Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԿՁևԱՎՈՐՎԵՆ ՔԿՃՄ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՄԲԵՐ

ԿՁևԱՎՈՐՎԵՆ ՔԿՃՄ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՄԲԵՐ

1295
Տարածել

Մեր թերթի այս տարվա 8-րդ և 11-րդ համարներում տեղեկացրել ենք, որ Եվրոպական Միության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի» հովանավորությամբ 9 երկրում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Սերբիա, Մակեդոնիա, Բոսնիա-Հերցոգովինա, Խորվաթիա) կստեղծվեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր: Փետրվարի 27-մարտի 3 հատվածում Երևանում կազմակերպվել էր միջուկային ազդակների վերաբերյալ դասընթաց-վերապատրաստում, մարտի 13-17 հատվածում Թբիլիսիում՝ կենսաբանական ազդակների, իսկ մայիսի 15-19-ը՝ Կիևում՝ քիմիական ազդակների վերաբերյալ: Ամեն դասընթացին Հայաստանից մասնակցել է 3 մասնագետ, որոնցից երկուսը՝ ԱԻՆ-ից:

Կիևի հավաքին մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ Կարապետ Կարապետյանը, նույն բաժնի ավագ հրահանգիչ Խաչիկ Շմավոնյանը և ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոնի» թափոնների հաշվառման, դասակարգման և տեխնոլոգիաների ուսումնասիրության բաժնի պետ Արտակ Խաչատրյանը:

Կարապետ Կարապետյանի տեղեկացմամբ՝ դասընթացի ժամանակ խոսել են քիմիական ռիսկերից, դրանց հակազդելու ձևերից, այդ թվում՝ քիմիական և կենսաբանական զենքերն արգելելու միջազգային հռչակագրերից:

Բացի դասընթացներից, երկրները քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբերի համար գույք են ստանալու: Հայաստանը՝  230 հազար եվրոյի. անհատական պաշտպանության միջոցներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային ազդակների հայտնաբերման սարքեր և այլն: Այս սարքերի աշխատանքին և նրբություններին մեր մասնագետները ծանոթացել են Կիևում. «Այլ երկրների համեմատ լավ վիճակում ենք, բայց սովորելու բան միշտ կա»:

Դասընթացներն ավարտվել են, իսկ գույքը դեռ ամբողջությամբ Հայաստան չի հասել: Կարապետ Կարապետյանի տեղեկացմամբ, գույքի մնացած մասն առաքվելու է ԱՄՆ-ից և Գերմանիայից, իսկ առաքման պատասխանատուն «Ուկրաինայի գիտությունների և տեխնիկայի կենտրոնն» է: «Խոսել եմ այդ կենտրոնի ղեկավարի հետ: Ամենաուշը երկու ամսում գույքը կամբողջանա: Արտահանման թույլտվություն կա, բայց քանի որ քիմիական սարքերն ու անհատական պաշտպանության միջոցները երկակի նշանակություն ունեն, արտադրման-վաճառքի-առաքման ամբողջ շղթան վերահսկում են նաև հատուկ ծառայությունները, և այդ պատճառով է ձգձգվում»,- ասաց Կարապետ Կարապետյանը:

Կիևում մեր մասնագետները կապ են հաստատել սարքերն արտադրող ընկերությունների հետ: Եթե կարիք լինի, մերոնք տեսակապով (SKYPE) կաշխատեն արտադրողների հետ և ցանկացած հարց հենց նրանց կտան:

Գույքն ամբողջանալուն պես, կսկսվի քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբերի ձևավորումը: Խմբերը կաշխատեն սահմանային անցակետերում՝ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում: Խմբերում ընդգրկված մասնագետների համար վերապատրաստման դասընթաց կանցկացնեն Եվրոպական Միության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի» ծրագրով անցած 9 մասնագետները: Ներկա կլինեն մերոնց վերապատրաստած սլովակ մասնագետները՝ հարկ եղած դեպքում միջամտելու համար: Հոկտեմբերին նախատեսված է քիմիական, կենսաբանական, ճառագայթային ռիսկերին արձագանքման հայ-վրացական համատեղ վարժանք, որին կմասնակցեն նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման նոր ձևավորված խմբերը:

Ծրագրով նախատեսված է առաջին արձագանքման ուժերի ստեղծում, կարողությունների զարգացում, բայց ծրագիրը շարունակական է: Ուստի չի բացառվում նոր դասընթացների և վարժանքների կազմակերպումը: