: Դպրոցական վերջին զանգի օրը Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե համար 114 դպրոցի մոտակայքում գազով լցված փուչիկները մնացել են ծառի վրա: Հրշեջ-փրկարարները փուչիկներն իջեցրել են ծառից: Էրեբունու փրկարարների ստացած ահազանգի համաձայն՝ Նար-Դոսի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և թեքվել է շենքի տանիքի վրա, առկա է ընկնելու վտանգ: Հրշեջ-փրկարարներն ու վարչական շրջանի կանաչապատման բաժնի աշխատակիցները մասնատել են ծառը և հեռացրել:

Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ոսկեվազի գյուղապետարանի մոտակայքում արագիլի ձագն ընկել է բնից և վիրավորվել: Փրկարարներն արագիլի ձագին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի: Իսկ Վայոց ձորում փրկարարները բնից ընկած, բայց չվնասված արագիլին նորից բուն են վերադարձրել: Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում ականանետի արկ կա: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Զինված ուժերի ինժեներասակրավորական խումբը հեռացրել է արկը: Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցում փոսի մեջ դի կա: Փրկարարները պարզել են, որ փոսի մեջ քնած էր 27-ամյա մի տղամարդ, և օգնության կարիք չկա: Նույն մարզի փրկարարները Շատին գյուղի մատույցներում ուշ ժամի, մթության պատճառով մոլորված երկու զբոսաշրջիկի են գտել և տեղափոխել գյուղ: Ջերմուկ քաղաքում էլ ջրալցվել է հիդրոէլեկտրակայանի հիդրոգեներատորների խցիկը: Փրկարարները ութ խմ ջուր են արտամղել: