Գլխավոր Նորություններ «ԿՈՄԱՆԴԻՐԸ»

«ԿՈՄԱՆԴԻՐԸ»

964
Տարածել

 

Կոչումների չեմ ձգտել, միշտ ուզեցել եմ մնալ գործի մեջ

Մարզում բոլոր ճանաչողները «կոմանդիր» պատվո կոչումով են դիմում նրան` Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Գարեգին Ղազարյանին: Իսկ կոչումը վաստակել է շատ ավելի վաղ, երբ մարզի փրկարարական ջոկատի հրամանատարն էր: «2002 թ. Արտակարգ իրավիճակների վարչությունից հրաման եղավ` մարզերում ստեղծել փրկարարական ջոկատներ: Ինձ կանչեցին և ասացին` հավաքում ես ուժեղ տղաների` 7 հոգի, և ստեղծում Արարատի մարզային փրկարարական ջոկատ: Ես այդ ժամանակ Արարատի մարզային փրկարարական վարչությունում էի ծառայում»,- հիշում է փ/ծ մայորը: Իսկ մարզային վարչությունում ծառայության էր անցել 2000 թ. հունվարի 14-ից, որպես ավագ սպա` ավարտելով Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խտացված դասընթացները փ/ծ լեյտենանտի կոչումով: Մինչ այդ ավարտել էր «Գալիք» համալսարանը:

Տղաների ընտրության առաջնահերթ պայմանը նախ նրանց ֆիզիկական ուժն է եղել ու որևէ բանից չվախենալը և հետո՝ դժվար իրավիճակներում սառնասրտորեն կողմնորոշվելն ու ելք գտները: «Տղաների ընտրությունը մենք ենք կատարել` մարզային վարչությունում, և ներկայացրել արդեն Երևան»:

Ջոկատը` մինչև 30 տարեկան 7 փրկարար, և հրամանատարը` արդեն փ/ծ ավագ լեյտենանտ Գարեգին Ղազարյանը, սպասարկում է ամբողջ Արարատի մարզը, արձագանքում բոլոր արտակարգ դեպքերին: Օրերով, երբեմն գիշեր ու ցերեկ, մնացել են սարերում ու ձորերում, Խոսրովի անտառում, տնտղել ջրանցքներն ու գետերի հուները` փնտրելով անհայտ կորածին ու հնարավոր զոհին: Պարաններով բարձրացել բազմահարկ շենքեր, հասել մինչև տանիք, բնակարան մտել պատուհանից, որտեղ ծանր ու ծայրահեղ իրավիճակում հայտնվածներ կային: Ահազանգով հասել ավտովթարի վայր, մի խոսքով՝ եղել այն բոլոր տեղերում, որ առանձնանում են արտակարգ իրավիճակ եզրույթով և որտեղ անհրաժեշտ է փրկարարի ձեռք:

Սկզբնական շրջանում ջոկատը չի ունեցել տեխնիկա, գրեթե ոչ մի միջոց` բացի իրենց ուժից ու մարդկանց փրկելու կամքից: Դժվար ժամանակներ էին, սահմանափակ միջոցներով երկիր: Ամեն բան ձեռք են բերել, ինչպես Գարեգին Ղազարյանն է ասում, իրենց միջոցներով. «Իմ անձնական մեքենայով, իմ վառելիքով ես 8 տարի սպասարկել եմ մարզը, որից հետո միայն` 2010 թվականին, Սախարովի հրապարակի ՀՓՋ-ի բակ բերեցին 11 հատ «Ուազ» մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկը ստացել ենք մենք և օգտագործել ընդամենը 2 տարի»: Քանի որ 2011 թ. լուծարվեցին մարզային փրկարարական ջոկատները` միավորվելով հրշեջ-փրկարարական ջոկատների հետ. «Մեր տղաները ծառայությունը շարունակեցին տարբեր ՀՓՋ-ներում՝ արդեն որպես հրշեջ-փրկարարներ: Ես մեկ տարի աշխատեցի մեր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, նորից որպես ավագ սպա, որից հետո արդեն 3,5 տարի է՝ Արարատի մարզի Վեդիի ՀՓՋ հրամանատարի տեղակալն եմ»,- շարունակում է փ/ծ մայորը և հավելում, որ ջոկատի տղաներից է եղել նաև այսօր արդեն Արտաշատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Միքայելյանը:

Մարզի միակ փրկարարական ջոկատն էր, և բոլոր արտակարգ դեպքերի ու պատահարների համար, բացի հրդեհաշիջումից, իրենց են ահազանգել: «Մարզում ամեն քարի ու թփի ոտքս կպել է, ինձ պետք չէր նկարագրել տեղանքը, ես անգիր ու փակ աչքով գիտեի: Վարչության պետը զանգահարում և ասում էր, թե այսինչ տեղում դեպք է պատահել: Մանրամասնել պետք չէր, անմիջապես գնում և կանգնում էի դեպքի վայրում: Շուրջ 10-11 տարին բավական է մարզը ճանաչելու համար, ես ճանաչում եմ»: Պատահել է, որ մինչև 10 օր փնտրել են Արտաշատյան ջրանցքն ընկած 6-ամյա երեխային, ջրի հոսքը կտրել են, ցամաքեցրել հատակն ու ի վերջո գտել: Իսկ ձորը շրջված մեքենայից դուրս բերված վիրավորին ոչ միայն հասցրել են հիվանդանոց ու հանձնել բժիշկներին, այլև ուղեկցել մինչև պալատ և նոր միայն հանգիստ խղճով վերադարձել իրենց գործին: «Դեպքից անցել է 2-3 տարի, հանկարծ Արտաշատի գազալցակայանում մեկը մոտենում է ու համբուրում ինձ և հրավիրում տուն: Ասում եմ` կներեք, չեմ հիշում, թե ով եք, պատասխանում է, թե ջրանցքն ընկած այն 6 տարեկան աղջկա հայրն եմ, հալալ է ձեզ, որ գտաք երեխուն: Ցավ էի զգում, երբ նման դեպքեր էին լինում, բայց գտնելուց հետո հանգստանում էի, որ հարազատներին գոնե մխիթարվելու հնարավորություն էինք տալիս»,- հիշում է փ/ծ մայոր Ղազարյանը:

Ամեն տարի շուրջ 40-50 դեպքի ահազանգ են ունեցել, պատահել է՝ մինչև 10-15 օր որոնողափրկարարական աշխատանքների մեջ են եղել, գրեթե գիշեր ու ցերեկ` ընդամենը մի 3-4 ժամ հանգստանալով, մինչև հասել են արդյունքի: «Պատահել է, որ միայնակ թոշակառու տատիկի փակ դուռն ենք առանց վնասելու բացել: Գուլպայի միջից հանել է թոշակի 5 հազար դրամն ու առաջարկել մեզ, չենք վերցրել: Փոխարենը գնացել ենք խանութից բան-ման առել ու բերել, ասել ենք` տատի ջան, էս մեր կողմից քեզ, էս էլ մեր համարը, խնդիր կունենաս` զանգ տուր, եթե խանութից այլուրի պարկ կամ մի ուրիշ ծանր բան կառնես, տեղափոխող չի լինի, էլի զանգ տուր, կգանք` կբերենք»,- ասում է փրկարարը: Նաև նկատում է, որ իր սաներից արդեն փոխգնդապետի ուսադիր կրող էլ կա, բայց ինքը մնում է մայոր: «Ղեկավարությունից առաջարկներ ստացել է և՛ պաշտոնի, և՛ կոչումի բարձրացման, բայց ես չեմ ձգտել դրան, միշտ ուզեցել եմ մնալ աշխատող ու գործի մեջ: Ընդամենը դեկտեմբեր ամսին ինձ շնորհվեց 15-20 տարվա անբասիր ծառայության համար մեդալ, իսկ մինչ այդ ստացել եմ ևս մի շարք պատվոգրեր ու շնորհակալագրեր: Բայց դրանք ինձ չեն հետաքրքրում, ես գիշերը գլուխս բարձին դնելիս մտածում եմ, որ լավ բան եմ արել, դա է ինձ համար կարևորը: Տղամարդը քնելուց առաջ միշտ պետք է իրեն հաշիվ տա` օրը անցավ` ինչ լավ բան արեցի, եթե վատն եմ արել` շտկեմ»,- նշում է նախկին փրկարարական ջոկատի հրամանատարն ու նեկայումս Վեդիի ՀՓՋ հրամանատարի տեղակալ Գարեգին Ղազարյանը:

Իսկ Վեդիի ՀՓՋ հրամանատար Պարույր Սահակյանը գործընկերոջը բնորոշելիս առաջնահերթ նշում է, որ շատ մեծ փորձ ունի փ/ծ մայորը և միշտ դեպքի վայր է մեկնում վճռական ու բարձր ոգով: «Եթե Գարեգին Ղազարյանը դեպքի վայրում է, ես մտահոգվելու խնդիր չունեմ, վստահ եմ, որ բոլոր գործողությունները բարձր մակարդակով կատարվելու են, ինչպես նաև տղաներն ապահով են ու ճիշտ ուղղորդված: Ե՛վ որպես մարդ, և՛ որպես փրկարար հավասարապես բարձր գնահատականի է արժանի Ղազարյանը: Արարատի մարզի Դարակերտ գյուղից է, այս տարածքի մարդ, որ լավ գիտի այս հողն ու ջուրը, մարդկանց, և շուրջ 20 տարի է՝ գրեթե ամեն օր օգնում է իր հողուջրի մարդուն»: