Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. օդակաթիլային. դիֆթերիա

Վարակներ. օդակաթիլային. դիֆթերիա

999
Տարածել

Դիֆթերիան սուր վարակիչ հիվանդություն է: Դիֆթերիայի հարուցիչն արտադրում է թունավոր նյութեր, որոնք, անցնելով արյան մեջ, ախտահարում են ամբողջ մարմինը, առավելապես՝ սիրտը, նյարդային համակարգը, երիկամները և վերին շնչուղիները: Դիֆթերիան շատ վտանգավոր է և, եթե առաջին իսկ օրերին չհայտնաբերվի ու չբուժվի, կարող է բերել մահվան: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-10 օր: Դիֆթերիայով հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին 2–3 օրերից սկսած մինչև ապաքինումը:

Նշանները

Մարմնի ջերմաստիճանի գգալի բարձրացում, գորշասպիտակավուն փառ բերանի խոռոչի, շնչուղիների կամ այլ օրգանների լորձաթաղանթների վրա, շնչառական ուղիների և պարանոցի շրջանում արտահայտված այտուց, որը կարող է հանգեցնել շնչուղիների փակման և շնչառության խիստ դժվարացման, ցավի գրեթե լրիվ բացակայություն այտուցված օրգաններում, ձայնի խռպոտում՝ ընդհուպ մինչև կորուստ, հազ, աղմկոտ շնչառություն, շնչահեղձության նոպաներ, կլման դժվարացում:

Առաջին օգնությունը

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը:
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը: Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը:
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ:
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար: Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով:
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկ: