Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՇԻԿԱՑԱԾ, ԹԱՓԱՌՈՂ ՄՏՔԵՐ

ՇԻԿԱՑԱԾ, ԹԱՓԱՌՈՂ ՄՏՔԵՐ

700
Տարածել

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրն է՝ կերտված Սարդարապատի հերոսամարտերում: 2018-ին նշելու ենք այդ երկու կարևոր իրադարձությունների 100-ամյակը: Մի քանի դար պետականություն ունենալու երազանքով ապրող Հայը Սարդարապատից հետո հիմք դրեց նոր պետականության, անցավ խոժոռ օրերի միջով, մերթընդմերթ՝ բոցաշունչ հաղթանակներով, նոր հորիզոնների սպասումներով:

Մայիսյան հերոսամարտերն ու դրանց հաղթական ելքը շատերն էին զարմանահրաշ համարում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք, մենք ազատագրվեցինք: Մեր անկախությունն ու պետականությունը մենք նվաճեցինք մեր ուժով, վճարեցինք այնքան, որքան ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք՝ ճակատագրի հարվածներին դիմակայելով:

Դերենիկ Դեմիրճանի խոսքով՝ զարմանալի է Հայի տեսակը, նա իր կյանքում երկու բան չտեսավ. մեկ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Այսօր նոր պետականություն ունենք, բայց Հայը շարունակում է բողոքել բախտից, քանի որ իր ձգտումներում բացարձակ առավելապաշտ է՝ առավելագույն ծայրահեղ պահանջներով: Ձգտումն այդ լավն է, ու հատկությունն այդ առավել առաջընթացի է տանում: Բայց դե ձգտման մեջ համբերատար չէ և ուր էլ որ մեկնում է, հանգրվանում է Հայը, ապրելու հատկությունն այդ նրան առավելագույնին է հասցնում: Հայրենիքի այսօրվա վիճակից շատերն են դժգոհում. կենսապայմանները պատկերացրածին նման չեն: Բայց դե Ամերիկան էլ միանգամից չի կառուցվել: Դժվարին ուղի է անցել: Քչերը գիտեն, որ Միացյալ Նահանգներում 1950-ից մինչև 1978 թվականները գործում էր հատուկ իրավական ռեժիմ, ուղիղ 38 տարի արտակարգ դրություն էր հայտարարված երկրում: Այդ ընթացքում էր, որ ԱՄՆ-ը դարձավ գերտերություն, այդ տարիներին էր, որ ուժերի գերլարումով ստեղծվեց աշխարհի ամենահզոր տնտեսությունը, հիմք դրվեց բարձր տեխնոլոգիական արտադրությանը: Նույն ուղիով անցան Գերմանիան ու Ճապոնիան:

Հայաստանը պատերազմող երկիր է, ու այս պայմաններում քիչ չեն նաև մեր փոքրիկ նվաճումները: Անկախության այս տարիներին թեև ապրում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց մենք չանցանք հատուկ իրավական ռեժիմի կանոնակարգերով: Արցախի խնդրի լուծման հետաձգումն առայժմ կաշկանդում է երկրի զարգացումը: Բայց կա նաև հուսադրող մի բան. համառ լուրեր են հասնում մեզ, որ Մինսկի խմբի համանախագահները փորձում են համոզել հարևան երկրին՝ ճանաչելու հայկական երկրորդ պետության անկախությունը: Ու թեև մենք պատրաստ ենք նոր ու դժվարին հաղթանակների (ինչպես՝ Ապրիլյան պատերազմում), բայց նոր Սարդարապատ չի լինելու: Հեռավոր անցյալում այն հուսահատական պատերազմ էր: Չի լինելու, որովհետև պետություն ունենք՝ դժվարին ընթացքով զարգացման ուղին բռնած, իսկ անկախության սերունդն էլ՝ հուսահատությունը հաղթահարած՝ Մայիս 28-ի պատգամով քայլեցնում է մեզ, որպես նոր ժամանակների Հայի տեսակ: