Գլխավոր Նորություններ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

852
Տարածել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում մայիսի 16-ին ամփոփվեցին լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները, որոնք  մեկնարկել էին 2016-ի դեկտեմբերին: Հայտագրվել էր 1237 լուսանկար՝ 48 երկրից և 184 ֆիլմ՝ 27 երկրից: Ժյուրիի որոշմամբ լավագույն լուսանկար է ճանաչվել արցախցի, Ապրիլյան պատերազմում առաջնագիծ մեկնած Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը, որում պատկերված փողոցային շունը հսկում է զինվորի խաղաղ քունը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սարգիս Բուլղադարյանը «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» և թայլանդացի Վիզարուտ Սանխամը «Անագե պատերի հետևում» լուսանկարներով։

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթել է կոլումբացի Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն»  անիմացիոն ֆիլմը։ Մյուս մրցանակային տեղերը շնորհվել են Ազա Անդրեասյանին «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» և Եվգենի Վասիլցովին «Հայր» ֆիլմերի համար։

«Ինձ հարցնում են՝ ի՞նչ կապ ունի պատերազմը մարդասիրության հետ։ Ամեն ինչ այս կյանքում երկու կողմ ունի։ Ստվերը տեսնելու համար լույս է պետք. որքան իրավիճակն ու ժամանակը հակամարդկային են, նույնքան դրանցում լույսն ավելի է տեսանելի»,- նշում է Արեգ Բալայանը։ Արեգի պատկերները մեծամասամբ սև ու սպիտակ են, դրանց «տողատակում»՝ լույսի ու ստվերի խաղի մեջ, կարելի է այլ փիլիսոփայական հարթություններ գտնել։ Ասում է՝ պատերազմից հետո իրեն նորովի ճանաչեց. ինչպես ամեն անգամ ընկնելիս նույն ցավը չես զգում, այդպես էլ սահմանին ոտք դնելիս զգացողություններն են միշտ տարբեր։ «Ապրում եմ իրականությամբ, ստեղծում մաքսիմալը։ Կցանկանայի, որ մեր հարևանների հետ յոլա գնանք, քանի որ հնարավոր չէ անընդհատ կռվել և միաժամանակ խոսել զարգացումից, մարդասիրությունից»,- անկեղծանում է երկու զավակի հայրը։ Խոսելով իր լուսանկարներում արտացոլված բանակային անկեղծ ընկերության մասին՝ Արեգը վստահեցնում է՝ սահմանին կանգնած զինվորի միակ թիկունքն ու ապրելու շարժառիթը զինակից տղաներն են։ Անկախ նրանից՝ դիմացինդ թույլ է, ուժեղ, հիմար, թե սրիկա, միևնույն է՝ պատասխանատու ես նրա կյանքի համար։ Բանակում միշտ սիրո պակաս կա. ընկերդ է դառնում քո հայրը, մայրը, մեծ եղբայրը։

Թայլանդացի լուսանկարիչ Վիզարուտ Սանխամի լուսանկարները պատմում են Բանգկոկի աշխատանքային ճամբարներում կամբոջացի միգրանտների առօրյայի մասին։ «Անագե պատի հետևում» նախագիծը հեղինակի երկարամյա աշխատանքի արդյունքն է։ «Քաղաքում զբոսնելիս հաճախ եմ տեսնում միգրանտների։ Ամեն թայլանդացի ճանաչում է այս տեղամասը, սակայն քիչ է տեղեկացված դրա մասին։ Այս մարդկանց մեծ մասը, գործակալի հետ համաձայնության գալով, փախչում է Կամբոջայից գործազրկության և աղքատության պատճառով։ Այստեղ նրանք շինարարության բանվորներ են և օրական 7-8 դոլար են վաստակում։ Իմ լուսանկարներում ցանկացել եմ ցույց տալ «Հրեշտակների քաղաք» համարվող Բանգկոկի բարձր աշտարակների ստվերում եռացող կյանքը»,- մեզ հետ զրույցում պատմում է լուսանկարիչը։

Անագեպատ տարածքում ապրող իր հերոսներին անձամբ է ճանաչում։ Ծնողներն ամբողջ օրը շինհրապարակում են անցկացնում, փոքրիկները՝ խաղում նրանց կողքին։ Թայլանդական դպրոցներում ընդունելության դժվարությունների և բարձր ուսման վարձի պատճառով միգրանտների երեխաներն այդպես էլ կրթություն չեն ստանում, ինչպես լուսանկարում պատկերված կամբոջացի 7-ամյա Նամֆոնը, որը լողացնում է սիրելի տիկնիկին և աչքի պոչով հետևում փոքր քրոջը։

Ազգագրության բաժնի մագիստրոս Վիզարութը «Ավրորա» նախաձեռնության մասին «Ֆեյսբուքից» է տեղեկացել։ 3-րդ մրցանակային տեղի համար սահմանված 1000 դոլար գումարն ուղղելու է Թայլանդում փողոցային մրցավազքի մասին պատմող իր նոր ֆոտոշարքի ստեղծմանը։

Հավելենք, որ մրցույթների հաղթողները ներկա կլինեն մայիսի 28-ին «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը։