Գլխավոր Նորություններ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

1205
Տարածել

Երևանի 40 զբոսայգիները՝ զբոսաշրջային հույժ կարևոր ռեսուրս

Առաջին քաղաքային այգիները հիմնվել են Չինաստանում, 18-րդ դարում՝ Ֆրանսիայում: Հետագայում առաջացան առաջին բնապատկերային անգլիական զբոսայգիները, որոնք մեծ տարածում ստացան արդեն 19-20-րդ դարերում Ավստրիայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Իսկ ավելի ուշ ժամանակներում ուրույն տեղ գրավեցին հատկապես դենդրոպարկերը:

1920-ին կազմված՝ Ալ. Թամանյանի Երևանի հատակագծով քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է այգիներով: Ամենահայտնին Դալման է՝ փռված Հրազդանի աջափնյա բարձունքներին։ Երևանը հնուց է շրջապատված եղել այգիներով, որոնք, գտնվելով այս կամ այն թաղին մոտ, կոչվել են դրանց անուններով, օրինակ, Կոնդի, Դալմայի, Դամըռ-Բուլաղի այգիներ, Սարդարի բաղ և այլն…

Երևանյան առաջին այգիները բնապատկերային բուսածածկ տարածքներ էին: Անգլիական զբոսայգին այդպիսի առաջին հանրային նշանակության զբոսավայրն էր, որը հիմնվել է 1850-ին, թեև պաշտոնապես բացվել է 1910-ին: Այգու բարեկարգումը տևեց մոտ կես դար: Խորհրդային շրջանում այն վերանվանվեց «26 կոմիսարների» այգի, ժողովրդական անունով՝ «Կոմայգի»: 1938-ին այգու սկզբնամասում կառուցվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: 1950-ականներին այգում պարահրապարակ կար, որտեղ հնչում էր փողային նվագախմբի, իսկ ավելի ուշ՝ էստրադային երաժշտությունը:

«Հաղթանակ» զբոսայգու՝ «Մոնումենտի» հիմնման աշխատանքներն սկսվել են 1930-ին, և սկզբում այն անվանվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1950-ի նոյեմբերի 29-ին: Այն ժամանակ Մայր Հայաստանի արձանի տեղում Ստալինի պղնձաձույլ արձանն էր, որը ապամոնտաժվեց 1967-ին: 1961-ին այգում բացվեց «Արևիկ» լիճը:

Համեմատաբար երիտասարդ այգիներից է Լիոնի այգին, որը հիմնվել է 1975-1985-ականներին: Այն շրջապատում է Թոխմախի լիճը և վերանորոգվել է 2010-2011-ին Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ: Թոխմախի արհեստական լիճը, որը քաղաքում երկրորդն է իր մեծությամբ, ստեղծվել է Ք. ա. 8-րդ դարում հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք, այն Երևանի տարիքին է և հին ժամանակներում կոչվում էր Արգիշտիի ծով, իսկ 2000-ից՝ Վարդավառի լիճ:

Երևանյան երիտասարդ այգիներից է Վիկտոր Համբարձումյանի անվան այգին, որը բացվեց 2015-ին մեծանուն գիտնականի 100-ամյա հոբելյանի առիթով, և տեղադրվեց աշխարհահռչակ աստղագետի պղնձաձույլ արձանը: Այգում է գտնվում Ալ. Թամանյանի կառուցած աստղադիտարանը:

Այգիներում տեղադրված նստարանները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին հանգստանալու, իսկ ցայտաղբյուրներն անվճար հագեցնելու ծարավը: Ուշագրավ մի փաստ. Ավստրիայում մինչև 1956 թվականը Վիեննայի Քաղաքային այգում նստարաններին հանգստանալը վճարովի էր:

Մեր այգիների մեծ մասը խնամված են, առանձին դեպքերում դրանք լանդշաֆտային ճարտարապետության գողտրիկ օազիսներ են: Ակնհայտ է, որ զբոսայգիների կազմակերպման մշակույթը ձևավորվում է հարյուրավոր տարիների ընթացքում: Արտասահմանում կան այգիներ, որտեղ հանգիստը կարելի է կազմակերպել անվճար տրամադրվող ցանցաճոճերով և մահճակալներով:

Վերը նշեցինք, որ հին ժամանակներում քաղաքը շրջապատված էր այգիներով, սակայն այսօր Երևանը չունի շրջապատող այգիների գոտի: Այս մտահղացման համար հիմք կարող է հանդիսանալ դեռևս Երևան քաղաքի Ալ. Թամանյանի կազմած գլխավոր հատակագիծը:

Երևանը 40 զբոսայգի ու պուրակ ունի, Տալինը՝ 50, բայց ամեն քաղաք ունի իր ներկայացուցչական այգին: Մոսկվայինը Գորկու անվան այգին է, Վիեննայինը՝ Քաղաքային այգին, Տալինինը՝ Կադրիորգը, իսկ Երևանինը Ծիծեռնակաբերդի զբոսայգին է՝ Եղեռնի հուշահամալիրով: Երևանյան այգիներին ուրույն գրավչություն է հաղորդում ռելիեֆի կտրտվածությունը, լանջերի թեքությունը: Իսկ դրանց կազմակերպան գործում կարևոր է ծառ ու թփերի, անգամ սիզախոտի ընտրությունը, որը մեծապես նպաստում է բնական կենսապայմանների ձևավորումը:

Ստրասբուրգի քաղաքային այգիներում կարելի է հանդիպել ազատ զբոսնող եղնիկների, իսկ արագիլների համար ստեղծված հատուկ բներում թռչուններն ամբողջ տարին ապրում են իրենց ընտանիքներով: Շվեդիայում և եվրոպական այլ երկրներում սովորական է սկյուռների, աղավնիների, բադերի ու կարապների և նույնիսկ ոզնիների առկայությունը զբոսայգիներում, որտեղ երեխաները կարող են շփվել կենդանիների հետ: Ջրային տարածքներում ընդունված է նաև ձկների առկայությունը, ինչը մենք կարող ենք տեսնել Երևանի Վարդավառի լճում: Այգիները մի կարևոր գործառույթ էլ ունեն, որը կարող է գրավել զբոսաշրջիկներին. դա քաղաքային աղմուկից պաշտպանությունն է և հասարակական վայրում անվտանգության եզակի զգացողությունը: Դեռևս խորհրդային ժամանակներում Լենինգրադում կար Կարլ Մարքսի անվան զբոսայգի, որի կենտրոնում էր գտնվում շրջանային միլիցիայի վարչության շենքը, բայց տեղաբնակները խորհուրդ չէին տալիս այցելել այգի, նույնիսկ ցերեկով այնտեղ գտնվելն անվտանգ չէր:

Այգիների շահագործումը, որպես զբոսաշրջային ռեսուրս, պետք է մատչելի լինի և անվտանգ: Լավագույն օրինակներից է Երևանի Կարապի լիճը՝ և՛ որպես լիճ, և՛ որպես սառցադաշտ, և՛ համերգային հարթակ:

Երևանի 2800-ամյակին նվիրված հեռանկարային այգու կառուցումը կարող է մայրաքաղաքում լրացնել կանաչապատ տարածքների մակերեսը  և բարելավել նրա զբոսաշրջային գրավչությունը:

 

Կարապետ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի զբոսաշրջության անվտանգության դասախոս

 

Հ.Գ. 1990-ականների սկզբին կատարված ճարահատյալ անտառահատումների առիթով ուզում եմ հիշել բնապահպան պետական գործիչներից մեկի պատմածը. այդ տարիներին, երբ փորձի փոխանակման նպատակով Գերմանիայում էի, հարց բարձրացվեց, թե ի՞նչ գործողությունների են դիմում, երբ քաղաքային զբոսայգում մեկը ծառ է կտրում: Գերմանացի պաշտոնյաներից մեկը պատմեց, որ ունեն հատուկ ծառայություն, որի սպիտակ համազգեստով աշխատակիցներն ահազանգով գալիս են դեպքի վայր և օրինախախտ քաղաքացուն տեղափոխում… հոգեբուժարան: