Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԼԱՎ ՄԱՐԴ, ԼԱՎ ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻՑ ՍԻՐՎԱԾ

ԼԱՎ ՄԱՐԴ, ԼԱՎ ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻՑ ՍԻՐՎԱԾ

2192
Տարածել

Մենք չենք ուշացել և մարդ ենք փրկել

Տարվա մեջ միջին հաշվով 140 հրդեհաշիջման, շուրջ 30-35 ճանապարհատրանսպորտային պատահարի և մի այդքան էլ կենցաղային կանչերի ու այլ արտակարգ իրավիճակների է մասնակցում Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Լևոն Միրզոյանը: Այսինքն` գրեթե ամեն օր գործողության մեջ է արտակարգ պայմաններում, քանի որ, օրինակ, անցյալ տարի ջոկատն ընդհանուր առմամբ 397 մեկնում է ունեցել: «Տպավորություն չստեղծվի, թե մեր աշխատանքն եմ գերագնահատում, բայց կան դեպքեր, եթե գործողությունը մեկ րոպե ուշացնենք, կարող է մարդկային կյանք արժենալ: Ինձ հաճախ լավ եմ զգում, որ այդ մեկ րոպեն մենք չենք ուշացել և մարդ ենք փրկել»,- ասում է հրամանատարի տեղակալն ու նկատում, որ ծառայությունն իր համար դարձել է ապրելակերպ, որը դաստիարակում ու ձևավորում է լավ մարդու կերպար, որովհետև լավից բացի այլ բան չեն անում իրենք:

Միրզոյանը 2002-2004 թթ. ծառայել է Հայկական բանակում` ընդհատելով ուսումնառությունն ագրարային համալսարանում. մեկ տարի առաջ էր ընդունվել: Զորացրվելուց հետո, հեռակա ուսմանը զուգահեռ, 2004 թ. նոյեմբերի 12-ին ծառայության է անցնում Արարատի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարզային վարչությունում, որպես օպերատիվ-հերթապահ: «Այն ժամանակ քաղաքացիական հագուստներով էինք դեռ, 2006-ից ենք կրել համազգեստ և ուսադիր` փրկարար ծառայության մասին օրենքի համաձայն, որն ընդունվել էր նախորդ տարի: Առաջին սպայական կոչումս փ/ծ կրտսեր լեյտենանտ էր, որ շնորհվեց 2006-ի օգոստոսի 25-ին»,- շարունակում է այսօր արդեն փ/ծ մայորի ուսադիրներով հրամանատարի տեղակալը: Իսկ Արտաշատի ՀՓՋ, որպես հրամանատարի տեղակալ, մարզային վարչությունից տեղափոխվել է 2012 թ. նոյեմբերի 2-ին` ավագ լեյտենանտի կոչումով. «Անկեղծ չի լինի, եթե ասեմ` մեծ ցանկություն ունեի դառնալ փրկարար, շրջապատում կային մարդիկ, հատկապես հորս ընկերները, որ աշխատում էին համակարգում, տեսնում էի, որ լավից բացի որևէ վատ բան չեն անում: Ինձ դուր էր գալիս այդ մարդկանց գործը, ես էլ ուզեցի իրենցից մեկը լինել: Սկզբում հոգեհարազատ վայր էր, հոգեհարազատ մարդիկ, իսկ հիմա, տարիների ընթացքում, ծառայությունը դարձել է հոգեբանություն. լավ բան անելը, մարդկանց օգնելը, երբեմն էլ կյանք ու ունեցվածք փրկելը»:

Հրամանատարի տեղակալը նկատում է, որ թերևս մի ընդհանուր համակարգ է, սակայն կաբինետային աշխատանքը, որը, բնականաբար, իր բնորոշ դժվարություններն ունի, այլ բան է, իսկ ջոկատում ծառայությունը՝ մեկ այլ, ուրիշ բան, բոլորովին տարբեր. «Ջոկատում ռեալ գործողության մեջ ես մտնում, ուղղակի մասնակից դառնում դեպքերին ու իրավիճակին: Ունես քո անձնակազմը, որի հրամանատարն ես և անմիջական պատասխանատվություն ես կրում: Պետք է իմանաս ամեն ինչ՝ կապված քո աշխատողի հետ, անգամ մինչև սոցիալ-կենցաղային խնդիրներ: Իմանաս հրշեջ մասի կարգ ու կանոնը` սկսած առավոտյան վե՛ր կացից, ընդհանուր օրվա պլան-գրաֆիկից` դասացուցակ, ուսումնավարժանք, հրդեհաշիջման աշխատանքներ և ընդհանրապես տեղյակ լինես արտակարգ իրավիճակներին ու դեպքերին և վերահսկես»:

Հրամանատարի և տեղակալի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին և ավարտվում երեկոյան 6-ին, բայց նրանք ծառայության մեջ են 24 ժամ, երբ հատկապես ծավալային հրդեհ է լինում, ասենք, ոչ թե մայթեզրի սիզամարգի հրդեհաշիջում, երկուսն էլ դեպքի վայրում են՝ թեկուզ գիշերվա ժամը 3-ը լինի: Բացի դրանից, ուղղակի շփում են ունենում քաղաքացիների հետ, կոնկրետ գործողության մեջ մտնում, արագ և ճիշտ կողմնորոշվում դեպքի վայրում: «Դու ես կոնկրետ գործողության տերը, տվյալ իրադրությունը ղեկավարողն ու ուղղորդողը, բոլորը նայում են քեզ և սպասում քո հրահանգներին: Մեծ պատասխանատվություն է, քանի որ դրությունն առնչվում է մարդկային կյանքի, ունեցվածքի ու միջոցների հետ: Ամեն միջոց ձեռնարկում ենք, որ հակիրճ և արդյունավետ ամփոփենք իրավիճակը, որպեսզի կորուստները նվազ լինեն, էլ չեմ ասում մարդկային կյանքի և առողջության կորստի մասին»,- շարունակում է փ/ծ մայորը:

Աշխատանքային փորձից առաջին տպավորած դեպքը, ցավոք, ողբերգական է, ճանապարհատրանսպորտային պատահար էր, Այգեպատ գյուղում` երկաթգծի հետ ճանապարհի հատվող հատվածում գնացքը հարվածել էր մեքենային, երեք զոհ կար հենց տեղում: Ու պարզաբանում է այն ժամանակ դեռ անփորձ հրամանատարի տեղակալը. «Նախնական վիճակ էր, երբ դեռ պետք է սովորես, ադապտացվես դեպքերին, որպեսզի կարողանաս սառնասրտորեն, մասնագիտորեն մոտենաս իրավիճակին: Հակառակ դեպքում չենք կարող ճիշտ և արդյունավետ կառավարել դրությունն ու օգնել մարդկանց, ձեռնարկել համապատասխան գործողություն, որ անհրաժեշտ է տվյալ պահին: Սակայն որքան էլ սովորենք, սառնասրտորեն մոտենանք իրադրությանը, միևնույն է, լինում են ծանր դեպքեր, որոնք իրենց ազդեցությունն են թողնում, որոշակի նստվածք ունենում, և պատահում է, որ օրեր շարունակ ճնշում են քեզ: Մարդկային հոգի ես և, հատկապես, որ մարդկային հոգու հետ գործ ունես»:

Հիշում է նաև տպավորված հրդեհաշիջման դեպքը, որ Շահումյան գյուղում էր, երբ տանը և անասնագոմին կից հսկայական խոտի դեզը` 3 հազար հակից ավելի, այրվում էր: «Ե՛վ կրակն էինք մեկուսացնում, և՛ հրդեհաշիջում էինք կատարում, և՛ հերթապահում էինք, որ կրակը նորից չբռնկվի ու չտարածվի. այդպես 3 օր շարունակ` գիշեր ու ցերեկ»: Մի դեպք էլ հիշում է, որ հակառակ հրդեհաշիջման դժվարությանը, զվարճալի ավարտ է ունենում. «Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ էր բռնկվել: Աշխատանքից հետո էր, գնացել էի տուն, համազգեստս փոխել, սպիտակ վերնաշապիկով էի ու հենց ճանապարհից էլ իմ ավտոմեքենայով միացա խմբին: Դեպքի վայր հասնելուն պես, ասացին, որ բնակարանում մարդ կա, հոգեկան խնդիրներ ունեցող մի աղջիկ է ներսում մնացել: Ե՛վ կրակն ենք մարում, և՛ մտել էի ներս` կրակի ու ծխի մեջ աղջկան որոնում: Ամեն տեղ նայում էի, է՛լ զգեստապահարանի մեջ, է՛լ մահճակալների տակ, ուր կարող էր կրակից սարսափած մարդը թաքնվել, երբ չի կարող կողմնորոշվել, թե ինչպես փրկի իրեն: Օդի պակասից փորձում էի սենյակի պատուհանը բացել, որ ծխախեղդ չլինեմ, բայց մահճակալի գլխամասը խանգարում էր: Մի ձեռքով քիթուբերանս փակած, մյուսով` հեռախոսի լույսի օգնությամբ, ամեն տեղ ստուգելով և համոզվելով, որ ներսում մարդ չկա, մի կերպ դուրս եկա: Քիչ անց տեսնեմ՝ այդ աղջիկը, որ 30-35 տարեկան կլիներ, կողքի շենքի կողմից է գալիս: Հարցրեցի` ո՞ւր ես, ախր քեզ եմ ման գալիս: Ի՞նչ ասի, որ լավ լինի, թե` հո չէ՞ի մնալու կրակի մեջ, գնացել էի հարևանի տուն»:

Շուրջ 13 տարվա անցած մարտական ուղին քննելով` Արտաշատի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Լևոն Միրզոյանն ընդգծում է. «Ես իսկապես հպարտ եմ, որ այսօր ԱԻՆ-ը կայացած համակարգ է, և մենք երբեք մեր խղճին հակառակ չենք գործում, ամեն ինչ ուղղված է հասարակության ու մարդկանց բարօրությանը, և այդ ամենն անում ենք նվիրումով ու անշահախնդիր»: Իսկ Արտաշատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Միքայելյանը գործընկերոջը բնորոշելիս նախ նշում է, որ միասին աշխատում են արդեն 6 տարի, որ Լևոն Միրզոյանն իր առջև դրված առաջադրանքները կատարում է ճիշտ և ժամանակին. «Գործնական և միևնույն պահին շատ ջերմ ու ընկերական են մեր հարաբերությունները, նույնը ջոկատի հետ է: Եվ շատ լավ մարդ է, և շատ լավ փրկարար, ինչի շնորհիվ էլ վայելում է բոլորիս սերն ու հարգանքը»:

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ