Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱՌՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՌՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

636
Տարածել

Մեր թերթի այս տարվա 17-րդ և 20-րդ համարներում տեղեկացրել ենք, որ մայիսի 22-26-ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացվող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ միջազգային համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում էին ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ Լևոն Խաչատրյանը, փրկարար ծառայության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ԱԻՆ ներկայացուցիչ Մարգարիտա Հակոբյանը:

Մարիամ Գևորգյանից տեղեկացանք, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նախագահել է համաժողովի «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը: Մասնակիցները ներկայացրել են աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման գործընթացում վաղ ազդարարման համակարգերի կիրառման ու տեղեկությունների փոխանակման փորձը: Հայկական պատվիրակությունը մասնակցել է «Նախարարական կլոր սեղան» աշխատանքային նիստին: Ի հավելումն՝ Դավիթ Տոնոյանը ազգային զեկույց է ներկայացրել: Որոշ մեջբերումներ այդ զեկույցից:

«2015 թվականից ի վեր Հայաստանը հանձնառու է դարձել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին, և ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարությունն ամրապնդում է Կայուն զարգացման նպատակներին և Սենդայի շրջանակային ծրագրին համահունչ այս մոտեցումը: Եվ ռազմավարությունը, և վերջինիս ձևավորման գործընթացը տարածաշրջանում իրականացվել են բացառիկ եղանակով, որը նախաձեռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և իր աջակցությունն ստացավ Ճապոնիայի Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից… Հայաստանը հաստատել է հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլան՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթական համակարգի ենթակառույցների դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ԱՌԿ կրթական ծրագրերի կատարելագործմանն ու արդյունավետության ապահովմանը… Դիմակայունության մշակույթի ամրապնդման կայուն գործընթացը պահանջում է շարունակական հաստատութենական զարգացում: Այս առումով առանցքային հենասյուների շարքում է ԱՌՆ ազգային պլատֆորմի ակտիվ դերն ու գործունեությունը, այդ թվում նաև՝ վերջինիս շրջանակներում ընդարձակվող գործընկերությունը և արդյունավետ միջկառավարական համագործակցությունը… Մեր նպատակն է աշխարհագրական տեսանկյունից փոքր, դեպի ծով ելք չունեցող և գրեթե բոլոր տեսակի աղետների ռիսկի մարտահրավերներ ունեցող Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել: Այս նպատակով մեր մտադրությունն է Սենդայի գործողությունների իրագործմանն ուղղված մեր ջանքների հիմքում դնել մարդկային կարողության զարգացումը՝ կարևորելով այն հանգամանքը, որ երկրի կայուն զարգացումը պայմանավորված է Սենդայի իրականացման հաջողությամբ… Աղետները չեն ճանաչում երկրների միջև ռազմական-քաղաքական իրողություններ: Հուսով եմ, որ միջազգային այս համաժողովը կարևորագույն ուղենիշ և խթան կհանդիսանա կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Սենդայի գերակայությունների ներառման և միջազգային ու անդրսահմանային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ մեր աշխարհն ավելի դիմակայուն դարձնելու նպատակով»:

Հայկական պատվիրակությունը, օգտագործելով պատեհությունը, նաև մոտ մեկ տասնյակ երկկողմ հանդիպումներ է ունեցել. Իրանի ներքին գործերի փոխնախարար և Աղետների կառավարման ազգային կազմակերպության ղեկավար Էսմայիլ Նաջարի, Չինաստանի քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ժաոքսի, Իտալիայի վարչապետի աշխատակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի, Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի, Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի, ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA), Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) ներկայացուցիչների հետ:

Քննարկված հարցերի շրջանակը բավականին լայն է. դիմակայուն տարածաշրջան ունենալու նպատակով տարածաշրջանային-անդրսահմանային համագործակցություն, վաղ ազդարարման համակարգերի զարգացման, քաղաքացիական պաշտպանության, սեյսմիկ անվտանգության ոլորտներում փորձի փոխանակում և այլն:

Ըստ Մարիամ Գևորգյանի՝ նաև կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Պաոլա Ալբրիտոն և ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պայմանավորվել են եկող տարի Հայաստանում անցկացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմի համաժողով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ