Գլխավոր Նորություններ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ

546
Տարածել

Թոմ Քաթինա. Ինչո՞ւ հաշվապահ չդարձա, չէ՞ որ թվերը չեն արնահոսում

Երկիր մոլորակը պտտվում է մի խումբ խենթերի, նվիրյալների անձնազոհության շնորհիվ: Նրանք աշխարհի տարբեր ծայրերում են, ուր պետք է Աստված լիներ` օգնելու, փրկելու, դժոխքը դրախտի վերածելու համար: Երկրի վրա մշտապես Աստծու ներկայությունն ապահովող այդ խենթերից մեկն է 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան` Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Ամերիկյան բախտավոր կյանքից հրաժարված Թոմը, հանելով վիրաբույժի հանդերձանքը, առաջին անգամ կոստյում հագավ Երևանում, իսկ վերջին անգամ հագել էր մինչև Նուբայի լեռներ գնալը: «Ես ունեմ ապրելու տեղ՝ թփերի մեջ թաքնված տուն՝ բարակ քարե պատերով, ծղոտե ծածկով, որից երբեմն անձրևաջուր է կաթկթում, բայց ոչինչ… ապրելու համար պիտանի է: Ուտելիք լինում է: Երբեմն ինչ-որ բան եմ գնում տեղացիներից: Մենք էլ ենք բանջարեղեն աճեցնում: Ես ու կինս փոքրիկ ագարակ ունենք՝ լոբի ենք ցանում, հացահատիկ, ձավար, հավ ենք պահում և չնչին գումար տալով ուտելիքին` գոյատևում ենք: Դրանից ավելին ունենալ չեմ էլ ուզում: Դա այն կյանքն է, որով ուզում եմ ապրել: Այնտեղ եմ Աստծու և մարդկանց կամքով, իսկ փողը թող հոգ տանի ինքն իր մասին, այն ինձ պետք չէ պարզապես»,- ասում է Թոմ Քաթինան:

Երևանում մայիսի 28-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի 1 մլն դոլարի պարգևը շնորհվեց հենց նրան: Շանսոնյե Շառլ Ազնավուրը մրցանակի 5 հավակնորդներից Թոմ Քաթինայի անունը բարձրաձայնեց և նրան հանձնեց մրցանակը: Թոմ Քաթինան 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից։ «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների: Թոմ Քաթինան ստանալու է 100 000 դոլարի պարգևը և նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1 մլն դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի և եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին և դարձնել այն ավելի լավը»,- ասաց «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանն արժանացած Թոմ Քաթինան:

Արդեն համաշխարհային հնչեղություն ստացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար: Աշխարհում կան փրկողներ, կան փրկվողներ և կարիքի մեջ սպասողներ. այս բոլորին է ձեռք մեկնում «Ավրորան»` հուսադրելով սպասողներին: «Ավրորա» մրցանակն անչափ կարևոր դեր ունի մարդկանց հուսադրելու գործում, և ես հպարտ եմ, որ ինձ է միացել այնպիսի համեստ ու ոգեշնչող անհատ, ինչպիսին Թոմ Քաթինան է։ Ես խոնարհվում եմ բոլորին սեր պարգևելու նրա անձնազոհ ջանքերի առջև և ի սրտե շնորհավորում նրան այս պատվավոր մրցանակը ստանալու առթիվ»,- ասաց 2016-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, որ բեմից շարունակ հնչեցնում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի անունները` շնորհակալություն հայտնելով ու ոգևորելով նրանց մարդասիրական նախաձեռնության համար։

Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում։ Վերջին ինը տարիներին «Գթության մայր» հիվանդանոցում Թոմ Քաթինան, որին տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750 000 բնակիչների։ Ընդհանուր առմամբ, բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի և տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում։ Նրա համար ամենադժվարն իր մեռնող հիվանդներին նայելն է, իսկ երբ գլուխը վեր է բարձրացնում, տեսնում է ռմբակոծող ինքնաթիռներ: Այդ պահերին է, որ ափսոսում է, թե ինչո՞ւ հաշվապահ չդարձավ. չէ՞ որ թվերը չեն արյունահոսում, հետո էլ սթափվում է՝ իսկ ո՞վ կօգնի ապրել մարդկանց… Քաթինան նաև 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից էր, սակայն չէր կարողացել ներկայանալ, քանի որ Նուբայի միակ բժիշկն էր, իսկ այս տարի նրան փոխարինելու էին գնացել երեք հայ բժիշկ Երևանից, միայն այդ պայմանով է համաձայնել գալ՝ հիվանդներին թողնելով հուսալի ձեռքերում: «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության հյուրերը մեծարման արժանացրին նաև այս տարվա մյուս չորս հավակնորդների բացառիկ ներդրումը։ 2017 թ. «Ավրորայի» հավակնորդներն էին «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը (Սոմալի), «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Սիրիայի Մադայա քաղաքի դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Փանզի հիվանդանոցի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։ Նրանց տրվեց 25-հազարական դոլար պարգև:

Իսկ մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որ նույնպես ներկա էր մրցանակաբաշխությանը, ասաց. «Սա կոչ է Հայաստանից աշխարհին, որ արժևորեն մարդուն: Շատ լավ գործ է, որը մարդը կարող է անել՝ օգնել և զորավիգ լինել, մանավանդ, որ դա անում է հայը, որ գիտի՝ ինչ է նշանակում ուրիշից ստացած օգնությունը: Մենք նույնպես օգնություն ստացել ենք և տեսել ենք ամենամեծ դժվարությունները»: Մաեստրոն նաև ընդգծեց, որ իր համար շատ հուզիչ էր հատկապես այն պահը, երբ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մրցանակը հանձնեց հաղթող ճանաչված բժիշկ Թոմ Քաթինային:

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է 8 տարի՝ խորհրդանշելով 1915-1923 թթ. Ցեղասպանության 8 տարիները: Ռուբեն Վարդանյանը, շնորհավորելով մրցանակի երկրորդ տարվա դափնեկիր Թոմ Քաթինային, նշեց. «Մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրա պատմությունը և լույս սփռել աշխարհում գոյություն ունեցող բարի կամքի վրա, որպեսզի այլոց օգնելը դառնա համաշխարհային մշակույթի մի մասը»։ Նաև ընդգծեց, որ իր երազանքն է՝ 2023-ին «Ավրորան» անցկացվի Հալեպում՝ Դեր Զորում, որտեղ հազարավոր հայեր են սպանվել: Իսկ մեծ երազանքն է, որ այս մրցանակը չեղարկվի: Մրցանակի կարիքը չլինի:

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ