Գլխավոր Միջոցառումներ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ

526
Տարածել

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի՝ «Հայաստանը ես եմ, դու ես, բոլորս ենք» խորագրով նոր բեմականացման հյուրախաղերը, որ սկսվել էին դեռևս մայիսի 3-ին՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դահլիճում ներկայացման պրեմիերայով, իսկ մայիսի 19-ին այն խաղացվել էր Զեյթունի թիվ 136 դպրոցի աշակերտների համար, շարունակվեցին հեղինակի ծննդյան օրը և հաջորդ օրերին: Մայիսի 25-ին ակադեմիայի ուսանողները ներկայացումը խաղացին Երևանի Խնկո-Ապոր անվան գրադարանի այցելու փոքրերի և մեծերի համար: Մայիսի 26-ին ներկայացման բեմահարթակը Սարդարապատն էր, իսկ օրվա երկրորդ կեսի հանդիսատեսը Ոստիկանական ակադեմիայի ուսանողներն էին:

Ներկայացման սցենարի և երաժշտական ձևավորման, բեմական խոսքի ու մինիմալիստական ոճի հեղինակն է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանը, իսկ բեմականացումն իրականացվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ համատեղ:

«Ինձ համար դեռ վաղուց երազանք էր «Ռանչպարների կանչը» բեմադրել ակադեմիայի ուսանողական թատերախմբում: Հատկապես հիմա, երբ հնչեղությամբ առավել արդիական է երկն իր մտքով, գաղափարով, հայրենասիրական ոգով: Իմ սերնդի մարդկանցից չկար մեկը, որ կարդար վիպասքն ու չոգևորվեր, հատկապես 1988-ի շարժման ժամանակ, հիշում եմ, թե որքան է առաջնորդել այդ գիրքը մեզ, և ինչքան ենք ոգևորված եղել ֆիդայական երգերով ու նրանց ոգով»,- ասում է Կարինե Ոսկանյանը և պարզաբանում, որ հենց այդ մղումով էլ միտք է հղացել, որ երկը բեմադրվի:

Ներկայացումն արված է մինիմալիստական ոճով, և բեմական 30 րոպեները բավական են սրտեր շարժելու համար: Հյուրախաղերը հանդիսատեսին փոխանցում էին երկի հերոսական ոգին և ընդունվում մեծ ոգևորությամբ, ինչն էլ վկայում է բեմականացման հաջողված լինելու մասին: «Հայաստանը ես եմ, դու ես, բոլորս ենք» ներկայացումը հավանաբար հետագայում կշարունակվի նոր սցենարներով՝ բեմականացնելով նաև Արցախյան ազատամարտը, Ապրիլյան քառօրյա պատերազմը՝ դառնալով յուրօրինակ եռապատում:

Ֆելիքս ԵՂԻԱՂԱՐՅԱՆ