Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱՌՆ ԳԼՈԲԱԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԼԱՏՖՈՐՄԸ

ԱՌՆ ԳԼՈԲԱԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԼԱՏՖՈՐՄԸ

867
Տարածել

Հայաստանը՝ համաշխարհային համաժողովում

Մեր թերթի այս տարվա 17-րդ համարում (5 մայիսի, 2017 թ.) տեղեկացրել ենք, որ մայիսի 22-26-ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելու է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմը» 10 տարվա պատմություն ունի: 2005-ի հունվարի 18-22-ը Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայի Քոբե քաղաքում տեղի ունեցավ աղետների ռիսկի նվազեցման առաջին համաշխարհային համաժողովը, որի ավարտին ընդունվեց «Ազգերի ու համայնքների աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման» Հյոգոյի գործողությունների 2005-2015 թթ. ծրագիրը: Կարևորվեց աղետների նկատմամբ խոցելիության, աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական և համակարգված մոտեցումների ներկայացման ու խթանման՝ աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:     2015-ի մարտին Ճապոնիայի Սենդայ քաղաքում համանման համաժողով կազմակերպվեց, և ընդունվեց «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը», որը Հյոգոյի ծրագրի շարունակությունն է: Այս համաժողովների ժամանակ արձանագրվեց, որ աղետների ռիսկի նվազեցում-կառավարումը կլիմայի փոփոխությանը հարմարվելու, կայուն զարգացման և աղքատության կրճատման պայման է, և պետք է մեկտեղել ջանքերը, իրականացնել բազմամակարդակ ծրագրեր. տեղական-համայնքային, ազգային, միջպետական-տարածաշրջանային: Հաջողված ծրագրերի մասին իրազեկելու, փորձի փոխանակման, այլոց արածին և նախատեսածին ծանոթանալու, երկխոսության նպատակով, ՄԱԿ-ի հովանու ներքո Հյոգոյի համաժողովից հետո երկու տարին մեկ (2007, 2009, 2011, 2013) անցկացվում է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովը: 2015-ին չի անցկացվել, քանի որ հրավիրվել է Սենդայի համաժողովը: Այս տարի անցկացվում է հինգերորդը: Նախորդ չորս համաժողովն անցկացվել է Ժնևում, հինգերորդը՝ Մեքսիկայի Կանկուն քաղաքում:

«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովն առաջինն է Սենդայի համաժողովից հետո և Սենդայի գործողությունների ծրագրով սահմանված քայլերի, պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը դիտարկելու և անհրաժեշտության դեպքում վերանայումներ անելու առաջին և բացառիկ հնարավորություն է:

Կանկունի համաժողովին մասնակցում է ավելի քան 5000 մարդ՝ աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներում պետական կառույցների ներկայացուցիչներ և քաղաքականություն մշակողներ, փորձագետներ: «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովներում շեշտը դրվում է Սենդայի գործողությունների ծրագրի չորս գերակայության վրա.

  1. Աղետների ռիսկի գիտակցում:
  2. Աղետների ռիսկի պետական կառավարման հզորացում ի նպաստ աղետների ռիսկի կառավարման զարգացման:
  3. Ներդրում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում դիմակայունության հզորացման համար:
  4. Աղետների պատրաստվածության ամրապնդում արդյունավետ արձագանքման համար և «Անել ավելին, քան արվում է» սկզբունքի ներդրում վերականգնման, վերականգնողական և վերակառուցման բնագավառներում:

Բացի գլոբալ պլատֆորմից, 2005-ից այսկողմ ձևավորվել են նաև տարածաշրջանային պլատֆորմներ: ԱՌՆ Աֆրիկայի պլատֆորմը 2016-ի նոյեմբերին վեցերորդ համաժողովը գումարեց, Ամերիկայի պլատֆորմն այս տարվա մարտին՝ 5-րդը, Արաբական երկրներին պլատֆորմը՝ 2014-ի սեպտեմբերին՝ 2-րդը, Ասիայի պլատֆորմը՝ 2016-ի նոյեմբերին՝ 7-րդը, Եվրոպայի պլատֆորմը՝ 2016-ի նոյեմբերին՝ 7-րդը, Խաղաղօվկիանոսյան երկրների պլատֆորմը՝ 2016-ին՝ առաջինը: Վերջին պլատֆորմի կազմակերպմանն աջակցում էր նաև Եվրամիությունը: Հերթական ապացույցը, որ աղետը սահման չունի և աղետների ռիսկի կառավարումը մեկ երկրի գործ չէ, ջանքերի մեկտեղում է պետք:

Այս տարվա մարտի 26-28-ը Ստամբուլում անցկացվեց աղետների ռիսկի կառավարման Եվրոպայի պլատֆորմի առաջին բաց ֆորումը, որն «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի» յուրօրինակ նախապատրաստական միջոցառում էր: Չի բացառվում, որ նման բաց ֆորումներ կազմակերպվեն պարբերաբար:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանն ունի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ», որի նպատակը երկրում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի ձևավորմանն աջակցելն է հնարավոր բոլոր ձևերով՝ հանրային իրազեկում, վերլուծություններ և այլն:

Մեքսիկայի Կանկուն քաղաքում քննարկվում են աղետների ռիսկի կառավարման ոլորտում ավելի արդյունավետ ու կայուն ծրագրեր իրականացնելու, դիմակայուն և աղետների նկատմամբ ճկուն համայնք ունենալու հարցում բոլորի պատասխանատվությունը բարձրացնելու, աղետների ռիսկի կառավարմանը մեծ ուշադրություն դարձնելու համար որոշումներ կայացնողներին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ անելիս աղետների ռիսկը գիտակցելուն և ներառելուն նպաստող գործիքների և մեթոդաբանություն կիրառելու և այլ հարցեր: «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովը կանցկացվի 2019-ին: Մեքսիկայում՝ հինգերորդ համաժողովում կհստակեցվեն այն գործնական մեխանիզմերը, որոնցով պետք է առաջիկա երկու տարում կյանքի կոչվեն աղետների ռիսկի կառավարման ծրագրերը:

Աղետների ռիսկի նվազեցման՝ Հյոգոյի առաջին համաշխարհային համաժողովից հետո՝ վերջին 12 տարում, խնդրի կարևորության գիտակցումը գնալով աճում է: Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստայլյանդեսը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կարևոր դեր ստանձնել Կանկունում անցկացվելիք համաժողովում: Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչներն ու Եվրահանձնաժողովի պաշտոնյաները մասնակցում են համաժողովի հիմնական նիստերին և հարակից միջոցառումներին, ներկայացնում աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտում ԵՄ նախաձեռնությունները, որոնք մշակվել են «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի» տրամաբանությամբ: «Կանկունում մենք պետք է ևս մեկ անգամ արձանագրենք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում քաղաքական հանձնառությունը և ապահովենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը համաձայնեն իրականացնել գործնական քայլեր»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծրագրերի տնօրինության ներկայացուցիչ Թոմաս դե Լանոյը:

Եվրամիության մակարդակով որոշվել է աջակցել երկրներին մինչև 2020 թվականը աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություններ մշակելու հարցում: Այս ծրագրերում մեկտեղվելու է բոլորի ներուժը. պետություն, մասնավոր հատված, տեղական ՀԿ-ներ, միջազգային կառույցներ:

Հայաստանը մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» երրորդ՝ 2011-ի և չորրորդ՝ 2013-ի համաժողովներին: Մասնակցել է նաև աղետների ռիսկի նվազեցման Սենդայի համաժողովին և ինչպես ասվեց՝ մասնակցում է նաև Կանկունի հինգերորդ համաժողովին: Իհարկե, ուսանելի կլինի տեսնել այլոց արածը, սակայն մենք էլ ասելու բան ունենք, մասնավորաբար՝ աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատման, վաղ ազդարարման համակարգի զարգացման, տեղական մակարդակում ռիսկերի կառավարման՝ դիմակայուն համայնքներ ունենալու, ԱՌԿ ռազմավարության մշակման հարթություններում:

 

Հ.Գ. «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների, տարբեր երկրների արտակարգ իրավիճակների արձագանքման հաստատությունների պատասխանատուների հետ: Այդ մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: